կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 11:22
Քաղաքական

Վարչապետը պարզաբանել է "կոտրած տաշտակի" մասին իր հայտարարությունը

Վարչապետը պարզաբանել է "կոտրած տաշտակի" մասին իր հայտարարությունը

Հոկտեմբերի 30-ին ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է իր այն հայտարարությունը, ըստ որի` այն ուժերը, որոնք չեն համագործակցի Հանրապետական կուսակցության հետ, կհայտնվեն կոտրված տաշտակի առջև:

 

Լրագրողի հարցին` ո՞ր քաղաքական ուժին էր ուղղված այդ մեսիջը, Տ. Սարգսյանը պատասխանել է. «Այն պատասխանը, որ ես տվել եմ Ազգային ժողովում, մեջբերված էր հանրապետության նախագահի խոսքերից` կամուրջներ կառուցելու մասին: Իմ այդ արտահայտության ենթատեքստը հասկանալի էր, քանի որ ես մեջբերեցի հանրապետության նախագահի հայտնի հայտարարությունն այն մասին, որ մենք ցանկանում եք ընդդիմության հետ կառուցել համագործակցության կամուրջներ: Կարծում եմ, որ ապագայում մեզ սպասվող մարտահրավերները ցույց կտան, որ այդ համագործակցությունը խիստ անհրաժեշտ է: Եթե մենք տեսնում ենք դեստրուկտիվ մոտեցումներ, ապա արձանագրում ենք, որ նրանք հայտնվելու են կոտրված տաշտակի առջև: Իսկ մենք ունենք կարողություններ և հնարավորություններ` հանրապետությունում ցնցումներ թույլ չտալու համար: Մենք ցանկություն ունենք կառուցել մեր ապագան համագործակցության մթնոլորտի շնորհիվ: Սա է իմ հայտարարության իմաստը»:

 

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությանը եւ նշել, որ այդ տեսակետից իրենք մշտապես առաջնորդվել են համերաշխության ապահովման սկզբունքով և արել ամեն ինչ, որպեսզի այդ համագործակցությունը կայանա:

 

«Դուք տեղյակ եք, որ Հանրապետական կուսակցությունը կարող էր միայնակ ձևավորել իշխանությունը, սակայն հանրապետության նախագահը, հավատարիմ մնալով իր կողմից առաջ քաշված սկզբունքներին, նախապատվությունը մշտապես տալիս է համագործակցությանը: Նախագահի այդ սկզբունքի հիման վրա էլ ձևավորվել է կոալիցիոն կառավարությունը, որը գործում է ստորագրված հուշագրում արտացոլված սկզբունքների հիման վրա»,- ասել է վարչապետը: