Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը առաջարկում է բոլորին հետևել հին ճշմարտությանը՝ որոնել երևույթների արմատները: Իսկ արմատները, ըստ նրա, հետևյալն են` հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում որոշ ԶԼՄ-ների պատճառով բառամթերքի կտրուկ անկում կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարարը՝ խոսելով երեկ «Մարիոթ» հյուրանոցում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվածքի մասին, ով ակտիվիստ բնապահպաններին անվանել էր «հիվանդ»՝ նաեւ ասելով. «Ականջներդ կկտրեմ, լակո'տ»:
Ըստ Արմեն Աշոտյանի` բնապահպանության նախարարին հետևողականորեն սադրել են, միջոցառումը տապալել` վիրավորական վանկարկումներ անելով: «Օրինակ` «Դուք հանք եք ծախել»-ը վիրավորակա՞ն է, թե՞ չէ, «Դուք կաշառք եք վերցրել» վիրավորակա՞ն է, թե՞ չէ: Դուք արդարացնո՞ւմ եք այն ակտիվիստներին, որոնք վիրավորում էին կառավարության անդամաներին, նպատակային սադրում են, արդարացնո՞ւմ եք այն լրագրողներին ու կայքերին, որոնք վիրավորանքներ են տարածում: Մի ցանեք քամի, որովհետև դրա պատասխանը փոթորիկն է, չի կարելի»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` իշխանությունը գիտակցում է, որ «մենք իրար արժանի ենք», իսկ չորրորդ իշխանությունը դա չի գիտակցում: Լրագրողներից մեկի այն հարցին, որ նախարարները նաև Ազգային ժողովում, կարծես, նպատակային վիրավորում են պատգամավորներին, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ եթե անգամ այդպես է, և նախարարները ագրեսիվացել են, ապա կրկին պետք է որոնել արմատները:
«Դուք պատկանում եք մի կուսակցության, որը քառյակի անդամ է, տեսե՞լ եք նրանց բառամթերքը ինչպես է սաստկացել՝ վատ իմաստով, ինչպես են նրանք խոսում կառավարության մասին ու ինչպիսի ամբարտավանությամբ: Քննադատությունը մոռացած՝ ընկել են պիտակավորման հետևից: Մինչև ձեր աչքի փուշը չտեսնեք, մեր աչքի փուշը հանգիստ թողեք: Մենք մեր փշերի տեղը լավ գիտենք»,- ասաց Աշոտյանը: