կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 12:59
Քաղաքական

Որ դեպքում ցնցված չէր լինի իշխանությունը. ''Օրակարգ''

Որ դեպքում ցնցված չէր լինի իշխանությունը. ''Օրակարգ''

Նախագահական ընտրությունների քարոզչության ակտիվ փուլում ծրագրային և գաղափարական բանավեճերի փոխարեն բավական սուր բանավեճ է ծավալվում առ այն, թե արդյոք փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները առավելագույնս կարտահայտե՞ն ժողովրդի կամքը, թե՞ դրանք տխուր ավանդույթի համաձայն կկեղծվեն: Հնարավոր կեղծիքներին դիմագրավելու և ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ստեղծելու մեխանիզմների փնտրտուքով զբաղված են ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ եվրոպական համապատասխան կառույցները:

 

Հայաստանում ԵԽԽՎ նախընտրական առաքելությունը նախագահական ընտրությունների հետ կապված հունվարի 17-ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ առնվազն երկու խնդրի հետ կապված մտահոգություն է հայտնվում: Նախընտրական առաքելությունը նախ մատնանշում է, որ ընտրացուցակներում շարունակում են գոյություն ունենալ էական անճշտություններ, որոնք խոչընդոտ են պատշաճ ընտրություններ անցկացնելու համար: Երկրորդ մտահոգությունը վերաբերում է ընտրությունների նկատմամբ առկա անվստահության ու դրանց նկատմամբ հանրային հետաքրքրության պակասին, որը հիմնականում պայմանավորված է ոչ մրցակցային իրավիճակով:

 

ԵԽԽՎ նախընտրական առաքելության այս գնահատականներն ըստ երևույթին լրջորեն անհանգստացրել են գործող իշխանություններին: Դիտորդների այս գնահատականներին բավական ծավալուն նամակով արձագանքեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Իշխանությունների հասցեին եվրոպացիների հնչեցրած գնահատականներին անուղղակի պատասխան կարելի է համարել նաև հունվարի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա փորձում էր ապացուցել, որ ընտրությունները մրցակցային են:

 

Եվրոպացի դիտորդների այս մտահոգություններին ՀՀ իշխանությունների արաձագանքն ըստ էության չէր և որևէ կերպ չի փարատում ընտրությունների վերաբերյալ առկա անվստահությունը: Ի պատասխան ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ բարձրաձայնումների՝ Դավիթ Հարությունյանը իրավական տեսանկյունից հիմնավոր ապացուցում է, որ դրանք վերացնելու ուղղությամբ հստակ քայլեր են կատարվում: Մասնավորապես՝ արտագաղթի և ժողովրդագրական ցուցանիշների անկման պայմաններում անդրադառնալով ընտրողների թվաքանակի ավելացման խնդրին՝ նա նշում է. «Նախորդ երկու ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում ընտրողների թվի 157 հազարով ավելացումը՝ չնայած ժողովրդագրական ցուցանիշների անկմանը, պայմանավորված է երեք հիմնական գործոններով. 1990-1994 թթ. ժամանակահատվածում ծնվածների թիվը՝ մոտ 270 հազ., որոնք ընտրական տարիքի են հասել, մեծ է մահացածների թվից (2008-2012 թթ. մահացել է 142 հազ. մարդ), երկքաղաքացիների թիվը կտրուկ (43800-ով) աճել է, անձնագիր ունեցողներին ներկայացվել է մշտական բնակության հասցեն նշելու առավել խիստ պահանջ, ինչը նախկինում չկար»:

 

Այս բացատրությունը հասկանալի է միայն իրավիճակի դե յուրե ընկալման սահմաններում: Փաստացի իրավիճակը այս բացատրությունից որևէ կերպ չի փոխվում, քանի որ խնդիրը ոչ թե վերաբերում է ընտրողների թվի ավելացմանը, այլ իշխանությունների կողմից բացակա ընտրողների քվեների օգտագործմանը՝ ի շահ գործող իշխանության վերարտադրության: Համապետական յուրաքանչյուր ընտրության ժամանակ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ահազանգեր են հնչեցվում, որ ընտրացուցակներում առկա, բայց փաստացի բացակայող ՀՀ քաղաքացիները ակտիվորեն «մասնակցում» են քվեարկությանը և իրենց քվեն «տալիս» գործող իշխանություններին: Արտագաղթի ահագնացող տեմպերը ավելի են խորացնում այս մտահոգությունները: Քանի որ Հայաստանից արտագաղթած քաղաքացիները, որոնք գերակշիռ մասով չեն հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից, շարունակում են ընդգրկված մնալ ընտրացուցակներում:

 

Իրավական որևէ մեխանիզմ չկա այդ մարդկանց ընտրացուցակներից հանելու և քվեարկության իրավունքից զրկելու համար: Այսինքն՝ առաջանում է այսպես կոչված «վիրտուալ» ընտրողների մի բանակ, որի թվաքանակը տարբեր գնահատականներով հասնում է 500 հազարի: Համեմատության համար նշենք, որ 2008թ. ընտրություններում Սերժ Սարգսյանը ստացել էր 862 369 քվե: Իշխանությունը ներքին մեխանիզմների միջոցով հստակ տիրապետում է «վիրտուալ» և փաստացի ընտրողների թվաբանությանը: Թե ինչպես կարող է օգտագործվել հավաքագրված այդ տեղեկատվությունը, կարելի է ենթադրել:

 

Մրցակցության բացակայության պատճառով ընտրությունների նկատմամբ հանրային անտարբերությունը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածուներին ակնհայտ դրական լույսի ներքո ներկայացնելով, փորձում է ապացուցել, որ 2013թ. ընտրություններն այնքան մրցակցային են, որքան նախորդ նախագահական ընտրությունները: «Նախագահի երեք թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանը (նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր, ներկայացնում է նույն այդ ՀԱԿ խմբակցությունը), Պարույր Հայրիկյանը (նախկին խորհրդային այլախոհ, Խորհրդային Միությունում ժողովրդավարական շարժման հիմնադիրներից ու ակտիվ առաջնորդներից մեկը) և Րաֆֆի Հովհաննիսյանը (նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ) առանցքային հասարակական ու քաղաքական գործիչներ են, այնպես որ՝ այս ընտրությունները մրցակցային են, ինչպես նախորդ ընտրությունները»,– իր բաց նամակում հայտարարում է ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

 

Դավիթ Հարությունյանի փաստարկները տեղին են մակերեսային դիտարկման պարագայում: Նաև տեղին է Սերժ Սարգսյանի այն արդարացումը, որ իշխանության խնդիրը չէ մրցակիցներ աճեցնելը: Արհեստական ճանապարհով աճեցրած մրցակիցները կարող են միայն արհեստական մրցակցություն ստեղծել: Երկրի ապագայի համար պատասխանատու իշխանության խնդիրն է այնպիսի պայմանների ապահովումը, որի պարագայում բնականոն ճանապարհով կաճեն իշխանության մրցակիցները: Այս պարագայում խոսքը այնպիսի մրցակիցների մասին է, որոնք ընտրությունների միջոցով իշխանության գալու իրական հնարավորություն կուենան: Երկրում ժողովրդավարության իմիտացիան բավարար պայման չէ իշխանության մրցակիցների բնականոն աճի համար: Ներկայում իշխանությունների ջանքերով ստեղծվել է արատավոր մի շղթա, որը թույլ չի տալիս, որ մրցակցային դաշտ ձևավորվի:

 

Քաղաքականությամբ զբաղվելը, գաղափարներից, ծրագրերից և հրապարակային խոսքից բացի, պահանջում է ոչ փոքր ֆինանսական միջոցներ: Ժողովրդավարական երկրներում քաղաքական ուժերը անհրաժեշտ ֆինանսական միջոցները ստանում են հասարակությունից և գործարար շրջանակներից: Հայաստանում իշխանության համար անցանկալի քաղաքական ուժի ֆինանսավորումը գործարարների համար կարող է ճակատագրական լինել: Ամենավառ ապացույցը Խաչատուր Սուքիասյանի օրինակն է, որը ընդդիմության կողմն անցնելու պատճառով խոշոր բիզնեսներ կորցրեց: Ընդ որում՝ այս դեպքում խոսք չկար էլ քաղաքական ուժին ֆինանսավորելու մասին:

 

Սերժ Սարգսյանի հետ մրցակցելու հնարավորություն ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահական մրցավազքից թերևս դուրս եկավ իր և իր թիմի անդամների բիզնեսների անվտանգությունն ապահովելու նկատառումներով: Ընդդիմադիր ՀԱԿ-ի կողմից ընտրությունների բոյկոտի հիմնական պատճառներից մեկը անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն էր, ինչը գործող խաղի պայմաններում խոշոր և մանր բիզնեսից հնարավոր չէր հայթայթել: Այսինքն՝ Հայաստանում քաղաքականությամբ կարելի է զբաղվել այնքանով, որքանով դա չի խոչընդոտում գործող իշխանության վերարտադրությունը: Այս առումով իշխանությունը բավական լիբերալ է:

 

«Օրակարգ»