Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Թեկնածություն առաջադրելը որոշ մարդկանց համար փեշակ է, որոշների համար՝ «ռասկրուտկա» լինելու տարբերակ: Արամ Հարությունյանը, օրինակ, թեեւ միշտ առաջադրվում է ու 0,001 տոկոս ձայն հավաքում, միեւնույն է, չի հրաժարվում նախագահ դառնալու գաղափարից: Նա միշտ առաջադրվում է եւ հիմնական զենք ընտրում մյուս թեկնածուների հասցեին սեւ քարոզչությունը: Արման Մելիքյանը, որ կրկին մշտապես առաջադրվում է եւ համարյա Արամ Հարությունյանի ցուցանիշներն ապահովում, եւս չի հրաժարվում առաջադրվելու մտքից: Նրանց միացել է անկախության առաջամարտիկը՝ Պարույր Հայրիկյանը: Բայց եթե վերջինս հայտնի էր ընտրողին վաղուց, վերը հիշատակված երկուսի անունները միայն ընտրությունների կապակցությամբ սկսեցին հոլովել, սակայն նրանք այդպես էլ հայտնի չդարձան, քանի որ հետընտրական շրջանում հազվադեպ են ասելիք ունենում: Արման Մելիքյանը գոնե մեկ-մեկ ասուլիսներով հանդես գալիս է, կամ որպես քաղաքագետի՝ նրա մեկնաբանություններից լրագրողներս օգտվում ենք: Իսկ Արամ Հարությունյանը հետընտրական 5 տարիներին զբաղված է լինում նախընտրական քարոզչության համար ասելիքի փնտրտուքով :Բայց քանի որ նախընտրական շրջանում էլ, որպես թեկնածուի, ուշադրություն դարձնող գրեթե չկա, միակ ուշադրության ձեւը հայտարարություններն են, թե իրեն հետեւում են, ահաբեկում, կողմնակիցներին նեղում: Սիրտն էլ շարժիչի պես աշխատում է (սա՝ հետագայի համար):
Իսկ ի՞նչ ասել մյուս՝ չգրանցված թեկնածուներին, որոնք սպառնում էին առաջադրվել եւ չգերազանցել Արամ Հարությունյանի ցուցանիշները: Մարդիկ մեկ անգամ թեկնածություն առաջադրեցին, իրենց սկսեցին համարել կատարյալ վերլուծաբաններ եւ արդեն հեղեղել են մամուլի ակումբները:
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում օրերս ասուլիս էր հրավիրել չգրանցված թեկնածու Մարտիկ Սարգսյանը, եւ որպեսզի փոքր-ինչ հետաքրքրություն առաջանար նրա անձի շուրջ, նշել էր, որ ասուլիսին մասնակցելու է նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Հմայակ Հովհաննիսյանն ասուլիսին չեկավ:
Նույն ակումբում երեկ էլ ասուլիս էր հրավիրել չգրանցված թեկնածու Հովիկ Աղազարյանը... Մյուս ակումբներում եւս չգրանցված թեկնածուների պակաս չի լինի՝ թե' մինչեւ ընտրությունները, թե' ընտրություններից հետո: Չի բացառվում, որ մի քանի տասնյակներն էլ կհայտարարեն, թե իրենք եւս ուզում էին թեկնածություն առաջադրել, բայց...
Փաստորեն, բացի «անժելասարգսյանությունից», «քիմքարդաշյանությունից», կտրուկ հայտնի դառնալու այլ տարբերակներ եւս կան՝ հասարակության աչքում ավելի ընդունելի` փորձել առաջադրվել նախագահի թեկնածու, չմուծել ընտրագրավ, բողոքել օրենքներից (արդար է գրավը, թե` ոչ՝ այլ թեմա է) ու սկսել կարիերա անել: Հետո ամեն տեղ կներկայանաս որպես նախագահի չգրանցված թեկնածու: Իսկ երբ որոշ ժամանակ անց ոմանք մոռացած կլինեն չառաջադրվելու Ձեր պատճառները, հայտարարեք, որ իշխանությունը, վախենալով ձեր՝ օր օրի աճող հեղինակությունից, անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց ձեր առջեւ: Եվ կա նաեւ մեկ այլ տարբերակ` վճարել ընտրագրավը, ակտիվ պայքարել մինչեւ թեկնածությունը հանելու թույլատրելի ժամկետը՝ գրավը չկորցնելով, եւ հրաժարվել հետագա մասնակցությունից: Իսկ թեկնածություն հանելու պատճառ միշտ էլ կլինի:
Հայտնի լինելու այլ ուղիներ եւս կան, եւ ինչո՞ւ են թեկնածուները ընտրել հենց այս ճանապարհը...
Ահարոն Համբարձումյան