կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-01-24 16:49
Հասարակություն

Այ քեզ բան

Այ քեզ բան

Ընդամենը 2 տարի առաջ կառավարությունը կազմակերպեց իր հերթական «աշխարհացունց»` Ջերմուկը տարածաշրջանային, ինչու ոչ, նաեւ համաշխարհային զբոսաշրջության կենտրոնի վերածելու ծրագրի շնորհանդեսը։

 

Ջերմուկ եւ Կեչուտ համայնքներում 2010 թվականին անցկացված հարցումների ժամանակ ջերմուկցիները եւ կեչուտցիները իրենց համայնքներից աղբահանության հետ կապված ոչ մի խնդիր չեն նշել:

 

«Աղբահանությունն իրականացվում է պատշաճ մկարդակով»,- ասել են նրանք:

 

Yerkir.am-ը պարզել է, որ այս բնակավայրերի աղբավայրը ստեղծվել է 10 տարի առաջ` Դալի ձորով հոսող Դալի գետակի ափամերձ տարածքում։ Հարկ է նշել, որ աղբավայրի կողքով հոսող ջրերը լցվում են Կեչուտի ջրամբարը:

 

Ջերմուկ քաղաքի ճարտարապետ Արսեն Գառնիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընդամենը մեկ քաղաքային աղբավայր է գործում, որի տարածքը 0,5 հա է, իսկ հեռավորությունը Ջերմուկից` 3 կմ, Կեչուտից` 2 կմ, ջրամբարից` 3 կմ:

 

Yerkir.am-ը Ջերմուկի քաղաքապետարանին տեղեկացնում է, որ համայնքային աղբավայրը գտնվում է ծովի մակերեւույթից 2020-2050 մետր բարձրության վրա, նրա տարածքը բաղկացած է երկու տեղամասից, որոնք զբաղեցնում են մոտ 1,8 հա տարածք: Google Earth ծրագրով` աղբավայրը գտնվում է Ջերմուկից 1,5 կմ հեռավորության վրա, հյուրանոցային գոտուց` 3 կմ, Կեչուտի ջրամբարից` 1,8 կմ, իսկ Կեչուտ բնակավայրից` 1,3 կմ հեռավորության վրա:

 

Մեր ունեցած տվյալների համաձայն` համայնքային աղբավայրում ներկա պահին կուտակված են 40 հազար խմ կոշտ կենցաղային թափոններ: Կեչուտի ջրամբարը, որից սկիզբ է առնում Արփա-Սեւան ջրատարը, սկսած 2004 թվականից Որոտան-Արփա ջրատարով Որոտանի ջրերի մի մասն ընդունելով, այնուհետեւ այստեղից Արփա-Սեւան թունելով ջրեր է մղում Սեւան` լճի մակարդակը բարձրացնելու նպատակով:

 

«Արփա-Սեւան» թունելի շահագործման վարչության պետ Վանիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Մի քանի տարի առաջ այդ աղբավայրի հետ կապված խոսակցություններ եղան, եւ քաղաքային իշխանությունները պահպանիչ բետոնապատ կառուցեցին»:

 

Մեր ուսումնասիրությունների համաձայն, ինչպես նաեւ կատարված լուսանկարներում պաշտպանիչ պատ հիշեցնող որևէ կառույց գոյություն չունի, իսկ բնապահպանները եւ հիդրոերկրաբանները հավաստիացնում են, որ օրերից մի օր, տեղումների մեծ քանակի դեպքում, աղբավայրում կուտակված նյութերը թեքությունով կարող են իջնել դեպի Դալի գետ` թունավորելով ոչ միայն այդ գետակի, այլև Կեչուտի ջրամբարի ու Սևանի ջրերը։

 

«Ես հավաստիացնում եմ, որ Կեչուտի ջրամբարի ջրերը մաքուր են: Ես այսպես եմ ասում, քանի որ հավատարմագրային կառավարիչը օդերեւութաբանական կայանի հետ հաճախակի է չափումներ կատարում, եւ մինչ օրս նման խնդիր չի եղել: Եկեք չմոռանանք, որ այսօր ամենից համեղ կողակը աճում է Կեչուտում»,- ասաց Վանիկ Մկրտչյանը:

 

Գուցե այս հավաստիացումը իրական է այսօր, բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե վաղն ինչ կլինի` մանավանդ նկատի ունենալով առկա իրավիճակը։

 

Yerkir.am-ի հավաստի տվյալներով` այդ հատվածներից նմուշառված ջրերը նաեւ ուսումնասիրվել են միջազգային լաբորատորիաներում:

 

Դրան կանդրադառնանք հետագայում:

 

Գալուստ Նանյան