Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հողի եւ գույքի հարկերից ազատելու օրինագիծը: Նախաձեռնության նպատակը պետության կողմից Մայր տաճարին նյութական ծանրաբեռնվածության նվազեցումն է եւ գործունեության խթանումը:
Համաձայն այս օրինագծի` հարկերից ազատվում են սեփականության եւ անհատույց օգտագործման իրավունքով Մայր Աթոռին պատկանող պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող այն շենքերը, շինություններն ու հողատարածքները, որոնք օգտագործում է եկեղեցին:
«Ես բացասական վերաբերմունք չունեմ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, սակայն այսօր թե' գույքի, թե' հողի հարկը թերի է հավաքվում, ինչի արդյունքում էլ բացակայում են համապատասխան հնարավորությունները` երկրի զարգացումն ապահովելու համար»,- ասաց ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Վարդան Բոստանջյանը: Նա հավելեց, թե պառլամենտի խորհրդի խնդիրը լավագույն տարբերակը գտնելն է, որպեսզի երկու կողմերն էլ շահող դուրս գան:
«Հայաստանում 1991-ից մինչ օրս 135 եկեղեցիներ են կառուցվել: Եվ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ տարածքներն իրենց առաքելությունն իրականացնելու նպատակով են եղել»,- ասաց Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նա նշեց, որ այդ տարածքները զբաղեցնում են կարիքավորներին սնունդ ապահովող բարեգործական ճաշարանները, Հայորդաց տները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող` բնակության համար պայմաններ չունեցող եկեղեցականներին տրամադրված բնակելի տները եւ Մայր Աթոռի տարածքում գտնվող Ներսիսյան լիճը:
«Եթե եկեղեցին գույքահարկ վճարի, դա չնչին գումար է կազմելու»,- հավաստիացնում է եպիսկոպոսը: Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին, օրինակ, տարեկան 60 հազար դրամ հարկ է վճարում, իսկ եկեղեցու գույքը գնահատելու համար անհրաժեշտ է ավելի քան 100 հազար դրամ. գնահատելն ավելի թանկ արժե: