կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-03 12:26
Հասարակություն

Փող չէ, աշխատանք եմ ուզում

Փող չէ, աշխատանք եմ ուզում

Տիգրան Մեծ փողոցից հանրապետության հրապարակ տանող ճանապարհի աչքի չընկնող հատվածներից մեկում հաճախ կարող եք տեսնել մի կնոջ` հիվանդ աղջկա նկարը ձեռքին, փող մուրալիս: Առաջին անգամ, երբ տեսանք կնոջը` նրան անհրաժեշտ էր հավաքել 3000-5000 դրամ, որ գրենական պիտույքներ գներ 13-ամյա հիվանդ աղջկա համար:

 

49-ամյա Դավեյան Հասմիկին ճակատագիրն է «փողոց հանել». նրա ընտանիքի համար անգույն օրերը սկսվել են դեռ Արցախյան Գոյապայքարից (1988-1994թթ.), երբ ամուսինն ինքնակամ մեկնեց ռազմաճակատ: Տիկին Հասմիկի ամուսինը` Մնոյան Կարենը, 1991թ. մեկնել է ռազմաճակատ. վերջինս եղել է «Արաբո» ջոկատից: Նա, ռազմաճակատ մեկնելուց մի քանի տարի անց, վիրավորվում է գլխից, որի հետեւանքով էլ ստանում է գլխուղեղի կանտուզիա, իսկ թոքերի մեջ սկսվում է արյուն հավաքվել:

 

«Ոչ ոք չունեի, իսկ պետության համար կյանքը վտանգած ամուսնուս պետությունը տեր չէր կանգնում: Չգիտեի` ինչ անել, ամիսներով հիվանդանոցում էի մնում»,-պատմեց տիկին Հասմիկը:

 

Հենց այդ ընթացքում էլ ամուսինը «հասցնում» է ձեռքից գցել 6 ամսեկան աղջկան` Անիին, որի պատճառով էլ երեխան հոգեկան խանգարում է ստանում: «Լեզուն հաճախ կուլ էր գնում, ցնցումներ էր ունենում: Այդ ժամանակ չկարողացա նորմալ երեխայի բուժմանը հետեւել, իսկ հետո արդեն ուշ էր. երեխան հոգեկան խանգարում ստացավ»,-ասաց տիկին Հասմիկը:

 

Տարիներ անց վերջինիս ամուսինը մահանում է` կնոջն ու երեխային թողնելով 29,000 դրամ թոշակի հույսին: Տիկին Հասմիկը աշխատանքի է տեղավորվում Երեւանի կաթի կոմբինատում: «Երբ աշխատում էի, կամաց-կամաց հասցնում էի ամեն ինչ: Երեխաս ոչ սոված էր մնում, ոչ էլ անշոր»,-ասում է տիկին Հասմիկը, ով այժմ անգործ է մնացել:

 

Վերջինս իր աղջկա հետ ապրում է Ջրաշենի Շուշան այգեգործական կաթի կոմբինատի ամառանոցներից մեկում` նկուղային հարկում: Չնայած տունը քարից է, սակայն խոնավ է եւ միշտ անցանկալի հյուրեր է ունենում.«Կարիճ եւ օձեր շատ են տուն մտնում. վերջերս էլ մեռնելուց ենք պրծել ես ու երեխաս: Խայթոցներ եղել են, բայց դեռ ապրում ենք»:

 

Տիկին Հասմիկը դիմել է մի քանի սուպերմարկետներ` հավաքարարի աշխատանք գտնելու հույսով, բայց դեռ ոչ մի արձագանք չի ստացել:

13-ամյա Անին բոլորի հանդեպ լավ է տրամադրված եւ բոլորին ընկալում է որպես բարերարներ: Անին սովորում է Նուբարաշենի օժանդակ գիշերօթիկում, 8-րդ դասարանում, սակայն դեռ գրել-կարդալ չգիտի: «Սիրում եմ ձեռքի համակարգչով խաղեր խաղալ: Ուզում եմ բժշկուհի դառնալ, որ բուժեմ մամային եւ բոլորին»,-ասում է Անին:

 

Աղջիկն ունի ընկերներ, որոնց շատ է սիրում: Բացի տուն ունենալուց, Անին երազում է ունենալ շատ խաղալիքներ եւ զարդեր: Տիկին Հասմիկն ասաց, որ Անին այժմ խմում է զարգացմանը նպաստող հաբեր.«Ընդհանուր առմամբ, աշխույժ երեխա է, բայց ոչ` ագրեսիվ: Բժիշկներն ասում են, որ տարիներ անց աղջիկս ավելի լավ կլինի: Սիստեմատիկ բուժում չի անցնում, քանի որ հնարավորություն չունենք»:

 

Մայրը կուզեր, որ երեխայի հետ ինչ-որ հոգեբան աշխատեր, քանի որ երեխայի մոտ անցման շրջանն է, եւ խնդիրներ շատ են լինում: Ամեն ուրբաթ մայրն աղջկան տուն է տանում, եւ քանի որ Ջրաշեն հասնելը շատ ավելի ծախսատար է, նրանք ժամանակավորապես բնակվում են տիկին Հասմիկի քրոջ տանը` Վարդաշենում:

 

«Ուսուցիչները շատ են օգնում, գիտեն, թե ինչ պայմաններում ենք ապրում: Ասում են, որ շաբաթ, կիրակի էլ երեխային տուն չտանեմ, սակայն սիրտս չի տանում. բա շաբաթվա մեջ 2 օր էլ չտեսնեմ երեխուս»,-ասում է տիկին Հասմիկը` հավելելով, որ քրոջ սոցիալական վիճակն էլ լավ չէ.«Ամուսինը ոսկի տղա է, էլի կռված, մեզ ինքն է պահում: Բայց դե իրենք էլ լավ չեն ապրում, մեկը լինի` իրենց օգնի»:

 

Վերջերս գերմանական «Լույս» հիմնադրամից նրանց տվյալները վերցրել են` խոստանալով օգնել: Տիկին Հասմիկը ստիպված է մուրում, քանի որ ուր դիմում է աշխատանքի համար, բոլորը մերժում են: «Բա ես չեմ, դու ես` ինչ կանես` կնստես կնայես, թե ոնց է երեխադ սոված քնում: Երբ պետք է դպրոց գնար, մեկի բաղչայում քաղհան արեցի, ներքնաշորեր ու կոշիկ տվեցին, մի կերպ դպրոց ճամփեցի»,-ասաց տիկին Հասմիկը:

 

Կնոջ երազանքը մեկն է` ունենալ տուն քաղաքում, թեկուզ անմխիթար եւ վատ պայմաններում եւ աշխատանք.«Փող չեմ ուզում ոչ մեկից, աշխատանք եմ խնդրում: Դիմում եմ բոլոր պատգամավորներին` խնդրում եմ մի ճար արեք, որ աշխատեմ. գոնե շաբաթը մեկ երեխուս երեսը տեսնեմ»...

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ