կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 14:57
Հասարակություն

Դատախազությունը վախեցավ, քաղաքապետը զբաղված էր, տրանսպորտն էլ հարմար չէր

Դատախազությունը վախեցավ, քաղաքապետը զբաղված էր, տրանսպորտն էլ հարմար չէր

Այսօր ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ունիսոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր ակցիա` ի պաշտպանություն հաշմանդամների իրավունքների: Հաշմանդամները փորձելու էին Հանրապետության հրապարակից հասարակական տրանսպորտով հասնել Երեւանի քաղաքապետարան եւ քաղաքապետին փոխանցել մի շարք ՀԿ-ների, մտավորականների ուղերձը:

 

«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտը եւ կառույցների, ճանապարհների, բացօթյա եւ փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկական հաստատությունների եւ աշխատավայրերի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու ուղղությամբ»,- նշված է ուղերձում:

 

«Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, որ այս դեպքում պարզապես կամք եւ կոնկրետ օրենքներ են պետք: «Ուզում եմ ասել, որ մեր ակցիան ուղղված է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն հավասար հնարավորությունների է»,- ասաց նա: Ա. Ալավերդյանը նշեց նաեւ, որ անգամ նորակառույցները չեն հարմարեցվում հաշմանդամներին, կամ էլ կառուցվում է այնպիսի թեքահարթակ, որ, եթե հաշմանդամն օգտվի դրանից, կրկնակի հաշմանդամություն ձեռք կբերի:

 

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա նշենք, որ տրանսպորտի ոլորտում չկա այդպիսի օրենք, որը պարտավորեցնի թեքահարթակներ տեղադրել. «Դա պետք է ուղղակի բարի կամքի դրսեւորում լինի»:

 

ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ ուղերձում կոնկրետ ուղիներ նշված չեն, բայց իրենք պատրաստ են համագործակցել, լուծումներ առաջարկել, այլ ոչ թե քննադատել: «Տեղյակ ենք նաեւ, որ քաղաքապետարանն արդեն որոշակի ավտոբուսներ է բերելու Հայաստան, բայց կա մտահոգություն, թե դրանք որքանո՞վ հարմարեցված կլինեն»,- ասաց օմբուդսմենը:

 

Նա նկատել է նաեւ, որ անցումներում էլ թեքահարթակների վիճակը լավ չէ. «Ինչ-որ մեկը փորձե՞լ է երբեւիցե անցնել դրանց վրայով. կարծում եմ` անգամ առողջ մարդու համար են դրանք վտանգավոր»:

 

ՄԻ պաշտպանը մինչեւ քաղաքապետարան ուղեկցեց մի հաշմանդամի, ինչն այնքան էլ հեշտ չէր, քանի որ փողոց-մայթ հատումներում շատ դեպքերում թեքահարթակներ պարզապես չկային:

 

Ամիրյան փողոցի սկզբնամասում հաշմանդամներից մեկին փորձեցինք սայլակով ավտոբուս նստեցնել` «Բոգդան» մակնիշի ավտոբուսի ուղեւորներին իրենց հարեւաններին պատմելու թարմ տեղեկություններ տալով: 4 տղամարդ պետք եկավ` հաշմանդամին ավտոբուս բարձրացնելու համար, իսկ երբ նրան բարձրացրին վերեւ, պարզվեց` հնարավոր չէ սալյակն ուղիղ տեղավորել ավտոբուսում: «Տեսնում եք` տեղ չի անում, էլի»,- ասաց զարմացած վարորդը, որն այդպես էլ չհասկացավ, թե ինչ կատարվեց:

 

Հաշմանդամներից մեկին էլ փորձեցին դատախազության` թեքահարթակ չունեցող մուտքով ներս մտցնել, սակայն շենքի ներսից դուռը փակեցին. ինչի՞ց վախեցան` պարզ չէ:

 

Հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով) նշեց, որ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ յուրաքանչյուրս ապրում ենք մի այնպիսի կյանքով, որ, բացի մեզանից, բոլորը մեզ խանգարում են: «Չէ որ նրանցից շատերը մեզանից լավ մարդիկ են, եւ մենք իրենցից ավելի շատ ենք հաշմանդամ, քանի որ մեր հոգին է հիվանդ, իսկ իրենք ֆիզիկապես են հաշմանդամ, եւ մեզանից ոչ ոք իրավունք չունի համարել, որ այս կամ այն հաշմանդամից լավն է»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի հարցին, թե դժվար չէ՞ր երեւանյան դժվարանցանելի փողոցներում հաշմանդամի ուղեկցող լինել, Կ. Անդրեասյանը պատասխանեց, որ իրեն դժվար չէր, բայց եթե հաշմանդամն առանց ուղեկցի լիներ, անպայման մի շարք դժվարությունների կհանդիպեր:

 

«Ճանապարհին բազմաթիվ տեղերում թեքահարթակներ չկային, կային տեղեր, որ նույնիսկ անանցանելի էին, եւ եթե ուղեկցող չլիներ, շատ դժվար կլիներ նրանց համար: Ավտոբուս նստելը... 4 առողջ տղամարդու ուժերի դեպքում անգամ այն գրեթե անհնար էր»,- նշեց նա:

 

Ուշագրավ է հանգամանքը, որ ՄԻՊ-ի գրասենյակի շենքը նույնպես ամբողջությամբ հարմարեցված չէ հաշմանդամների համար: Ինչպես նշեց Կ.Անդրեասյանը, ճիշտ է, մուտքի մոտ թեքահարթակ կա, սակայն հաշմանդամներն առաջին հարկից վերեւ չեն կարող բարձրանալ: «Եթե պետք է լինում հանդիպել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, մենք ենք իջնում եւ առաջին հարկում զրուցում նրանց հետ»,- ասաց նա:

 

Ի դեպ, քաղաքապետը այդպես էլ դուրս չեկավ` դիմավորելու իրեն այցելած  հաշմանդամ հյուրերին: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ քաղաքապետը, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների հետ կապված, հանդիպում ունի եւ քաղաքապետարանում չէ:

 

«Հաշմանդամների մատչելիության հետ կապված` տրանսպորտի հարցով քննարկումներ եղել են, մի քանի անգամ հանդիպել ենք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, այժմ եւս քննարկման փուլում է»,- վստահեցրեց նա:

 

Դեկտեմբեր ամսին Հայաստան կբերվի 66 ավտոբուս, որոնք նույնպես թեքահարթակներ չունեն, սակայն, ինչպես նշեց Նավասարդյանը, ներկրվող ավտոբուսների ինչ-որ քանակի վրա անպայման կտեղադրվեն համապատասխան հարմարանքներ: Այսինքն` քաղաքապետարանը այս տարի էլ չէր նախատեսել հաշմանդամների համար հասարակական տրանսպորտը մատչելի դարձնելու ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, եւ միայն խնդիրը բարձրացնելուց հետո է փորձում անել դա:

 

Հուսանք, որ 2012-ին հաշմանդամները կկարողանան քաղաքի ցանկացած մասից հասարակական տրանսպորտով այցելել քաղաքապետարան, ինչպես նաեւ ՄԻ պաշտպանի հետ զրուցելու համար` բարձրանալ Կ. Անդրեասյանի աշխատասենյակ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ