կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-09 16:37
Հասարակություն

Բանակ զորակոչված հիվանդ երիտասարդը տարբեր ախտորոշումներ է ունեցել

Բանակ զորակոչված հիվանդ երիտասարդը տարբեր ախտորոշումներ է ունեցել

Հիվանդ երիտասարդին բանակ զորակոչելու մասին այսօր համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ տեսանյութում զինվորի մայրը` Զարուհի Մակարյանը, հայտարարում է, որ իր երեխային զորակոչել են բանակ` առանց հաշվի առնելու, որ նա առողջական խնդիրներ ունի և ազատված է բանակից 3 տարով:

 

Գեղամ Հարությունյանն ասաց, որ զինվորի` Հայկ Զաքարյանի մայրը համապատասխան դիմում է ներկայացրել Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող հանձնաժողով, որն իր դեկտեմբերի 10-ի նիստում քննարկել է տղայի առողջական վիճակն ու ուսումնասիրել առկա փաստաթղթերը:

 

«Պարզվել է, որ տղայի առողջական վիճակի վերաբերյալ 2009թ. և 2012թ. տրված հետազոտական ակտի և ախտորոշման մեջ էական տարբերություն կա: 2009թ. ախտորոշման մեջ նշված է` ձախ սինուս կավեռնոզի կրած սինուս թրոմբոզի մնացորդային երևույթներ` աջակողմյան չափավոր արտահայտված պիրամիդալ անբավարվածությամբ: Այս ախտորոշման հիման վրա տղային տրվել է տարկետում` 3 տարի ժամկետով: Իսկ 2012թ. տրված ախտորոշման մեջ գրված է` մնացորդային երևույթներ` կրած կավեռնոզ սինուս թրոմբոզից հետո: Այսինքն` այստեղ ֆունկցիայի խանգարման աստիճան նշված չէ»,- նշեց Հարությունյանը:

 

Ըստ նրա` զորակոչիկների բժշկական փորձաքննության կարգը սահմանող ՊՆ 175 հրամանը թույլ է տալիս զորակոչել այն երիտասարդներին, որոնք չունեն ֆունկցիաների խանգարում: Հանձանժողովը, հաշվի առնելով փաստաթղթերում առկա այս տարբերությունները, նաև այն, որ տղան անցած  տարիների ընթացքում բուժում է ստացել և հնարավոր է` նրա առողջական վիճակը բարելավվել է կամ հակառակը, նիստը հետաձգում է դեկտեմբերի 13-ին` երիտասարդի մորից խնդրելով ներկայացնել նրա բուժման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

 

Ըստ Գեղամ Հարությունյանի` երիտասարդի մայրը ասել է, որ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կներկայանա նիստին, սակայն չի ներկայացել, և այդ հարցն իրենց մոտ բաց է մնացել: