կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 13:23
Առանց Կատեգորիա

Ինչի՞ն եք սպասում, պարոն Թովմասյան, որ ծնոտը պոկե՞ն...

Ինչի՞ն եք սպասում, պարոն Թովմասյան, որ ծնոտը պոկե՞ն...

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել է, որ «իրավական հիմքեր չկան»` ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատասխանատվության կանչելու։ Նախարարը լավ չգիտի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը՝ խոչընդոտել մասնագիտական գործունեությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելը եւ սպառնալը։ Ի դեպ, օրենքներից մեկն էլ սահմանում է, որ քրեական գործ կարելի է հարուցել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։ Հիմա նախարարն ասում է, որ իրավական հիմքեր չկան։ Ուրեմն` 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը կան, իրավական հիմքերը չկան։

 

Այդ դեպքում ինչի՞ համար է քրեական օրենսգիրքը։ Ի՞նչ հիմքերով եք դատում մարդասպաններին։ Ի՞նչ հիմքերով են ամբողջ աշխարհում հետապնդում եւ ձերբակալում մարդկանց, որոնք սպառնալիք են այս կամ այն երկրի ազգային անվտանգությանը։ Ի՞նչ հիմքով գոյություն ունի արդարադատությունը, եթե այն միայն կատարված հանցանքի արդարադատություն է։ Եվ այդ հայտարարությունից հետո ի՞նչ է անհրաժեշտ քրեական գործ հարուցելու համար՝ որ Մհեր Սեդրակյանն անպայման իրականությո՞ւն դարձնի իր սպառնալիքը։ Եվ, ի դեպ, ինչո՞ւ են լրագրողից ներողություն խնդրում նրա կուսակիցները, եթե պատգամավորի արածի մեջ իրավական պատասխանատվություն առաջացնող սպառնալիք չկա։ Պատգամավորը չի վիրավորել լրագրողին, պատգամավորը սպառնացել է։

 

Փոխարենը ահա, թե ինչ կասեմ նախարարին։ Ինչո՞ւ եք Դուք դատախազության փոխարեն որոշում, որ հիմքեր չկան։ Եթե հանկարծ դատախազությունը որոշեց քրեական գործ հարուցել ու գործը հասցրեց դատարան, ի՞նչ հիմքով են Մհեր Սեդրակյանին պատասխանատվության ենթարկելու դատարանները, եթե Դուք Ձեր հայտարարությամբ արդեն նրանց ազատել եք արդարադատություն իրականացնելու պատասխանատվությունից։ Եղբա'յր, թող քրեական գործը հարուցվի, գուցե սպառնալիքի ենթարկված լրագրողը գրավոր դիմում է դատախազությանը, որ փակեն այդ գործը, ինքը Մհեր Սեդրակյանից պարտք ու պահանջ չունի կամ պատրաստ է հանդիպել նրա հետ, դեռ մի բան էլ ինքը՝ լրագրողը ներողություն խնդրի։ Չէ՞ որ դա իր քմահաճույքն է՝ ինչպես վարվել սպառնալիք հնչեցրած պատգամավորի հետ։ Բայց դու՝ նախարարդ, ոչինչ չես կարող անել տեսագրության հետ, այն արդեն կա, այն շրջանառության մեջ է։ Մարդն ինքն է հայտարարում իր վտանգավորության մասին։

 

Լրագրողը, հարգելի' նախարար, Մհեր Սեդրակյանին չի ճանաչում, չգիտի, թե ինչի է ի վիճակի այդ մարդը։ Գուցե շատ սիրալիր մարդ է, գուցե այդպես խոսում է, բայց հակառակն է անում, ասենք, նոր ծնոտ է դնում լրագրողի բնական ծնոտի վրա։ Ինչպես ինքը՝ պատգամավորն է ասում՝ ասեցի, հո չարեցի։ Հիմա ես հասկանում եմ, որ Դուք՝ նախարարդ, նույնպես բառեր եք շաղ տալիս, հնարավոր է հենց վաղն էլ տեսագրության փաստով քրեական գործ հարուցվի։ Բայց Դուք արդեն ցույց եք տվել, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն կոչվող օրգանիզմը՝ անպատասխանատվության եւ անհետեւողականության հիբրիդ։ Մուտացիա` մի խոսքով։ Որովհետեւ եթե պետության 20-ամյա անկախությունից հետո հնարավոր է դեռ սպառնալիքը մաքրել քրեական մեղադրանքից, ուրեմն իր անկախությունից ի վեր այդ երկիրը «կրթվել» է միայն անպատասխանատվությամբ եւ անհետեւողականությամբ։ Հիմա ձեր հայտարարությունից հետո ի՞նչ հիմքով լրագրողը դիմի դատարան` քրեական գործ հարուցելու համար, կամ համապատասխան ծառայություններին՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Ինչի՞ն եք սպասում, պարո'ն Թովմասյան, որ ծնոտը պոկե՞ն...

 

Հրակ Մովսիսյան