Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից: ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանի, ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն, մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն: «Ինքնազբաղվածներն այդ գործունեության տեսակների մասով ազատվում են ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ նրանց կողմից ապրանքների ներմուծման դեպքերում վճարվելիք հարկերը: Հարկային արտոնություն ստանալու համար առավելագույն պարզեցված ընթացակարգ է նախատեսված. ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում, որտեղ պետք է նշվեն գործունեության համապատասխան տեսակը և այն ժամանակահատվածը, որով ուզում են զբաղվել, իսկ հաջորդ աշխատանքային օրը ստանում են հարկերից ազատման արտոնագիր՝ անվճար: Արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում»,-ընդգծել է Հրաչյա Մուրադյանը:
2016 թվականի տվյալներով շուրջ 2000 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ: Հրաչյա Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2017 թվականի հունվարին արդեն իսկ 813 ինքնազբաղված դիմել է հարկային արտոնությունից օգտվելու համար:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին