Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարեմուտ է, եռուզեռ: Թող մեծ քաղաքի մարդիկ շարունակեն իրենց տոնական հևքը, իսկ իմ խոհերը սավառնում են հեռավոր ու բարձրիկ աշխարհում, որը ծնել, սնել, թևեր է տվել ինձ: Աշխարհն այդ կոչվում է Ջավախք: Ինձ համար հիմա խոստովանության պահ է, սիրո և անկեղծության ակնթարթ: Այսօր ես ուզում եմ, որ աշխարհն իմանա, թե ինչ հրաշալի եզերքում եմ ծնվել, որտեղ ամեն մարդ իմաստուն ու գեղեցիկ է յուրովի, և այդ իմաստությունն ու գեղեցկությունը չեն կրկնվում երբեք, ոչ մի տեղ, նույնիսկ հենց Ջավախքում: Ջավախքի մարդիկ իմ կողքին են եղել(և են) ամեն օր, նրանց գոյությամբ է իմաստավորված իմ գիտակցական ամբողջ կյանքը:
Ուստա Խնկոն Պատերազմի մասնակից էր, կարմրաթուշ, կենսախինդ, անխարդախ, խառատի իր հաստոցի կողքին՝ բանաստեղծ: Աշխատանքի ու ազնվության դաս էր փորձում տալ, ում հանդիպեր՝ առտնին հոգսերի մեջ խեղդված կնոջը, կոտրված թավան նորոգելու բերած հարեւանին, խնդրանքով իրեն դիմած տրակտորիստին, բժիշկ որդուն, մանկավարժ հարսին, հյուրերին, անցորդներին: Մի օր անհանգիստ էր, տան մեջ տեղը չէր գտնում, կարծես ինքը չլիներ: Հետաքրքրվեցի, փորձեց թաքցնել, սակայն բնածին շիտակությունն ի վերջո հաղթեց. - Կագեբե էին կանչել... ... Մի տարի առաջ բոլորից թաքուն նամակ էր գրել«ռուսաց թագավորին»՝ Գորբաչովին: Առաջարկել էր ողջ Երկիր մոլորակի համար միասնական դրամական միավորի նմուշ՝ հատուկ պայմանանիշով, որի շնորհիվ այն, իր համոզմամբ, անհնար էր լինելու կեղծել, և համայն աշխարհում իշխելու էր արդարությունը: Նույնիսկ նկարել էր այդ արժեթուղթը: Եվ հիմա՝ «Կագեբե՚»... Միամի¯տ, պարզամի¯տ մշեցի ուստա Խնկո... Լո՜ւյս իջնի թող գերեզմաններին՝ քո, Լուսիկ կողակցիդ, բժիշկ Կոլյա-Մհեր որդուդ...
Մեր դպրոցը Պատանին շատ լավ էր սովորում: Ուսուցիչները ծնողներին հորդորեցին տանել Երևան, նորաբաց ճեմարան. - Ի՛սկը ձեր տղայի տեղն է, լավագույն կրթօջախը: Տղան փայլուն քննություն հանձնեց, ընդունվեց, սովորեց «հինգերով»՚, բայց... ուսումնական տարին չավարտված՝ վերադարձավ իր մանկության դպրոցը, բացեց իր դասարանի դուռը. - Աշխարհում ոչ մեր դպրոցի նման դպրոց կա, ոչ էլ իմ ուսուցիչների նման՝ ուսուցիչ: Տարիներ են անցել: Պատանին վաղուց ավարտել է իր հայրենի Ջավախքի հայկական միջնակարգ դպրոցը. հիմա նա գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական համալսարանում...
Բժիշկները Չեմ սիրում պաշտոնավոր մարդկանց հետ մեքենայով ճամփորդել, ուր մնաց՝5-6 ժամ: Սակայն այնպես է ստացվել, որ շրջանի գլխավոր բժշկի և նրա բժշկուհի կնոջ հետ Երևանի ճանապարհին եմ: Աշտարակից դուրս ենք եկել, մոտենում ենք Երևանին: Հանկարծ մեզնից մի100 մետր առաջ մ «Զապորոժեց» է շուռ գալիս: Նույն վայրկյանին բժիշկ Ալեքսանը կտրուկ արգելակում է մեքենան, և ասես պարսատիկից արձակված քարեր՝ ամուսինները մի մարդու նման դուրս են նետվում իրենց «ՈւԱԶ»-ից: Ես ապշած եմ. իմ իմացած ծանրաշարժ, մարմնեղ, թմբլիկ ամուսինները ոչ թե վազում, այլ... նետի պես սլանում են խճուղով: Եվս մի րոպե, և նրանք կանգնեցնում են երկկողմանի երթևեկությունը, հավաքում մարդկանց, շտկում գլխիվայր շրջված մեքենան, ստուգում վարորդի վիճակը, որը, պարզվում է, հաշմանդամ է, նրան տեղափոխում Երևան մեկնող մի տաքսի, ասում, թե որ հիվանդանոց հասցնեն, ու նոր միայն վերադառնում իրենց մեքենան…
Տիկնիկայինը Միակ և առաջին, գուցե նաև վերջին հայկական տիկնիկային թատրոնն էր դա թե՛ Ջավախքում, թե՛ Վրաստանում: Ի՞նչն էր մեզ ուժ տալիս դիմակայելու բյուրոկրատական անվերջանալի խոչընդոտներին՝ անհնար է ասել: Փաստը տիկնիկայինի գոյությունն էր և մեր համառ կամքը, որ շրջանի յուրաքանչյուր երեխա դիտի «Կարմիր գլխարկը» հայերեն: Մենք՝ հասուն մարդիկ, ինքներս վաղուց երեխաների տեր, տիկնիկ էինք շինում, երգեր հորինում, դեկորներ պատրաստում... Ու ճանապարհ էինք ընկնում... Խոշոր գյուղեր՝ մի քանի հարյուր երեխայի համար, համեմատաբար փոքրեր՝ մի քանի տասնյակ հանդիսատեսով: Մեր փոքրիկ ավտոբուսը ժամերով խրված էր մնում Փարվանայի ափամերձ ճահճուտներում, բայց և այնպես հասնում էինք. Վլադիմիրովկա, ուր առավոտից մեզ էին սպասում գյուղի երեսուն երեխաները, հետո՝ Ասփարա, որտեղ տներից բերած աթոռակներով կիսափուլ ակումբում նստած էին լինում... 15-20 երեխա: Ու ոգևորությամբ խաղում էինք... Տոն էր երկուստեք, որը շարունակվեց ուղիղ վեց ամիս:
Ասպնջական Հյուրերիս տարել էի Փարվանան տեսնելու: Հիացած խումբը, ետ-ետ` վերջին անգամ լճին նայելով, գալիս է գյուղի կենտրոն: - Երևում է` հյուր եք, համեցե’ք, ճաշակե’ք Ջավախքի անարատ մեղրը,- գերեզմանոցի մոտակա խոտհարքից ձայնում է փոկացի մեղվապահը: Ու սկսվում է մի հյուրասիրություն, որ Ջավախքից բացի ուրիշ ոչ մի տեղ չես տեսնի: Մեզ ճանապարհում են մի-մի բանկա մեղրով: Գյուղամիջում սպասում ենք մեքենայի: - Հյուրերդ որտեղի՞ց են, Երևանի՞ց: Փարվանան տեսա՞ն, իսկ Աբու՞լը,- հարցուփորձ է անում մի ծերունի:- Համեցե՛ք մեր տուն, ու՞մ եք հանդիպել, մեղվապահի՞ն, գերեզմանոցի մո՞տ,- սկսում է նեղսրտել,- տնաշեննե՛ր, հենց էդ ժլատի՞ն պիտի հանդիպեիք, գյուղի անունը հո չխայտառակե՞ց...
Մանանի թումբանը Ապրիլմեկյան ուրախ երեկույթ է: Շրջանային մշակույթի տանը ասեղ գցելու տեղ չկա: Բարեհաճել է գալ նույնիսկ շրջկոմի առաջին քարտուղարը: Իսկ բեմում շրջանի տարբեր գյուղերից հավաքված զվարճախոսներ են, հիմնականում տարեց մարդիկ: Ետնաբեմում լրագրող Միշան ուղղակի աղաչում է իր70-ամյա քեռուն՝ Գրիշա-Հիշինին. - Հիշի՛ն ջան, հոգուդ մեռնեմ,ինչ ուզում ես՝ արա, մենակ թե «Մանանի» վերջին տունը չերգես: Իմացիր՝ եթե երգես, մեզ վրա ծանր կնստի... Եվ միայն համաձայնություն ստանալուց հետո քեռուն թողնում է բեմ: Հիշինը տարերքի մեջ է, կատակում է, սրամտում, հանկարծ սկսում է երգել. «Մանանս հագել է օսկեցե թումբան, Վրեն գրած է՝ հագնողին ղուրբան»: Մինչ մենք շնչակտուր հետևում ենք, որ ծերուկը անպարկեշտ բառ չասի, դահլիճը ցնծում է, ու մինչ Միշան, կռահելով լինելիքը, բեմ է դուրս թռչում, որ քեռուն զոռով ետ տանի, Հիշինը նրան հրում է, երկու ձայնով կառչում բարձրախոսից ու գոռում ամբողջ ուժով. «Մանանս հագել է օսկեցե թումբան, Վրեն գրած է՝ միջինին ղուրբան...»: Դահլիճում ասես քրքիջի ռումբ է պայթում: Իրեն չի կարողանում զսպել նաև այդքան ժամանա իրեն «լուրջ» պահած քարտուղարը:
Թալեաթի բեղերը Ժողթատրոնը Զեյթունցյան է բեմադրում: Ղարսլյան Սայաթ-Թեհլերյանը սրտաբուխ լալիս է ու լացացնում(հետո կխոստովանի, որ մի50 գրամ «գցել էր»՝ հատուկ այդ դրվագի համար): Հաջորդ արարում եռյակի խորհրդակցությունն է, նյութվում է եղեռնի ոճիրը: Դահլիճը, շունչը պահած, հետևում է: Ու հանկարծ... - Ընկե՛ր Թալեաթ, ընկե՛ր Թալեաթ, բեղերդ ընկան,- մոռանալով, որ դերում է, չարախինդ մատնացույց է անում Էնվեր-Սարոն: Հաղթանդամ, սևահոն Պավլիկի ձախ բեղը, իրոք, մի կողմից պոկվել, կախվել է ծնոտին: Այդ պահին ջավախքցի հանդիսատեսը միայն որոտընդոստ ծափերով կարող է արտահայտել իր անսահման ատելությունը ոճրագործի հանդեպ և իր ուրախությունը բեմում նրա ՙխայտառակվելու՚ համար, ու դահլիճը… թնդում է: Այդ ներկայացումը հաջորդ մի քանի շաբաթ ամենուր՝ հարսանքատանն ու մեռելտանը, խանութում թե գյուղամիջում, խոսքուզրույցի գլխավոր առարկան էր, և տեսնող-չտեսնող այն նկարագրում էր որպես Բոգդանովկայի ժողթատրոնի ամենափայլուն բեմադրություններից մեկը….
Յոթ փոքրիկ պատկեր, որոնցով անծանոթն անգամ կճանաչի ջավախքցուն: Իսկ հոգուս մեջ՝ յոթ հարյուր այդպիսիք: Ուրիշը դժվար թե հասկանա: Տաներ առաջ էր Հ1-ի՝ հայերենին նվիրված «9-րդ հրաշալիք» ծրագրով ինձ առաջարկեցին մաղթանքով դիմել հեռուստադիտողներին: Ես պատասխանեցի, որ կխոսեմ միայն իմ հարազատ բարբառով: Չգիտեմ՝ ինչպես խոսեցի, հիշում եմ մի բան. խոսքս ափեափ սեր էր դեպի իմ Ջավախքն ու նրա հրաշալի մարդիկ, և հազիվ էի զսպում արցունքներս: Հետո... հետո եղան բազմաթիվ հեռախոսազանգեր, պարզվեց, որ երևանաբնակ տասնյակ ջավախքցիներ են դիտել հաղորդումը, լսել, հուզվել ու որոշել են գտնել ինձ, և որ նրանք բյուր անտես թելերով կապված են իրար ու հայրենի եզերքին: Այսպիսին ենք մենք: Այսօր էլ Ամանորի բարեմաղթանքներիս հետ շաղախում եմ այն անհուն սերն ու երախտագիտությունը, որով լցված է հոգիս: Թող նոր տարին նոր հույսեր բերի իմ հայրենի եզերքի մարդկանց, լեռնաշխարհի քմահաճ բնությունը թող ներդաշն լինի նրա հետ, և նոր ժամանակների ոգին թող միայն բարիք սփռի ամեն անկյունում: Նոր տարվա հետ թող երջանկությունը բախի նրանց դուռը, առատության աղբյուր բխի ամեն սարի, քարի տակից, մանկան ճիչ լսվի ամեն օջախից, ու Ջավախքի անարատ ձյան փաթիլների հետ խաղաղություն իջնի նրանց հոգիներին: Իմ հարազատը՝ աշխատասեր, տանջված, տաղանդաշատ ու խելացի ջավախքցին, արժանի է ավելիին:
Զարմիկ Սարգսյան