կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 16:06
Առանց Կատեգորիա

Հաղթում եք, ինչ եք անում, շուտ արեք

Հաղթում եք, ինչ եք անում, շուտ արեք

Նախագահի թեկնածուի համար, իսկ արդեն հաղթած-պրծած թեկնածուի համար` առավել ևս, մի չգրված օրենք կա՝ որ համայնքի հետ հանդիպում ես, այն համայնքի գլխարկը դիր: Իսկ Սերժ Սարգսյանի հանդիպումն այդ օրը Էրեբունի համայնքում էր, այսինքն՝ Մհեր Սեդրակյանի մայլում: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գլխարկ էր դրել այդ օրը մեր հաղթած թեկնածուն: Մի խոսքով՝ ում ծնոտը պետք էր՝ պոկեց: Սկսեց այս ամենը ոչ մի կերպ նախագահական ընտրությունների տեղ չուտող լրագրողներից, վերջացրեց կազմաքանդիչ ծրագրեր մտմտացողներով:

 

Իսկ որ պակաս կարևոր չէր, արանքում էլ հասցրեց Րաֆֆի Հովհաննիսյանին ավանտյուրիստ ասել: Ճիշտ է, իր խիստ մրցակցային հակառակորդի անունը չտվեց, բայց հո մենք գիտենք` ով է խոստանում նախագահ ընտրվելուց հետո ճանաչաել Արցախի անկախությունն ու մի քանի օրում 300 միլիարդ բերել բյուջե:

 

Էլ ինչ երկարացնեմ, Մհեր Սեդրակյանն ուղղակի աչքներիս դեմ վերածվում էր հրեշտակի:

 

Հ.Գ. կարգով. Հարգելի' Սերժ Ազատիչ, ուզում եմ երկու խոսքով Ձեզ դիմել և իմ խորին շնորհակալությունը հայտնել այն բանի համար, որ ամեն ինչ արեցիք, որպեսզի ընտրությունները չհետաձգվեն: Հավատեցեք՝ էլ ուժ չկա` այս ամենին դիմակայելու: Դուք էլ իզուր զայրանում եք խեղճ լրագրողների վրա, թե չեն կարողանում լավ լուսաբանել: Ասում եմ՝ տեսեք, այդտեղ հաղթում եք, ինչ եք անում, հավաքվենք, գործով զբաղվենք, բավական եղավ:

 

Հա, մեկ էլ էն տղայի մասին մի մոռացեք: 23 օր է` հաց չի դրել բերանը: Ձեզ հաստատ կլսի: Աստված չանի մի բան պատահի ու, խնդրեմ, նոր անհաղթահարելի խոչընդոտը պատրաստ է: Կարելի է, իհարկե, Տարոնին խնդրել, որ նրա գերժամանակակից բուտիկը ակադեմիայի մոտից ապամոնտաժի, բայց դա հարցի լուծում չի լինի՝ հազար աչք է նայում: Գործի գնալիս հենց հարմար պահ գտնեք, իջեք մեքենայից և նրա ականջին նույնպես շշնջացեք ձեր մոգական բառերը, որոնք ուղղակի հոգեդարձեցին Հայրիկյանին:

 

Խորին ակնածանքով դեպի մեր երկրի ամեն ինչը՝ Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Համատեղության կարգով՝ թիվ 1 ընտրատարածքի 06 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ (տես Մուկուչյանի թղթերը), աշխատավարձը, նայած ընտրությունների կլասին, 130-140 հազարի կարգի

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները  կարող են չհամապատասխանել  yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: