կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-08 11:11
Առանց Կատեգորիա

Ուժի դիվանագիտություն (Power diplomacy)

Ուժի դիվանագիտություն (Power diplomacy)

Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ուժային քաղաքականության, դիվանագիտության մի շարք տեխնոլոգիաներ կամ մեթոդներ, որոնց էլ կանդրադառնանք սույն նյութում։ Թեև միջազգային հարաբերություններում ուժի դիվանագիտության մեթոդները նոր չեն կիրառություն ստացել, այդուհանդերձ, վերջին տարիներին դրանց մասնագիտական սահմանումներ տալու անհրաժեշտություն է առաջացել։ Սա թերևս պայմանավորված է նոր աշխարհակարգում առանձնացված մեթոդների տեսության զարգացման և կիրառության շրջանակների ընդլայնման իրողություններով։    

Փափուկ և կոշտ ուժի դիվանագիտություն

«Փափուկ ուժ» (Soft power) հասկացությունը սահմանել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Ջոզեֆ Նայը դեռևս նախորդ դարի 80-ականներին։ Այդ հարցերին նա մանրամասն անդրադարձել է 1990 և 2004թթ. լույս տեսած իր երկու աշխատություններում (մանրամասն տե՛ս http://www.kropfpolisci.com/exceptionalism.nye.pdfhttps://www.academia.edu/28699788/Soft_Power_the_Means_to_Success_in_World_Politics_-_Joseph_S._Nye_Jr

«Փափուկ ուժ» հասկացությունում ընդգծվում էր հոգևոր-գաղափարական, քաղաքակրթական-մշակութային արժեքների կարևորությունը։ Առանձնակի նշանակություն էր տրվում միջազգային հարաբերություններում տվյալ պետության միջազգային կշռի ու հեղինակության ամրապնդման, ազդեցության տարածման հարցերում այնպիսի գործոններին, ինչպիսիք են լեզուն, մշակույթը, կրոնը և այլն։ Ինչպես նշվեց, մասնագիտական տեսությունում ուժի դիվանագիտության հասկացությունների սահմանումները թեև մի քանի տասնամյակների պատմություն ունեն, սակայն դրանց կիրառությունը գալիս է դարերի խորքից։ Փափուկ ուժի դիվանագիտական հնարքների մասին անդրադարձներ գտնում ենք հին չինական փիլիսոփայությունում։ Որպես փափուկ ուժի դասական օրինակ` նշվում էր կանացիությունը, կանացի գրավչությունը։  

Պատահական չէ, որ մասնագիտական գրականությունում փափուկ ուժի դիվանագիտությունը ներկայացվում է նաև որպես համոզմունքների, գրավչության դիվանագիտություն՝ ստանալով «գրավիչ ուժ» (Attractive power) սահմանումը: Եվ իսկապես, փափուկ ուժը տվյալ պետության կողմից առանց բռնության կամ ճնշման, գործընկերների կամավոր մասնակցության ապահովմամբ դրված նպատակին հասնելու ունակությունն է։

Փափուկ ուժի դիվանագիտությունը մեծ ավանդույթներ ունի չինական դպրոցում։ Վերջին տարիներին Չինաստանի իշխանությունները մեծապես կարևորում են արտերկրում չինարեն լեզվի ու ազգային մշակույթի տարածման քաղաքականությունը։ Արտերկրում մեծ տարածում ունեն Կոնֆուցիոսի կենտրոնները։

Փափուկ ուժի կիրառման զգալի փորձ է կուտակել նաև Ռուսաստանը՝ իր Русский мир միջազգային նախագծով։ Վերջին տարիներին ռուսաստանյան բուհերը հատուկ կրթական ծրագրեր են ներկայացնում արտերկրից ուսանողների հոսքերի ապահովման նպատակով։ Այդ հարցում հաջողություններ են արձանագրվել հատկապես Չինաստանից ուսանողների ներգրավման ուղղությամբ։ Այսօր  չինացի ուսանողները սովորում են Ռուսաստանի շուրջ 85 քաղաքների ավելի քան 150 համալսարաններում:

Դարերի պատմություն ունի փափուկ ուժի հնդկական փորձը։ Ըստ փորձագետների` Հնդկաստանի կերպարը համեմատվում էր կանացիության հետ, որը մարմնավորում էր արևելյան և ազգային մշակույթը, հնդկական փիլիսոփայությունը, կրոնն ու Հնդկաստանի հզորությունը։ Ժամանակակից Հնդկաստանը փորձում է աշխարհին ներկայանալ տեխնոլոգիաների ու նորարարությունների բրենդով՝ այն համատեղելով հոգևոր-մշակութային ժառանգությամբ, նաև՝ կինեմատոգրաֆիայով, նորաձևությամբ և այլն։

Փափուկ ուժի դիվանագիտական հնարքների, տեխնոլոգիաների բազմազանությամբ ու դրանց կիրառության հարուստ փորձով առաջատարներից է Միացյալ Նահանգները։ Մասնագիտական գրականությունում ամերիկյան փափուկ ուժը ներկայացվում է որպես դասական դիվանագիտություն։ Առաջնակարգ նշանակություն է տրվում ամերիկյան կենսակերպին, ազատության (Liberty) գաղափարին, որը փորձում են որպես բրենդ տարածել արտերկրում։ Մեծ տեղ է հատկացվում լեզվին, կինեմատոգրաֆիային, ժամանակակից երաժշտությանը և այլն։ Քաղաքական գործընթացների առումով փափուկ ուժի տեխնոլոգիաներից են Վաշինգտոնի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում առաջ քաշած ռազմավարական մոտեցումները։ ԱՄՆ-ում այսօր փորձում են համատեղել փափուկ ուժի դիվանագիտության մշակութային բաղադրիչը նորարարություններով, գիտատեխնոլոգիական առաջընթացով ու կրթությամբ։   

Ջոզեֆ Նայի գնահատականով` փափուկ ուժը կարևոր գործոն է եղել Սառը պատերազմում ԽՍՀՄ-ի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակի հարցում։ Նա առանձնացնում է ամերիկյան կրթական կենտրոնների դերը, որտեղ ուսում են ստանում արտերկրի ուսանողները, որն ամերիկյան արժեքների վերաբերյալ դրական կերպար ու բրենդ է ձևավորում նրանց գիտակցականում։

Փորձագետներից ոմանք այն կարծիքն են առաջ քաշում, որ գունավոր հեղափոխությունները նույնպես մշակվել են փափուկ ուժի դիվանագիտության տեխնոլոգիական գործիքակազմով (ավելի մանրամասն՝ http://www.spa.msu.ru/uploads/files/publikazii/russianjls_2016_1_naumov.pdf)։ Այդ մոտեցման համաձայն` գունավոր հեղափոխությունների կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն, որպես կանոն, ուղեկցվում է ոչ բռնի ճանապարհով, ինչը «փափուկ ուժ» հասկացության գլխավոր բնութագրիչներից է։

Ամերիկացի քաղաքագետը դիտարկում է «փափուկ ուժ» հասկացությունը նաև ՆԱՏՕ-ի համատեքստում։ Ըստ նրա դիտարկման` ՆԱՏՕ-ի փափուկ ուժ ասելով` պետք է հասկանալ այն, որ Դաշինքը դուրս է գալիս զուտ ռազմական կամ պաշտպանական գործունեության սահմաններից և իր առաքելությունը կենտրոնացնում է հանրային դիվանագիտության ուղղությամբ՝ կառույցը հանրության համար գրավիչ և ընկալելի դարձնելու նպատակներով։

Փափուկ ուժի վարկանիշային` 2018թ. զեկույցում (A Global ranking of Soft power) առանձնացված 30 պետությունները գլխավորում է Մեծ Բրիտանիան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Գերմանիան։ 4-րդ հորիզանականում է Միացյալ Նահանգները։ Ըստ վարկանիշային այս զեկույցի` փափուկ ուժի համաշխարհային ազդեցության ցուցիչով` առաջատար են եվրոպական երկրները։ Մեծ Բրիտանիայի պարագայում, որպես փափուկ ուժի հիմնական գործիքներ, նշվում են մշակույթը, կինեմատոգրաֆիան, երաժշտությունը և այլն։ Որպես փափուկ ուժի կիրառման արդյունավետ օրինակ` զեկույցում առանձնացվում էր Անգլիայի Պրեմիեր լիգան (աղբյուրը՝ https://softpower30.com/wp-content/uploads/2018/07/The-Soft-Power-30-Report-2018.pdf)։ 

Ի տարբերություն փափուկ ուժի, կոշտ ուժը (Hard power) ելնում է ուժի ճնշման մեթոդաբանությունից։ Շատ հաճախ կոշտ ուժի քաղաքականությունն ուղեկցվում է  երկրի ռազմական կամ տնտեսական լծակների, պատժամիջոցների բանեցմամբ` բանկային հաշիվների, ակտիվների սառեցման միջոցով։ Հաճախ դրանք կիրառվում են միասին։ Մասնագիտական գրականությունում կոշտ ուժը սահմանվում է նաև որպես ագրեսիվ ուժ։

Խելամիտ ուժ

Դիվանագիտության կամ քաղաքականության բավական լայն լծակների հնարավորություն է ընձեռում խելամիտ ուժ (Smart power) մեթոդը: Մեթոդի վերաբերյալ մասնագիտական սահմանում կրկին գտնում ենք Ջոզեֆ Նայի քաղաքագիտական աշխատություններում։ Նայը, խելամիտ ուժ ասելով, հասկանում է կոշտ և փափուկ դիվանագիտության փոխլրացման, համատեղման քաղաքականությունը։ Խելամիտ ուժը ներառում է դիվանագիտական, քաղաքական, ուժային-ռազմական, տնտեսական, մշակութային-հոգևոր և այլ ուղղություններով լծակներն ու գործիքակազմը։

Խելամիտ ուժի մեթոդը կոնցեպտուալ կիրառություն սկսեց ունենալ Միացյալ Նահանգներում` 2000-ականներից սկսած։ Հայեցակարգի հիմնական դրույթներից մեկն այն էր, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է թուլացնել երկրի մասնակցությունը միջազգային հարաբերություններին և դա փոխհատուցել միջազգային կազմակերպությունների ու ինստիտուտների ներգրավվածության ընդլայնման հաշվին։ Հարցը կարևորվում էր հատկապես Վաշինգտոնի՝ մերձավորարևելյան ռազմարշավի համատեքստում։ Այդ մեթոդի կիրառման անհրաժեշտության դիրքերից էր ժամանակին քանիցս խոսել Հիլարի Քլինթոնը (աղբյուրը՝ https://www.cbsnews.com/news/clinton-use-smart-power-in-diplomacy/)։ Որպես առաջնահերթություն` նշվում էր միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ի՝ որպես փափուկ ուժի դերակատարման ընդլայնման անհրաժեշտության մասին։  

2006թ.  Ջ. Նայը ղեկավարում էր Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կողմից ստեղծված Խելամիտ ուժի հարցերով հանձնաժողովը (Commission on Smart Power-Center for Strategic and International Studies)։ 2007թ. նոյեմբերին հանձնաժողովը զեկույց պատրաստեց, որում վերահաստատում էր խելամիտ ուժը՝ որպես նոր աշխարհակարգում ԱՄՆ-ի առաջընթացի կամ համաշխարհային հեգեմոնիայի վերականգնման ճիշտ ուղի (աղբյուրը՝ https://www.csis.org/programs/former-programs/smart-power-initiative)։ Զեկույցը կրում էր «Ավելի խելամիտ, ավելի անվտանգ Ամերիկա» (A Smarter, More Secure America) վերնագիրը (աղբյուրը՝ https://www.csis.org/analysis/smarter-more-secure-america, https://csis-prod.s3.amazonaws.com/s3fs-public/legacy_files/files/media/csis/pubs/071106_csissmartpowerreport.pdf)։ Ուշագրավն այստեղ այն է, որ նման կոնցեպտուալ, ռազմավարական առաջարկներով հանդես են գալիս ուղեղային կենտրոնները։ Սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն, որ Միացյալ Նահանգներում ուղեղային կենտրոններն ուրույն մասնակցություն ու դեր ունեն որոշումների կայացման մեխանիզմում։  

«Ռենդ» կորպորացիայի` 2005թ. «Չափելով ազգային հզորությունը» (Measuring National Power) զեկույցում առաջարկվում էր պետության հավաքական հզորությունը գնահատել կամ հաշվարկել կոշտ և փափուկ ուժի մեթոդաբանությամբ։ Զեկույցում կարևորություն էր տրվում համաշխարհային գործընթացներում «ոչ պետական դերակատարների» (Non-state actors-NSAs) մասնակցության անհրաժեշտության հարցերին։ Առանձնացվում էին ուղեղային կենտրոնները, մասնավոր, վերազգային խոշորագույն կորպորացիաները և այլն։   

Մասնագիտական գրականությունում առանձնացվում է նաև «սուր ուժ» հասկացությունը (sharp power)։ Սուր ուժի տեխնոլոգիական հնարքները բանեցվում են արտերկրի հասարակություններին մանիպուլացնելու միջոցով՝ երկրում ներքաղաքական անկայունության ստեղծման նպատակներով։ Տեխնոլոգիաներում մեծ կարևորություն է տրվում հանրության առանձնացված շերտերում (նաև՝ խոցելի խմբերում) հոգեբանական-տեղեկատվական ներգործման, հանրության բարոյալքման, մոլորեցման հարցերին։

 Ամփոփում

Արտաքին աշխարհում պետության կերպարանավորման կամ բրենդինգի հարցերը ժամանակակից միջազգային հարաբերությունների, ազգային քաղաքականության անքակտելի բաղադրիչն են: Իհարկե, աշխարհի առաջատար, զարգացած երկրներն անհամեմատ մեծ հնարավորություններ ունեն ազգային բրենդի համաշխարհայնացման գործում։ Սակայն այդ հարցում ոչ պակաս կարողություններ կան նաև փոքր ազգ-պետությունների համար։ Դասական օրինակներից մեկը Իսրայելն է, որն աշխարհին այսօր ներկայանում է Start-up Nation բրենդով։

Կարծում ենք, որ ազգային կերպարի ստեղծման գործում Հայաստանը կարող է համատեղել իր քաղաքակրթական, հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունն ու զարգացող նորարարական-տեխնոլոգիական ներուժը։ Ի տարբերություն Իսրայելի, որն ունի քաղաքական, տնտեսական և ռազմական պոտենցիալ՝ համատեղելու փափուկ և կոշտ ուժի դիվանագիտությունը, Հայաստանը թերևս սկզբնական փուլում պետք է կենտրոնացնի իր ռեսուրսները մեծապես փափուկ ուժի տեխնոլոգիական մոտեցումների մշակման ու կիրառման ուղղությամբ։ Հայությանը շատ ավելի պատկերավոր հեռանկարներ կարող է տալ խելամիտ ուժի դիվանագիտության մշակումն ու դրա տեղայնացումը։

 

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ