կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 15:21
Քաղաքական

Բա էլ ո՞ւմ պետք է սատարեր Բալասանյանը. Էդուարդ Շարմազանով

Բա էլ ո՞ւմ պետք է սատարեր Բալասանյանը. Էդուարդ Շարմազանով

Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Նա այս մասին արդեն պաշտոնական հայտարարություն է արել Գյումրիում:

 

«Բա էլ ո՞ւմ պետք է սատարեր պարոն Բալասանյանը: Որպես Գյումրու քաղաքապետ եւ առհասարակ` սպասելի էր, որ Սամվել Բալասանյանը պետք է սատարի Սերժ Սարգսյանին, որովհետեւ վերջին հինգ տարիների ընթացքում գործող նախագահի քաղաքականության արդյունքում թե' աղետի գոտում եւ թե' հատկապես Գյումրիում սոցիալական բնույթի բազմաթիվ լուրջ ծրագրեր են իրականացվել, որի արդյունքում թե' աշխատատեղեր են ստեղծվել եւ թե', ամենակարեւորը, հազարավոր ընտանիքներ Գյումրիում նոր բնականարաններ են ստացել: Ուստի տրամաբանական է, որ Գյումրու հասարակությունը եւ քաղաքապետը պետք է պաշտպանեն Սերժ Սարգսյանին»,Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բալասանյանի որոշմանը` հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Մեր այն դիտարկմանը, չէ որ Բալասանյանը նախ ԲՀԿ-ական է, իսկ ԲՀԿ-ի դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված այլ է, այստեղ չկա՞ կուսակցական շահերի բախում, Շարմազանովը նախ ընդգծեց, որ ԲՀԿ-ի ներքին գործերին խառնվելը կոռեկտ չէ, հետո եւս մեկ անգամ հայտարարեց, որ նման որոշումը սպասելի եւ տրամաբանական էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից:

 

Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ, ըստ էության, սա Բալասանյանի շնորհակալությունն էր Սերժ Սարգսյանին, որ նա էլ ժամանակին Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարեց իրեն:

 

«Գիտեք, քաղաքականությունն այդքան պրիմիտիվ չէ` շնորհակալություն, ոչ շնորհակալություն, դա պրիմիտիվ մեկնաբանություն է: Լավագույն շնորհակալությունը բոլորիս կլինի ազնիվ, արդյունավետ եւ քրտնաջան աշխատանքը»,- հայտարարեց Շարմազանովը: