կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-08 10:48
Առանց Կատեգորիա

Սանձափոկ՝ Թուրքիայի համար

Սանձափոկ՝ Թուրքիայի համար

Անցած շաբաթավերջին արեւմտյան հանրության ներկայացուցիչները շրջանառության մեջ դրեցին Թուրքիայի՝ Հարավային Կովկասում կարեւոր դերակատար լինելու թեման, նշելով, թե նա ի զորու է դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղյան կարգավորման մեջ:

 

Սկզբում ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարեց, թե Թուրքիան պետք է իրական մասնակցություն ունենա հակամարտության կարգավորմանը (ոչ թե ֆորմալ դերակատարություն բանակցություններում)՝ միաժամանակ նշելով նաեւ, որ հարցի լուծման համար «ինչ-որ բան պակասում է», եւ որ կարգավորումը ԵԱՀԿի մենաշնորհը չէ: Այնուհետեւ էստաֆետը վերցրեց Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը՝ հայտարարելով, թե Թուրքիան հետաքրքիր առաջարկներ ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, սակայն նա կդժվարնա առաջ քաշել իր գաղափարները, քանի որ խնդիրներ ունի Հայաստանի հետ՝ սահմանի բացման պատճառով:

 

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը չի բացառում, որ 2012թ. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նախաձեռնությունը կանցնի Վաշինգտոնի ձեռքը: Նրա վերլուծաբանները համարում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի նախաձեռնությամբ, եւ որ այդ հանդիպման ձախողման դեպքում Բաքուն լրջորեն կմտածի հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու մասին. «Հայտնի է, որ վերջերս Թուրքիա կատարած իր այցի ընթացքում նախագահ Ալիեւը այդ հարցը քննարկել է վարչապետ Էրդողանի հետ: Այդ պատճառով 2012 թվականը վճռորոշ կլինի ամբողջ տարածաշրջանի համար»:

 

Ակնհայտ է, որ նման արտահայտությունների հեղիակները քաջատեղյակ են ԼՂ հարցում Անկարայի բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումից, ինչը անհնարին է դարձնում նրա մասնակցությունը կարգավորման գործընթացին: Եվ նրանց հայտարարությունները պետք է դիտարկել բացառապես Հարավային Կովկասում ազդեցության համար սրված աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում:

 

Վերջերս Իզմիրում ստորագրված ադրբեջանա-թուրքական գազային համաձայնագրերը կարող են խաչ քաշել Ռուսաստանի՝ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ գազային հոսքերը կառավարելու եւ հսկայական եվրասիական տարածքում աշխարհաքաղաքական բնույթի պայմաններ թելադրելու հույսերի վրա: Իսկ ԱՄՆ-ին ու Եվրոպային հետաքրքրում է էներգաանվտանգության ապահովման հարցը, ինչը երաշխավորում է Արեւմուտքի աշխարհաքաղաքական անկախությունը Ռուսաստանից: Արեւմուտքի այս շահերի իրականացումը պահանջում է եթե ոչ հարաբերությունների բնականոնացում Երեւանի ու Անկարայի միջեւ, ապա գոնե հայթուրքական սահմանի եւ հաղորդակցությունների ապաշրջափակում:

 

Ստորագրելով պայմանագիրը՝ Անկարան ու Բաքուն միացան ԵՄին՝ ճնշում գործադրելով ռուսական «Գազպրոմի» վրա: Կարող է թվալ, թե Արեւմուտքը շահագրգիռ է տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ուժեղացմամբ: Սակայն կարծում ենք, նա պարզապես ցանկանում է զսպել արդեն չափից դուրս ինքնուրույնություն ցուցաբերող Անկարային եւ նրան ետ պահել Ռուսաստանի հետ հնարավոր մերձեցումից, ինչպես նաեւ թույլ չտալ Եվրասիական կայսրության ստեղծումը, որի գաղափարը վերջերս հնչեցրեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

 

Ի՞նչ կապ ունի այստեղ Արցախը, եւ ինչ «հետաքրքիր առաջարկներ» կարող է ներկայացնել Անկարան: 1990-ականներին, երբ սուր պայքար էր գնում Բաքու-Ջեյհան նավթամուղի համար, Հայաստանին փորձում էին ներքաշել այդ նախագծի մեջ՝ խողովակաշարը Ադրբեջանից Հայաստանի տարածքով անցկացնելու միջոցով՝ դրա դիմաց ԼՂ հարցում զիջումներ կորզելու գնով… Չի բացառվում, որ նման մի բան էլ հիմա է նախատեսվում: Չպետք է մոռանալ Իրանի բազմաշերտ գործոնի մասին, որն ունի գազի հսկայական պաշարներ: Եվ, ինչպես գրում են փորձագետները, որպեսզի գործի նոր թուրքադրբեջանական նախագիծը, Բաքուն պետք է վստահ լինի, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը «սառեցված» է:

 

Ամեն դեպքում, բոլոր այս աշխարհաքաղաքական նախագծերը «սառեցնում» են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Իզուր չէ, որ նույն այդ Լամբերտո Զանիերն ընդգծել էր, որ ԵԱՀԿ-ի առաքելությունն է թույլ չտալ հակամարտության սրում. «Եթե մենք չենք կարողանում լուծել հակամարտությունը, ապա պետք է խոչընդոտենք դրա խորացմանը»:

 

Իսկ Սաբինա Ֆրեյզերը, հայտնելով, թե կապված ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում առաջիկա ընտրությունների հետ, գալիք երկու տարում չպետք է առաջընթաց ակնկալել ԼՂ հարցում, իր սովորության համաձայն, չվախեցրեց նոր պատերազմով: Այլ հարց է, թե այդ ժամանակահատվածն ինչպես կօգտագործեն ու կտնօրինեն հայկական կողմերը:

 

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ