կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-10 12:21
Հասարակություն

ԲՀԿ-ի ''ամոթները''

ԲՀԿ-ի ''ամոթները''

 ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի` Բրյուսել կատարած այցի վերաբերյալ կուսակցության մամլո հաղորդագրությանը, վերջինս համարել է ամոթալի: «Նման բովանդակությամբ հաղորդագրությունը ես որակում եմ ամոթ, ուղղակի ամոթ է նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածելն ու դրա առկայությունը»,- ասել է ՀՀԿ-ական գործիչը և իրար հետևից թվարկել ԲՀԿ-ի «ամոթները»: Դրանք բավականաչափ հետաքրքիր են, սակայն ոչ թե իրականությանը համապատասխանելու առումով, ինչը որոշելու իրավունք ու իրավասություն մենք, բնականաբար, չունենք, այլ այն, թե նույն այդ «ամոթները» որքանով կարող էին լինել հենց իրենը` ամոթանք տվողինը, ավելի ստույգ` այն քաղաքական ուժինը, որին նա ներկայացնում է:

 

Ահավասիկ, «ամոթ» առաջին. «…Մենք չենք ասում, չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ին համարում են արհեստական ուժ»: Ուրեմն` ԲՀԿ-ն  արհեստական ուժ է:  Նկատենք, որ արհեստական այդ ուժի հետ ՀՀԿ-ն շատ երկար համագործակցել է` անտարակույս, ոչ «արհեստական» նպատակներով: Հիմա էլ երազում է համագործակցել, եթե «արհեստականը»  կամենա: ԲՀԿ-ի արհեստականության «ամոթը» միանգամից ծնում է հարցը` իսկ ինչո՞վ է «բնական» ՀՀԿ-ն ինքը, եթե երկուսին էլ բնորոշ են նույն առաջնորդապաշտությունը, նույն ստրկամտությունը, պատեհապաշտների նույն հսկա բանակով համալրված լինելը: Եվ եթե ԲՀԿ-ին ժամանակին ասպարեզ է բերել նրա առաջնորդի անբացատրելի խարիզման ու ժողովրդականությունը, մի՞թե նույնը չի եղել ՀՀԿ-ի պարագայում, երբ մի «զապոյի» մեջ տեղավորվող կուսակցությանը հանգամանքների ստիպումով տիրացավ Վազգեն Սարգսյանը: Որտե՞ղ է տարբերությունը: 

 

«Ամոթ» երկրորդ. «…Մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ»: Անկասկած, շատ մեծ «ամոթ» է, միայն թե դեռ պետք է պարզել, թե այդ ինչ «եվրոպացի պատգամավորներ» են, որ խոսել են ԲՀԿ առաջնորդի` ամոթալի լինելու չափ թույլ գիտելիքներից, և ինչ աղբյուրներից է դրանց մասին տեղեկացել ՀՀԿ մամուլի խոսնակը: Չմոռանանք, որ  «եվրոպացի պատգամավոր» է նաւ Հունգարիայի վարչապետը, որ նաւ ՀՀԿ-ի հպարտություն ԵԺԿ-ի փոխնախագահն է: Հենց միայն այս «եվրոպացու» հիշատակությունն արդյո՞ք ամոթալի չի դարձնում եվրոպացիներին վկայակոչելու ՀՀԿ-ականի դիրքորոշումը` փաստելով, որ ամոթը, այնուամենայնիվ, քաղաքագիտական հասկացություն չէ, այլ բարոյական:

 

«Ամոթ» երրորդ. «…Մենք չենք ասում, չէ՞, որ ըստ մեր եվրոպացի գործընկերների` ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա»: Կարծում ենք` սա «ամոթներից» գլխավորն է, քանի որ ամոթանք տվողն ակամա փաստում է, որ ինքն այդ ամոթն իր ճակատին որպես խարան չի կրում: Այսինքն` ՀՀԿ-ն աչքի է ընկնում ներքին ժողովրդավարությամբ, ինչն իր հերթին նշանակում է, որ այս կուսակցության ներսում կարծիքների ու տեսակետների երջանիկ ազատություն է, այնտեղ չի թագավորում մեկ անձի կամքն ու հրամանը, իսկ Շարմազանովը հարկ եղած դեպքում ազատ բանավիճում է ոչ միայն Կարեն Ավագյանի, Արմեն Աշոտյանի, այլև  Սերժ Սարգսյանի հետ, և եթե ճշմարիտ է լինում, ապա  հաղթում է իր տեսակետը: Հետաքրքիր է` կգտնվի՞ գեթ մեկը, որ հավատա սրան, հավատա ՀՀԿ ներքին «ժողովրդավարությանը», երբ այնտեղ բացարձակ անդիմությամբ որոշումներ են կայացվում, որոնք §միաձայն¦ ընդունվելու իրենց հատկությամբ գերազանցում են նույնիսկ կոմունիստներին:

 

Եվ, վերջապես, «ամոթ» չորրորդ. «…Մենք չենք ասում, չէ՞, որ որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են համարել ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումները»: Խոստովանենք` շատ տարօրինակ «ամոթ» է` նախ այս տեղեկատվությանը ՀՀԿ-ական գործչի դարձյալ կատարյալ իրազեկության առումով, ապա նաև որևէ պաշտոնյայի հետ ձախողված հանդիպումն անվերապահ կերպով «ամոթ» համարելու տեսանկյունից: Այդպես դատելու դեպքում նույն ՀՀԿ ղեկավարի վրա կարելի է հազար ու մի «ամոթ» բարդել, ասենք` ժամանակ առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինի` Հայաստան նախատեսված, բայց չկայացած այցը բազմաթիվ նման դեպքեր:

 

ՀՀԿ մամուլի խոսնակի արձագանքում էլի մի քանի «ամոթներ» կան, որոնց, սակայն, չարժե անդրադառնալ, որովհետև… ամոթ է:

 

Լևոն Սարգսյան