|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում արդեն երկու տարի գործունեություն ծավալող «Օրանժ Արմենիա» ընկերությունը ներկայումս ունի լայնաշերտ շարժական ինտերնետի 70 հազար բաժանորդ: Այն, որ ընկերությունը կարճ ժամանակամիջոցում հասցրել է ներգրավել այսքան բաժանորդներ, թերևս միայն հաջողված PR-ի հետևանք է, և ոչ ավելին:
Ինտերնետ ծառայությունների շուկայում նրան ոչ միայն չհաջողվեց նարնջագույն հեղափոխություն իրականացնել, ալև կարճ ժամանակ անց` ինտերնետ-հանրությունն ապրեց հերթական հիասթափությունը: Համենայնդեպս, մինչ այս պահը «Օրանժին» չի հաջողվել մատուցել ինտերնետ ծառայության մի փաթեթ, որը գնի և որակի համադրության առումով լինի գոնե փոքր-ինչ ավելի հաջողված, քան առաջարկում են շուկայում գործունեություն ծավալող մյուս օպերատորները:
Ահավասիկ, «Ինտերնետ հիմա» փաթեթը, որն ունի չորս սակագնային պլան: Ամենամատչելի սակագնային պլանով, արժեքը` 6000 դրամ, առաջարկվում է 2 Գբ ծավալով գերարագ ինտերնետ, որի սպառումից հետո բաժանորդին տրվում է` 256կբ/վ. ներբեռնման և 128կբ/վ. վերբեռնման հնարավորությամբ անսահմանափակ ինտերնետ: Թվում է` բավական հաջողված սակագնային փաթեթ է` հաշվի առնելով մեր հասարակության մի ստվար հատվածի հնարավորությունները: Ընկերության կողմից առաջարկվող 2 Գբ գերարագ ինտերնետն էլ, ոչ մեծ ծանրաբեռնվածության դեպքում այդքան քիչ չէ: Վերջինիս սպառվելու դեպքում տվյալների փոխանցման 256կբ/վ. արագությունը նույնպես չպետք է վատ կապ ապահովի:
Սակայն այն, ինչ տրամադրվում է իրականում, ոչ մի կապ չունի առաջարկվող ծառայության հետ: Այսպես կոչված` գերարագ կապ, որպես այդպիսին, բաժանորդը երբեք չի ստանում: Ինչ վերաբերում է սովորական ինտերնետին, ապա այն ոչ թե ինտերնետ է, այլ մի մեծ գլխացավանք, որն ընկերությունը մեկ տարվա պայմանագրով փաթաթում է հաճախորդի վզին: Նկատենք, որ ընկերության հետ պայմանագիր կնքելու դեպքում բաժանորդին հնարավորություն է տրվում մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանալ առաջարկվող ծառայության որակին, որից հետո, չբավարարելու դեպքում, կարելի է պայմանագիրը դադարեցնել:
Իհարկե, մեկ շաբաթվա ընթացքում օգտագործվելիք ինտերնետի ծավալը «լիմիտավորված» է, որպեսզի պոտենցիալ հաճախորդը նախ` ինտերնետից չօգտվի ավելին, քան իր մուծած կանխավճարն է և ապա, ամենակարևորը, չհասնի ոչ գերարագ ինտերնետի հետ «ծանոթությանը»: Այսինքն, այս ժամանակամիջոցում պոտենցիալ հաճախորդին տրամադրվում է բավական որակյալ կապ, ինչից ոգևորված էլ վերջինս ընկնում է պայմանագրով ամրագրված պարտավորությունների թակարդը:
Ընկերությունը, որն իր կողմից անվճար տրամադրում է USB մոդեմ, բաժանորդին պարտավորեցնում է իր ծառայությունից օգտվել 12 ամսից ոչ պակաս: Հակառակ դեպքում նրանից գանձվում է մոդեմի ողջ արժեքը: Նկատենք, որ վերոնշյալ փաթեթի դեպքում տրամադրվող մոդեմն արժե 24 հազար դրամ: Ստացվում է, որ 6 հազար դրամանոց սակագնային պլանից օգտվող բաժանորդը, ենթադրենք 10-րդ ամսում պայմանագիրը դադարեցնելու դեպքում մուծած ամսավճարներից զատ` պետք է վճարի ևս 24 հազար դրամ: Սա ինչ է, եթե ոչ հաճախորդի նկատմամբ բացարձակ խաբեություն: Իսկ որ հազարավոր բաժանորդներ հաստատ կցանկանան անորակ ծառայության պատճառով դադարեցնել պայմանագրի գործողության ժամկետը, կասկածից վեր է: Մինչդեռ ծառայություն մատուցողին փորձել ապացուցել, որ նա չի ապահովում պայմանագրով ամրագրված իր պարտավորությունները, անիմաստ քաշքշոց է. միևնույն է, ոչնչի չես հասնի:
Փաստորեն, հեռահաղորդակցության միջազգային շուկայում բավականաչափ հեղինակավոր «Ֆրանս Տելեկոմ» խմբի անդամ «Օրանժ Արմենիա» ընկերության ֆրանսիացի ղեկավարները ևս շատ արագ յուրացրին հայկական մենթալիտետը: Նրանց գործելաոճն այսօր չի տարբերվում Բանգլադեշի շուկայում կոշիկ վաճառողի մտածելակերպից` գնել պրծել ես… Ու այդպես, մինչև կհայտնվեն նոր հաճախորդներ:
Ահա քեզ եվրոպական չափանիշներ, ահա քեզ մարքեթինգի և մենեջմենթի նորագույն մեթոդներ: Մինչդեռ անվճար կամ 1 դրամով մոդեմի գաղափարն, ինքնին վատ չէ: 12 ամիս նյարդերը քայքայելուց հետո մոդեմը մնում է հաճախորդին: Թե ինչ պետք է անի հաճախորդն այդ մոդեմն առանց ինտերնետի, պարզ չէ: Իսկ «Օրանժի»` նրան «նվիրած» մոդեմից օգտվելու միայն մեկ ձև կա. նորից դառնալ վերջինիս բաժանորդը` այս անգամ բախտը փորձելով ավելի թանկ սակագնային պլանի ձեռքբերման մեջ: Ի դեպ, ընկերությունում բաժանորդի դժգոհությանն ի պատասխան, շատ մեղմ բացատրում են, որ նա կարող է օգտվել ավելի թանկ սակագնային պլանից, ասենք, 12 կամ 16 հազար դրամ արժողությամբ: Այնպես չէ, որ ընկերությունը հաճախորդին այլընտրանքի հնարավորություն չի թողնում: Չէ՞ որ «Օրանժը» Հայաստան է եկել հեռահաղորդակցության շուկայում նարնջագույն հեղափոխության դրոշով:
Հ.Գ. Իրականում, մեր կարծիքով, հաճախորդի հետ կարելի է և պետք է ավելի ազնիվ լինել, եթե նույնիսկ այնպիսի երկրում ես, որտեղ ոչ ոք ձեռքդ չի բռնում:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ