կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 13:28
Քաղաքական

Թուրքերը նույնիսկ ադրբեջանցիներին են նյարդայնացրել

Թուրքերը նույնիսկ ադրբեջանցիներին են նյարդայնացրել

Օրերս Ստամբուլում կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված եւս մեկ համաժողով, որի կազմակերպիչը եղել են Թուրքիայի արտգործնախարարությունը եւ թուրքական մի քանի հասարակական կազմակերպություններ: Հանդիպմանը ներկա են եղել հայ, թուրք, ադրբեջանցի, նաեւ միջազգային փորձագետներ: 

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պատմեց, թե ինչպես են թուրքերը կազմակերպել հանդիպումը եւ ինչպես են փակուղի մտցրել քննարկումները. «Ես տասը տարի է` այս գործընթացի մեջ եմ, բայց երբեք այսպիսի ոչ մասնագիտական հանդիպման չէի մասնակցել: Թե' հայ, թե' արտասահմանցի փորձագետները ասում էին, որ ժամանակ են կորցրել այս հանդիպման վրա»:

 

Բանն այն է, որ թուրքական կողմը ջանք չի խնայել ներկայացնելու, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կախված է Արցախյան հիմնախնդրի լուծումից: Եվ թուրքերն այնպես են ջանացել, որ նույնիսկ ադրբեջանցիների նյարդերն են տեղի տվել: Ադրբեջանցի փորձագետները պարզապես ասել են, որ ադրբեջանական կողմը որեւէ ճնշում չի գործադրում Թուրքիայի վրա, եւ Թուրքիան ինքը պետք է որոշի` կապե՞լ այդ հարցը Արցախի հիմնախնդրի հետ, թե՞ ոչ:

 

«Ինչքան թուրքերը փորձում են խնդիրը կապել Ադրբեջանի հետ, այնքան ավելի շատ է երեւում դրա արհեստականությունը: Հասկանալի է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար մեծ նշանակություն ունի էներգետիկ, կոմունիկացիոն առումով: Բայց արդյո՞ք Ադրբեջանը քանդելու է նավթամուղերն ու գազատարները, եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները»,- ասաց Ս. Մինասյանը եւ հավելեց, որ այս հանդիպումը վկայությունն էր այն բանի, որ թուրքերը նույնիսկ փորձագիտական մակարդակով մակերեսային պատկերացում ունեն Արցախյան հիմնախնդրի մասին:

 

Քաղաքագետը նշեց, որ հանդիպման ժամանակ հայկական կողմը պատրաստվում էր քննարկել ներկայիս խնդիրներին եւ իրավիճակին վերաբերող հարցեր, սակայն թուրքերն առաջ են քաշել այնպիսի հարցեր, որոնք զայրացրել են հայկական պատվիրակությանը. «Խոսվում էր, թե Հայաստանը պիտի ճանաչի Կարսի պայմանագիրը, ՀՀ նախագահը պիտի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից... Այսինքն` խոսում էին այն թեմաներից, որոնք իրենց հետաքրքրում էին: Երեւացին նրանց ֆոբիաները` Ցեղասպանություն, Սփյուռք եւ այլն»: