Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ վերջին հանրահավաքում, ինչպես արդեն գիտենք, Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց սահուն անցում կատարել մի մարտավարությունից մյուսը, ինչն ամենատարբեր գնահատականների արժանացավ մամուլում: Գերակշռողն, իհարկե, այն տեսակետն էր, թե ՀԱԿ-ը մեռավ:
Մենք հասկանում ենք այդ տեսակետի կողմնակիցներին, եւ բնական էլ է, որ այդպես պիտի ասեին այն քաղաքական ուժի մասին, որը մարդկանց հանրահավաքի էր հրավիրում տաք շորերով ու հանկարծ, խնդրեմ` գնացեք տուն, որովհետև մենք որոշել ենք պատրաստվել հերթական ընտրությունների: Եվ այս ամենը 4 տարվա պայքարից հետո, պայքար, որի ընթացքում բանից անտեղյակ ֆորումն ամեն վայրկյան պատրաստ է եղել նստել, պառկել, ղրղզանալ ու եգիպտանալ, բայց ահա այն ավարտվում է այսքան «անփառունակ»` հերթական ընտրությունների նախապատրաստվելու կոչով: Ի՞նչ է ստացվում` ՀԱԿ-ը չորս տարի պայքարում էր հերթական ընտրությունների հասնելու համա՞ր:
Զուրաբյան Լևոնը հինգ էջանոց հարցազրույց է տալիս էլեկտրոնային լրատվամիջոցներին, որպեսզի մի կերպ հանգցնի ՀԱԿ-ի պոչից սկսված հրդեհը: Ինքնաարդարանալ է պետք: Դարձյալ հիշում է, որ իրենք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ապա` թվարկում ՀԱԿ հաջողությունները, հասկանալի է, տեղի ունեցած ամեն ինչ վերագրելով ՀԱԿ պայքարին: Պարզվում է, եթե իրենք չլինեին, նաև այս պաշտոնանկություններն ու փոխատեղումները չպիտի լինեին: Հիշում է հանկարծ 2011թ. մարտի 1-ի հանրահավաքն ու Լևոն Տեր-Պետրոսյանի 15 կետանոց պահանջագիրը, որի կետերից մեկը վերաբերում էր առանձին պաշտոնյաների հրաժարականներին:
Այսպիսի հարց է առաջանում, պարո'ն Զուրաբյան, եթե Սերժ Սարգսյանն այն նախագահն է, որ ամեն ինչ անում է բացառապես ՀԱԿ պահանջով, սկսած «քաղբանտարկյալների» ազատումից մինչև երկխոսություն եւ պաշտոնանկություններ, ապա ինչո՞ւ եք պահանջում նրա հրաժարականը: Տարօրինակ չէ՞, արդյոք, պահանջել այդպիսի ղեկավարի հրաժարականը: Ես չեմ կարողանում հասկանալ նաև մի ուրիշ հարց: Ինչո՞ւ ՀԱԿ պահանջները կատարող Սերժ Սարգսյանը չազատեց երկրորդ սերնդի բոլոր քաղբանտարկյալներին եւ նրանցից մեկին, այնուամենայնիվ, պահեց իր մոտ:
Տրամաբանությունն այստեղ հուշում է երկու բան` կա'մ սրանք քաղբանտարկյալ չեն, կա'մ էլ Սերժ Սարգսյանը, ներողություն արտահայտությանս համար, թքած ունի ՀԱԿ պահանջի վրա: Մեկնաբանեք, խնդրեմ:
Կարո՞ղ եմ ես` ՀՀ քաղաքացիս, որ առողջությունս քայքայել եմ ՀԱԿ ցնդաբանությունները լսելուց, հետաքրքրվել` ինչո՞ւ ՀԱԿ-ը եւ իշխանությունը առողջ ներքաղաքական մթնոլորտի պատրանք ստեղծելու համար բեմադրեցին մի քանի արարից բաղկացած «երկխոսություն» տրագիկոմեդիկան: Թող ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն մազ չփետեն, թե դա կազմակերպված բան չէր, այլ իրավիճակը հանդարտեցնելու փորձ, որ, իբր բարի կամք ցուցաբերելով, արեցին կողմերը: Ոչ, պարոնա'յք, դա Եվրոպայից դրական կարծիք ու բանաձև պոկելու մի խղճուկ փորձ էր, որ լուրջ չընդունվեց եւ արժանացավ ընդամենը 1-2 անտեղյակների կեսբերան գովասանքին: Այսպե՞ս են երկիր ներկայացնում միջազգային հանրությանը:
Լևոն Զուրաբյանը որքան էլ կուրծք ծեծի, որքան էլ ինքնավերագրումներ կատարի, միևնույն է, ՀԱԿ քառամյա պայքարի միակ գնահատականն այն է, որ 2009 թվականի ապրիլի 24-ից սկսած, հայ-թուրքական հաշտեցման ճանապարհային քարտեզի ոգուն հավատարիմ, այդ կառույցն զբաղվել է միայն` առերևույթ ներքին խառնակություններ կազմակերպելով, դրանց շնորհիվ միակ ընդդիմադիր ուժի կարգավիճակ ձեռք բերելով եւ ընդդիմադիր դաշտն աղավաղելով: Ուստի եւ բնական է, որ ՀԱԿ-ն ընդհանուր աղմուկի մեջ չպետք է նկատեր ոչ մի այլ ընդդիմադիր ուժի, չպետք է լսեր ու տեսներ նաև ԱԺ-ում ըմտրական օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումները: Յաման հեղափոխականները ցույց էին տալիս, թե տարված են արտահերթ ընտրությունների իրենց պահանջով, որն ահա-ահա պետք է իրականություն դառնար: Իսկ ճշմարտությունն այն է, որ դա արվում էր առավել կարևոր հարցերից հասարակության ուշադրությունը շեղելու մտադրությամբ միայն:
Եվ խնդրեմ, այսօր հանկարծ ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը ուշքի է եկել եւ խոսում է ընտրությունների ազատությունը, արդարությունը եւ թափանցիկությունը ապահովելուն ուղղված ՀԱԿ կիսատ-պռատ չորս պահանջի մասին: Թող խոսի, իհարկե, բայց այդ պահանջները թող չվերագրի ՀԱԿ անպտուղ պայքարին` որպես գունազարդում, եւ արցունք չթափի, թե այսպիսի մի կարևոր գործում ՀՅԴ-ն իրենց չի աջակցում:
Այնուամենայնիվ, ի պատիվ Արամ Մանուկյանի պետք է նշել, որ henaran.am-ին տված իր փոքրիկ հարցազրույցում, այնուամենայնիվ խոստովանել է, որ ինքը տեղյակ չէր խորհրդարանական ընդդիմության ներկայացրած ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Որտեղի՞ց պետք է տեղյակ լիներ: Վերևում ասացինք, չէ՞, որ հատուկ այդ օրերին անասելի աղմուկ էին բարձրացրել իրենց չտեսնված ու չլսված «երկխոսությամբ»:
Ամփոփելով ասենք, որ այնքան էլ համաձայն չենք այն տեսակետին, թե ՀԱԿ-ը մեռավ: Ճիշտ է, երկիրը թևակոխում է նախընտրական փուլ, բայց այս փուլն էլ իր առանձնահատկություններն ունի: Թող ոչ մեկին չթվա, թե ՀԱԿ-ի առաքելությունն այսքանով ավարտվեց, ու արտահերթ ընտրություններ եւ հրաժարականներ պահանջող կեղծավոր ուժը գլուխը կախ կլծվի նախընտրական ծանր աշխատանքի: Դեռ կլինեն մի քանի աղմկարար հանրահավաքներ` նստե՞նք, թե՞ չնստենք, երթ անե՞նք, թե՞ չանենք անկապ հարցադրումներով: Այլևս ՀԱԿ-ին նոր դերակատարություն է վերապահված: Այն է` մինչև մայիս գոյատևել ընդդիմադիր դաշտում եւ հնարավորինս փոշիացանել ընդդիմության ձայները: Եվ այդ ամենը խորհրդարանում այնքան աթոռ ստանալու համար, որքան նրան կտա իշխանությունը` քառամյա այս տաժանակրությանը որպես փոխհատուցում:
Էդիկ Անդրեասյան