կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-20 11:15
Մշակույթ

Նրանք դեռ շարունակում են ճանապարհորդել

Նրանք դեռ շարունակում են ճանապարհորդել

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը և «Ճանապարհորդող նոտաներ» /Traveling Notes/ ամերիկյան ծրագիրը ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը Հայաստանում անցկացնում են «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնը:

Այն եզակի հնարավորություն է ընձեռում շնորհալի պատանի երաժիշտներին՝ մասնակցելու արտերկրի և Հայաստանի անվանի երաժիշտների վարպետության դասընթացներին, համագործակցելու օտարերկրյա հասակակից երաժիշտների հետ, համատեղ հանդես գալու համերգային ծրագրերով:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է վարպետության դասերի ինտենսիվ ծրագիր, կամերային երաժշտության սեմինար պարապմունքներ, սեկցիոն և նվագախմբի համար նախատեսված փորձեր, համերգներ հանրապետության տարբեր քաղաքներում:

«Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնում ընդգրկված մասնագետներից են` Խորխե Ագիրեն, Ալեքսանդր Խաինդրավան, Ալեքս Քլայնը, Թիմ Բրաունը, Ջերեմի Էփը, Արամ Թալալյանը, Բագրատ Վարդանյանը, Յանա Դարյանը:

«Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական հայաստանյան փառատոնը 2011 թ. առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբով: Տասնմեկ երկրների /Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա, Կոլումբիա, Պերու, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան/ վաթսունից ավելի երաժիշտներ և ուսուցիչներ են հավաքվել Հայաստանում: Մասնակից երաժիշտները 14 - 27 տարեկան են: Ժյուրիի կազմում ընդգրկված են ԱՄՆ Վիրջինիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ժորժ Ագուիրը, Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դասախոսներ:

Ծրագրի շրջանակներում Հայաստանում ձևավորվել են 3 տարբեր նվագախմբեր /փողային, լարային, սիմֆոնիկ/, որոնք հանդես են գալու առանձին ծրագրերով: Փառատոնի ընթացքում հավաքական երիտասարդական նվագախմբերը հանդես կգան 4 համերգով /մուտքն ազատ է/: