Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատավոր Մուսա Հեյբեթը նշանակվել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ ակնհայտորեն մի պատճառով․ Օգոստոսին Թուրքիայում նշանակալից եւ նույնիսկ ռեզոնանսային իրադարձություն տեղի ունեցավ. դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ցամաքային ուսումնարանի շրջանավարտները երդումից հետո սրեր բարձրացրին եւ վանկարկեցին «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք» կարգախոսը, ինչպես նաեւ վերարտադրեցին նախկին երդման տեքստը, ինչը հասարակության ոչ փոքր մասի կողմից ընկալվեց որպես թուրքական բանակի լաիցիզմը պաշտպանելու առաքելության վերածննդի հայտ: «Երդվում ենք՝ հսկելու ենք աշխարհիկ, ժողովրդավար թուրքիայի հանրապետության անկախությունը, երկրի անբաժանելի միասնությունը, թուրք մեծ ազգի պատիվն ու արժանապատվւթյունը, եւ յուրաքանչյուր ոք, ով ոտնձգություն կանի մեր սրբազան հայրենիքի մի թիզի դեմ, կհանդիպի մեզ, եւ մեր սրերը միշտ կլինեն սուր ու պատրաստ։ Մենք թուրքական ապագայի զավակներն ենք։ Մենք ծնվել ենք պատվով եւ ապրելու ենք պատվով: Երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում։»
Հատուկ նշենք՝ սպայական երդման պաշտոնական տեքստում այս բառերը չկան 2016 թ-ից։ Թուրքական մամուլում «Սուսերով երդում» անվանված միջադեպը տարակարծիք արձագանք է ստացել։ Հատկանշական է՝ արարողությանը ներկա Էրդողանն այս միջադեպին բավական զգացմունքային է արձագանել (բայց դա արել է բավական երկար դադարից հետո). «Ու՞մ առջեւ եք ճոճում ձեր սրերը։ Դեպքի առնչությամբ իրականացվում են բոլոր տեսակի հետաքննություններ։ Դրանում ներգրավված մի քանի անձինք կազատվեն աշխատանքից: Կարեւոր չէ, թե քանիսն են, բայց նրանց բանակում գտնվելն անհնար է»։ Դա ասվել է ոչ թե որեւէ տեղ, այլ մահմեդական հոգեւորականների (իմամ-խատիբներ, մզկիթների վանահայրեր) Կուրուլթայի խոշոր միջոցառման ժամանակ։ T.C.CUMHURBAŞKANLIĞI : “İsrail’in devlet terörünü durduracak yegâne adım İslam ülkelerinin ittifakıdır” (tccb.gov.tr)
Ժողովրդա-հանրապետական կուսակցության ընդդիմադիրներն իրենց հերթին դժգոհություն են հայտնել սկսված հետաքննությունից: Կուսակցության ղեկավար Օզելը մամուլի աղմուկը եւ դատավարությունը պայմանավորում է քաղաքական դրդապատճառներով: Իր հերթին, ազգայնականների առաջնորդ Բահչելին հայտարարել է իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտության մասին՝ ներքաղաքական անկայունության սադրիչների որոնման ակնհայտ ակնարկով: Հիշեցնենք՝ մինչեւ 2010 բանակի ընդդիմության պարտությունը, պետության սահմանադրորեն ամրագրված աշխարհիկ բնույթը թույլ էր տալիս զինվորականներին միջամտել քաղաքականութանը, ինչը նախորդ տասնամյակների ընթացքում վերածվեց կանոնավոր ռազմական հեղաշրջումների:
Իսկ սեպտեմբերի 13-ին Աք Սարայի տերը կարեւոր որոշում կայացրեց՝ կապված ռազմական գերատեսչությունում կադրային փոփոխությունների հետ՝ համապատասխան պատրաստվածություն եւ փորձ չունեցող դատավորին նշանակելով փոխնախարար։ Մուսա Հեյբեթ, ով իշխանամետ ասոցիացիայի դատական մարմինների Yargıda Birlik (Միասնություն դատական համակարգում) հիմնադիր անդամ եւ նախկին նախագահն էր, դարձելով պաշտպանության նախարար տՅաշար Գյուլերի տեղակալ։ 2015 թ-ին ստեղծված Yargıda Birlik ընկերությունը կոչված էր ամրապնդելու Էրդողանի ազդեցությունը դատական համակարգում եւ հայտնի է իր իշխանամետ դատավորներով եւ դատախազներով:
Ըստ Nordic Monitor-ի՝ Հեյբեթը թիմի մի մասն էր, որը պատասխանատու էր ցուցակների ստեղծման համար, որոնք օգտագործվում էին պետության ղեկավարի հակառակորդներին դատական համակարգից հեռացնելու համար։ Նախկինում եղել է արդարադատության փոխնախարար, իսկ 2016 թ-ին ձախողված հեղաշրջումից հետո գլխավորել է դատարանը, որը քննում է Էրդողանի կառավրության նախաձեռնությամբ պետական ծառայության պաշտոնյաների պաշտոնանկությունների հետ կապված բողոքարկումները: Իրականում, նա վերանայել է աշխատանքից ազատված քաղաքացական ծառայողների բողոքարկումները՝ հիմնվելով այն ցուցակների վրա, որոնք նա օգնել է պատրաստել:
Գերմանիայի անդրսահմանային իրավաբանների ասոցիացիայի թուրք անդամ եւ դատախազ հասան Դուրսունը, որը 2016 թ-ին աշխատանքից ազատվելուց հետո ստիպված է եղել արտագաղթել, կարծում է՝ Հեյբեթը սովորական պետական ծառայող չէ: Էրդողանից ուղիղ հրահանգներ ստանալով՝ նա վճռորոշ դեր է խաղացել դատական համակարգի քաղաքականացման եւ կառավարության անօրինական որոշումների լեգիտիմացման գործում։ Բացի այդ, Պաշտպանության նախարարույունում Հեյբեթի նշանակումը, որը պետական խորհրդի անդամ է, դատական համակարգի վրա իշխող կուսակցության ազդեցության հստակ վկայությունն է եւ օրինակ, թե որքանով է դատական իշխանությունը մոտիվացված եւ վերահսկվում կառավարության կողմից, պնդում է Դուրսունը: Նրա խոսքով՝ Հայբեթի՝ փոխնախարարի պաշտոնի բարձրացումը մեծապես կապված էր դատական համակարգը կառավարւթյան վերահսկողությանը հանձնելու գործում նրա հաջողության հետ: Նրա նշանակման գործում կարեւոր դեր են խաղացել նաեւ Հայբեթի կապերը Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետ 2016ի հեղաշրջման փորձից առաջ եւ հետո:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այն ժամանակ կառավարության կազմակերպած «վհուկների որսի» արդյունքում աշխատանքից ազատվել էր ընդամենը 4359 դատավոր եւ դատախազ, իսկ հետագա տարիներին հարյուրավոր մարդիկ ենթարկվել էին քրեական հետաքննությունների, ինչի հետեւանքով տուժել էր ընդհանուր առմամբ 4646 մարդ։ Այսպիսով, բոլոր դատավորների եւ դատախազների մոտ 30%-ն ազատվել է իրենց պաշտոններից։ Նույն թվականին Էրդողանի կառավարությունը սկսեց լրացնել առաջացած թափուր աշխատատեղերը՝ նշանակելով 3800 նոր դատավորներ եւ դատախազներ առաջին հերթին քաղաքական լոյալության սկզբունքով, այլ ոչ թե մերիտոկրատիայի նկատառումներից ելնելով։ Նոր աշխատանքի ընդունված անձանց մոտ կեսն իրավաբաններ էին, որոնք աշխատում էին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) բաժանմունքներում, այն դեպքում, երբ մյուս նշանակվածները ստուգում էին անցել՝ համոզվելու համար, որ նրանք հավտարիմ են կառավարությանը եւ նրա կրոնական մոտիվացված գաղափարական դիրքորոշումներին:
Ակնհայտ է՝ պատահական չէ, որ Nordic Monitor-ը տեսնում է Հեյբեթի նշանակման անմիջական կապը օգոստոսի 30-ի «Սրերով երդման» հետ, որը լայնորեն մեկնաբանվում է որպես զինվորականների առնվազն մի մասի արձագանք Էրդողանի իսլամիստական քաղաքականությանը եւ դիտվում է որպես «վաղեմի գաղափարի վերածնունդ այն մասին, որ զինվորականները աշխարհիկ Թուրքիայի պաշտպաններն են»։ Հաշվի առնելով պաշտպանության նոր փոխնախարարի անցյալը եւ դատական գործընթացների վերահսկման նախկին փորձը՝ հնարավոր է, որ նա կոչված է դեր խաղալ բանակի հետագա մաքրման գործում:
Հեյբեթի նշանակման մեկ այլ հետաքրքիր կողմ է նրա նախորդի՝ Ջելալ Սամի Թյուֆեքչիի պաշտոնանկությունը։ Նա լավ կրթություն ուներ, այդ թվում՝ Գազի համալսարանի մեքենաշինության բակալավրի աստիճան, Բոստոնի հյուսիսարեւելյան համալսարանի մագիստրոսի կոչում եւ Նյու Յորքի Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա: Թյուֆեքչին իր մասնագիտական կարիերան սկսել է որպես դիզայներական ինժեներ Pitney Bowes-ում, որի կենտրոնակայանը գտնվում է Շելթոնում (Կոնեկտիկուտ), որտեղ նա ներդրում է ունեցել արտոնագրված աշխատանքներից մեկում։ Ավելի ուշ նա զբաղեցրել է Թուրքիայի պաշտպանակն արդյունաբերության վարչության տիեզերական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը՝ ղեկավարելով GÖKTÜRK-1 բարձր լուծաչափով արբանյակների արձակման ծրագրերը։ 2023 թ-ի մայիսի 28-ի համընդհանուր ընտրություններից հետո ձեւավորված նոր կառավաւթյունում պաշտպանության նախարարի տեղակալ դարձել ընդամենը 1,5 տարի առաջ։ Թյուֆեքչին, ինչպես եւ Հեյբեթը, նույնպես Էրդողանի հավատարիմ կողմնակիցն էր, եւ նրա պաշտոնկությունը կարող է պայմանավորված լինել Էրդողանին աջակցող գործարարների հետ հնարավոր կոնֆլիկտներով, ռազմական պայմանագրերով, որոնց համար դա պատասխանատու էր: Անհասկանալի է նաեւ, թե արդյոք Թյուֆեքչին կշարունակի աշխատել պետական պաշտպանական ընկերությունների տնօրենների խորհուրդներում: Մինչդեռ հայտնի է, որ Սելչուկ բայրաքթարը՝ Էրդողանի փեսան եւ բayraktar ТВ2 անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող բayrak ընկերության սեփականատերերից մեկը, երկար տարիներ զգալի ազդեցություն է ունեցել ռազմական գերատեսչությունում նշանակումների վրա: Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալների թիվը հստակ կանոնակարգված չէ, եւ այդ հարցը Էրդողանի լիակատար իրավասությունն է։
Թյուֆեքչիի պաշտոնանկությունը նույնպես հարցեր է առաջացրել ընդդիմության մոտ։ Այսպես, ազգայնական եւ նախկին զինվորական, ԺՀԿ փոխնախագահ Յանկի Բաղջիօղլուն, ով աջակցել է 2016 թ-ին բանակից հեռացումներին, այս անգամ հայտարարել է. «մեզ համար դժվար է հասկանալ Ջելալ Սամի Թյուֆեքչիի նման փոխնախարարի պաշտոնանկությունը, ով պաշտպանական նախագծերում աշխատելու փորձ ունի եւ կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, եւ նրան փոխարինել բյուրոկրատով, որը չի մասնակցել որեւէ պաշտպանական նախագծի»: Ընդ որում, ավելի վաղ ԺՀԿ-ում բողոքել էին նրա մասնակցությունից ռազմական արշավներում իսլամական հիմնադրամների մասնաճյուղեր հիմնելու վիճահարույց գործընթացին: Այսպես թե այնպես, «Սուսերով երդումը» եւ դրա հրահրած «թաքուն» գործընթացները կարող են հետագա զարգացում ստանալ՝ երկրի գործող ղեկավարության առջեւ բարդ մարտահրավերներ դնելով։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի