կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-03 10:12
Քաղաքական

Գնում է մարդը, վերջանում է գործը

Գնում է մարդը, վերջանում է գործը

Մեր պետական պաշտոնյաներն անդադար կրկնում են, որ մենք եվրոպական արժեքների կրողն ենք, այդ պատճառով էլ մեր ռազմավարական նպատակը եվրաընտանիքին Հայաստանի անդամակցությունն է: Սակայն որքան էլ ցավալի է արձանագրել, մեր իշխանությունները, չնայած այս հավաստիացումներին, դեռևս շատ հեռու են այն արժեքներից, որոնց մասին չեն հոգնում խոսել:

 

Եվ սրա ամենավառ ապացույցն է՝ յուրաքանչյուր պաշտոնյայի փոփոխությունը հանգեցնում է նրա ղեկավարած կառույցում այնպիսի ցնցումների ու փոփոխությունների, ասես այն անցել է տարերային աղետի միջով: Ավելին` յուրաքանչյուր հաջորդ պաշտոնյա իր նախորդին սկսում է մեղադրել ոլորտը ձախողելու, կադրային սխալ քաղաքականության, պրոֆեսիոնալիզմի բացակայության եւ այլ մեղքերի մեջ: Եվ դրանից հետո սկսում է այդ «հանցավոր ռեժիմի» սխալներն իր ձևով ուղղել՝ մոռացվում են հայտարարված առաջնահերթությունները, կիսատ է թողնվում սկսված գործը, ազատվում են «նախկինի մարդիկ», արդյունքում՝ ոլորտը սկսում է զրոյից:

 

Մինչդեռ, այն երկրները, որոնց մասին, իբրև անհաս երազանք, խոսում են այդ նույն պաշտոնյաները, չեն փոխում իրենց զարգացման վեկտորը նույնիսկ այն դեպքերում, երբ փոխվում է իշխող կուսակցությունը: Փոխվում են միայն իրականացվող քաղաքականության նյուանսները:

 

Ասվածն առավել քան ակտուալ է այսօրվա հրաժարականների շքերթի պայմաններում: Փաստորեն, դրանցով պայմանավորված, ավելի ու ավելի շատ ոլորտներ են հայտնվում «հին աշխարհը քանդելու և նորը կառուցելու» վտանգի առաջ: Օրինակն ակնառու է: Նախկին քաղաքապետի օրոք կիրառված` փողոցային առևտրի արգելքից հետո, կարծես, որոշ տեղաշարժ արձանագրվեց: Սակայն ընդամենը օրեր անց, մենք արդեն ականատես ենք լինում հակառակ երևույթի, երբ առաջին «ծիծեռնակները» վերադառնում են փողոցների մայթերի իրենց առևտրի սովորական վայրերը: Ստացվում է, որ Երևանի մայթերը առևտրից ազատելու ջատագովը միայն Կարեն Կարապետյանն էր, եւ իրավացի էին նրանք, ովքեր պահանջում էին նրա հրաժարականը` վստահ լինելով, որ մարդու հեռանալուց հետո կվերջանա նաև նրա սկսած գործը: