Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թվականի հունվարի 10-ին Փարիզի քրդական կենտրոնում հայտնաբերվեցին հրազենով սպանված երեք քուրդ կանանց դիակներ: Սպանվածներն էին՝ Քրդական ազգային կոնգրեսի հիմնադիր անդամ Սաքինե Ջանսըզը, Բրյուսելում ՔԱԿ ներկայացուցիչ Ֆիդան Դողանը եւ երիտասարդ գործիչ Լեյլա Սոյլեմեզը: Քաղաքական այս սպանությունները լայն արձագանք ունեցան միջազգային լրատվամիջոցներում: Թե' ֆրանսիայում եւ թե' Ֆրանսիայից դուրս միանշանակ գնահատականն այն էր, որ ահաբեկչության ետեւում կանգնած է թուրքական պետությունը: Այս առթիվ քրդական կազմակերպությունները նախաձեռնեցին մեծ ցույցեր` Ֆրանսիայի իշխանություններց պահանջելով արագորեն բացահայտել հանցագործությունը:
Թուրքիայի քուրդ փոքրամասնության իրավունքների համար պայքարող կազմակերպությունների եւ հասարակության ներկայացուցիչների դեմ տասնամյակներ ի վեր գործադրվող հալածանքներն ու պատժամիջոցները, վերջիններիս ազգային ու մարդկային իրավունքների անտեսումն ու բռնաբարումը այն հիմքն են, որ շատերի համար պարզորոշ են դարձնում, թե ով կարող էր շահագրգռված լինել այս վերջին ահաբեկչության հարցում:
Մի՞թե նույն թուրք իշխանությունը չէ, որ հենց ներկա շրջանում հետապնդում է մի շարք քուրդ խորհրդարանականների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ հետագա քրեական հետապնդում նախաձեռնելու նպատակով:
Արդյո՞ք որոշակի վերաբերմունքի մասին չի խոսում միայն վերջին մի քանի տարվա ընթացքում, մոտ տասը հազար քուրդ քաղաքական գործիչների ձերբակալությունը, որոնց մեջ դարձյալ փոքր թիվ չեն կազմում պաշտոնյաները եւ այդ շարքում` բազմաթիվ գործող քաղաքապետեր: Վերջապես Թուրքիայի քրդաբնակ եւ լեռնային շրջաններում անցնող մի քանի ամիսներին թուրքական կանոնավոր զորքերը նոր թափով ռազմական գործողություններ են իրականացնում սեփական իրավունքները պաշտպանելու պատճառով հալածյալ դարձած ապստամբների դեմ:
Երեւույթն ավելի կոշտ գնահատականներ է պահանջում, երբ իշխանությանն անցանկալի քաղաքացիների դեմ ձեռնարկվող պետական ահաբեկչությունը արտահանվում է այլ երկրների տարածքներ: Իսկ, որ հենց նման դեպքեր արձանագրվել են ոչ մեկ անգամ, նույնպես փաստ է:
Ավելացնենք, որ իշխանությունների հովանավորությամբ այդ երկրի ներսում ձեւավորված անհանդուրժողականության, փոքրամասնությունների նկատմամբ այլատյացության մթնոլորտը արդեն իսկ ենթահող են ստեղծում նման ոճրագործ գործելակերպի համար: Հիշենք ինչպես նույն այդ մթնոլորտի զոհը դարձած Հրանտ Դինքի դեմ ժամանակին թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով խայտառակ դատավարություն իրականացրած դատավորներից մեկը 2012 թվականին նշանակվեց Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպան: Պատասխան չունի այն հարցը, թե վերջին քսան օրերին ինչ դրդապատճառով են Թուրքիայում տեղի ունեցել ազգությամբ հայ անձանց երկու սպանության դեպքերը:
Այնպես որ` եթե անգամ ընդունենք մի շարք թուրք վերլուծաբանների տեսակետը, թե վերջին սպանությունը իրականացվել է Թուրքիայի, այսպես կոչված, խորքային պետության կողմից, ապա, միեւնույն է, հիմնական մեղքը մնում է իր երկրի ներքին խնդիրները հալածանքի եւ ահաբեկչության մեթոդով լուծել փորձող իշխանությունների վրա:
Այս ամենից հետո մտահոգիչ չէ՞, արդյոք, որ սեփական ժողովրդի դեմ ներքին պատերազմ մղող պետական համակարգի հանդեպ միջազգային համապատասխան դիրքորոշում որդեգրելու փոխարեն կարելի է վերջինիս առաջ կանաչ լույս վառել՝ խաղաղարար միջնորդի անվան տակ` կոպտորեն միջամտելու համար այլ երկրների եւ, մասնավորապես, Սիրիայի ներքին գործերին: Ավելին, օրինակ «Պատրիոտ» տիպի հրթիռային համակարգեր տրամադրել, իբրեւ թե պաշտպանական նկատառումներով, երբ Թուրքիան ինքն է դարձել «Ալ Ղաիդայի» եւ նմանատիպ այլ կազմակերպությունների զինելու եւ նրանց զինյալներին Սիրիայի տարածք մուտքը ապահովելու խարիսխ:
Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ու շահագրգիռ ուժերը պետական ահաբեկչությամբ զբաղված ուժին հովանավորելու մեղադրանքից զերծ մնալու նպատակով որդեգրեն նրա նկատմամբ գործուն ու սկզբունքային մոտեցում:
Այս դեպքում, մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ թուրքական պետության ներսում մարդկային, ու ազգային իրավունքների ոտնահարման փաստերին, վերաբերմունք արտահայտել միջազգային խնդիրներում եւ հատկապես օտար հակամարտությունների մեջ միջամուխ լինելու առնչությամբ: Ֆրանսիայի իշխանությունները անհրաժեշտ ամեն ճիգ պետք է գործադրեն կատարված ահաբեկչության շուտափույթ բացահայտման ուղղությամբ: Նման երեւույթները կանխելու առումով ոչ պակաս կարեւոր է միջազգային հանրության համարժեք արձագանքը եւ զորակցությունը Թուրքիայում իր տարրական իրավունքների համար պայքարող քուրդ ժողովրդին:
Խմբագրական «ԴՐՕՇԱԿ»ի
12 հունվար 2013