Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ հաջորդ քառօրյայում 2012թ. պետական բյուջեի նախագիծը կդրվի քննարկման եւ հաստատ կընդունվի: Սակայն դրա՝ բյուջեի հետ կապված ամենաառանցքային հարցը՝ ի վերջո, իրատեսակա՞ն է, արդյոք, նախագծով նախատեսվող մոտ 101 մլրդ դրամով հարկային մուտքերն ավելացնելու կառավարության նախանշումը, մնում է անորոշ:
Երբ ֆինանսների նախրարությունը բյուջեի նախագիծը սեպտեմբերին ներկայացրեց կառավարության քննարկմանը, պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարեց. «Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն»: Ավելին, նա պնդեց բյուջեին կից ներկայացնել նաև վերջինիս եկամտային մասի բացատրությունը` ըստ տնտեսության ճյուղերի զարգացման կանխատեսումների:
Փաստորեն, այն գերատեսչության ղեկավարը, որը պատասխանատու է բյուջեի ներքին մուքերի համար, ոչ միայն նման չափով ավելացումը համարեց անիրատեսական, այլև պարզորոշ հասկացրեց, որ իր համար տեսանելի չեն այն ռեսուրսները, որտեղից կարելի է պոկել նախատեսված այդ գումարները: Խաչատրյանը դրանից հետո առնվազն երկու-երեք անգամ կրկնել է իր պնդումը, ինչը նշանակում է, որ կառավարության բերած հիմնավորումները համոզիչ չեն:
Եվ չնայած դրան` վարչապետը հենց սկզբից հասկացրեց, որ նշաձողն արդեն սահմանված է: Թերևս ավելի համոզիչ լինելու համար կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի նախագծին կից խորհրդարան ուղարկեց նաև հարկային օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որոնք կոչված են մի կողմից ընդլայնել հարկման բազան, մյուս կողմից` բարձրացնել վարչարարության արդյունավետությունը: Հարկային փոփոխությունների արդյունքը մոտ 45 մլրդ դրամ էր գնահատվում, սակայն հետագա քննարկումների արդյունքում, ի վերջո, այն նվազեցվեց մինչև 14 մլրդ:
Ակնհայտ է, որ այս միջոցները չեն գերազանցում նախատեսվող հավելյալ մուտքերի անգամ 15 տոկոսը, ինչը ցույց է տալիս, որ հավաքագրման հետ կապված ռիսկեր իսկապես գոյություն ունեն: Խնդիրն այն չէ, որ նման միջոցներ առհասարակ չկան, կամ կառավարությունն ինչ-որ ֆանտաստիկ ցուցանիշ է սահմանել իր համար:
ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը համոզված է, որ կառավարությունը մոտ 250 մլրդ դրամի հավելյալ գումար կարող է մուտքագրել բյուջե, եթե քաղաքական կամք ցուցաբերվի ստվերային տնտեսության զգալի կրճատման ուղղությամբ: Ըստ նրա, կառավարությունը հստակ չի երաշխավորում, որ հարկային բեռը չի ծանրանալու մանր ու միջին բիզնեսի վրա: Սակայն հարցը որքան տնտեսական, նույնքան էլ քաղաքական ենթատեքստ ունի:
Հարկային, ֆինանսաբյուջետային քաղաքականությունն իրականացնող երկու առանցքային պետական գերատեսչությունները` ֆինանսների նախարարությունը, ինչպես նաեւ վարչապետը, մյուս կողմից՝ պետեկամուտների կոմիտեն, տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունեն կառավարության` դրված պլանը կատարելու հարցում: Այս երկակիությունն ինքնին ռիսկային է բյուջեի կատարման համար:
Սակայն տարօրինակ կերպով հարցը վերջնական լուծում չի ստանում: Եթե պետեկամուտների կոմիտեի նախագահն իսկապես համոզված է հավելյալ մուտքներն ապահովելու անհնարինության մեջ, ապա պետք է հրաժարական ներկայացներ` խնդրի կատարումը վեր համարելով իր ուժերից: Հակառակ դեպքում կառավարությունը պետք է վերանայեր ցուցանիշները և այն ավելի իրատեսական դարձներ: Մինչդեռ բյուջեի ընդունման նախօրեին ոչ մեկն է արվում, ոչ էլ մյուսը: Այնպիսի տպավորություն է, որ այս չափազանց կարևոր խնդիրը վարչապետի և պետեկամուտների կոմիտեի նախագահի միջև դիրքային պայքարի գործիք է դարձել, և նրանք պարզապես փորձում են իրար ու նաև նախագահին ինչ-որ բաներ ապացուցել:
Վարչապետը փորձում է ցույց տալ, որ Խաչատրյանը ունակ չէ իրական պայքար մղելու ստվերային տնտեսության դեմ: Իր հերթին, Խաչատրյանը զուսպ, բայց հետևողական կերպով այն միտքն է զարգացնում, որ վարչապետն իր հնարավորություններից դուրս, իր ուժերից վեր գործեր է բռնել, որոնք որևէ արդյունք չեն տալու, և պարզապես 2012-ի ընտրական տարում քաղաքական դիվիդենտներ շահելու խնդիր է լուծում: Իսկ նախագահը, որն ընդամենը տասը օր առաջ իսկական կադրային փոթորիկ էր սկսել, բացարձակ անուշադրության է մատնում այս ներքին պայքարը` գուցե փորձելով հասկանալ, թե կողմերից որն է ավելի ադեկվատ իրավիճակին: Հարցն այն է, թե դիտորդի այս վիճակը ինչ է արժենալու երկրին, հայրենի տնտեսությանն ու հանրությանը արդեն հաջորդ տարի:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ