կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-11 18:39
Առանց Կատեգորիա

''Երկրորդ'' ԲՀԿ

''Երկրորդ'' ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստն» կուսակցության պատվիրակության Բրյուսել այցելության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը բանականաբար նույն այդ կուսակցության մամլո ծառայության պատրաստած հայտարարությունն էր, որ անմիջապես այցից հետո հայտնվեց լրատվամիջոցներում` սառը ցնցուղ դառնալով մանավանդ նրա գլխավոր մրցակցի` Հանրապետական կուսակցության համար: Վերջինիս ներկայացուցիչներից մեկն այդ այցը որակեց «ամոթ» բառով, մյուսը «ականջներին չհավատաց», թե ԲՀԿ առաջնորդը կարող էր եվրոպական ինչ-որ պաշտոնյաների առջև այդպես արտահայտվել իր երկրի, մասնավորապես նրա քաղաքական ղեկավարության հասցեին:

 

Անշուշտ, ՀՀԿ-ի համար ամենավիրավորականն ու անհավատալին  Ծառուկյանի այն պնդումն էր, որ Հայաստանում միայն ձև են անում, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, որովհետև կոռուպցիոներներն իրենք չեն կարող պայքարել իրենց իսկ դեմ: ԲՀԿ առաջնորդի կողմից սա խիստ ուղիղ հասցեկանությամբ մեղադրանք էր նախագահ Սարգսյանին, ահա թե ինչու հայտարարությանը հաջորդեց ՀՀԿ-ական բուռն արձագանքը:

 

Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքիր: Մամլո գրասենյակի տարածած նախնական հայտարարությունից հետո, ակնհայտորեն հասկանալով, որ եվրոպական ոգևորության մեջ չափն անցել են, ԲՀԿ-ն կարճ ժամանակ անց խմբագրում է այդ հայտարարությունը, և կատարվում է մամուլի պատմության մեջ թերևս աննախադեպ մի բան. նույն կառույցի մամուլի ծառայությունը նույն իրադարձության վերաբերյալ հրապարակում է նոր պաշտոնական տեքստ-հայտարարություն, որից ջնջված են բոլոր անցանկալի հղումներն ու տեղերը: Նորովի խմբագրված հայտարարության մեջ Գ. Ծառուկյանը մեր երկրի ղեկավարության վարկն ու հեղինակությունը վնասող ոչ մի բառ այլևս չի ասում, համենայն դեպս` այդպես ներկայացվում է:

 

ԲՀԿ-ական քարոզչամեքենայի այս յուրօրինակ «կրուտիտներն», իհարկե, բարոյական չեն, իհարկե գեղեցիկ չէ, երբ ասված ամենահրատապ խոսքից հրաժարվում է մի կուսակցության առաջնորդ, որն իրեն այլընտրանք է հռչակել, իսկ իր խոսքըՙ գործ, սակայն մեր բուն ասելիքն այդ չէ:

 

Որ ԲՀԿ-ականները փոշմանել են առաջին հայտարարության մեջ տեղ գտած մի քանի էական գնահատականների համար և հիմա փորձում են լղոզելովՙ իրավիճակ փրկել, անզեն աչքով էլ տեսանելի է, սակայն, կարծում ենք, մամլո հաղորդագրության այս խմբագրումով ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, լուծում է ոչ թե իրավիճակ փրկելու, այլ բոլորովին ուրիշ` շատ ավելի կարևոր խնդիր: Գոնե տողերիս հեղինակի համար միանգամայն հնարավոր է թվում այն միտքը, որ հայտարարության խմբագրումով ԲՀԿ-ն յուրօրինակ հաղորդագրություն-մեսիջ է ուղարկել ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին` վերջիններիս վստահեցնելով, որ ցանկացած լարված իրադրության մեջ, երբ առճակատումը անխուսափելի կդառնա, ԲՀԿ-ն միշտ պատրաստ կլինի «խմբագրել» իր վարքն ու կեցվածքը և  հանդես գալ երկրորդ անգամ:

 

Կարծում ենք նաև, որ ՀՀԿ-ում շատ արագ հասկացել են ԲՀԿ-ի մեսիջը, հետևաբար այսուհետ կհավատան ԲՀԿ-ի միայն «երկրորդ» հայտնությանը:

 

Լևոն Սարգսյան