կարևոր
6127 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-12 10:01
Քաղաքական

Գավառական ստալինիզմ․ Ավետիք Իշխանյան

Գավառական ստալինիզմ․ Ավետիք Իշխանյան

Հանրությունը զարմացած և զայրացած է։ Ոմանք զարմացել են, թե ինչպես կարող է կալանավորվել ԱԺ խոսնակի եղբոր կինը։ Իսկ զայրացածների համար ընդունելի չէ, կնոջը, այն էլ անչապահաս երեխաների մորը կալանավորել։ Ոմանք էլ մտածում են, թե այս քայլով, վարչապետ կոչեցյալն ուզում է ցույց տալ, թե իբր ինքը չի խառնվում դատական գործերին։

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։ Իրականում, վարչապետ կոչեցյալը, ողջ դատաիրավական համակարգն օգտագործում է բոլորին, կրկնում եմ՝ բոլորին հնազանդեցնելու, իսկ հպատակներին՝ հիշեցնելու, թե ում են պարտական պաշտոն և փող ունենալու համար։

Նման գործելակերպը բնորոշ է բռնապետական հակումներ ունեցող իշխանավորներին։

Այս կալանքը հիշեցնում է ստալինյան ժամանակները։ Ստալինը ոչ միայն կալանավորում, աքսորում, գնդակահարում էր «ժողովրդի թշնամիներին», իրականում՝ իր հակառակորդներին, այլև իր ամենահավատարիմ զինակիցներին կամ նրանց հարազատներին։

«Մաքրելով» ողջ իշխանությունը «ժողովրդի թշնամիներից»՝ ժողովուրդների մեծ առաջնորդն անցավ յուրայիններին։ Զարմանալիորեն առաջին զոհերը եղան ՆԳԺԿ(ՆԿՎԴ)-ի ղեկավարներ, Ստալինի հանձնարարությամբ քաղաքական բռնություններ իրականացնող Հ․ Յագոդան և Ն․ Եժովը։

Բայց, ամենահետաքրքրականն այն էր, որ Ստալինի հրահանգով կալանավորում էին նրա ամենահավատարիմ զինակիցների հարազատներին։ Կալանավորված էին քաղբյուրոյի անդամներ Լ․ Կագանովիչի եղբայրը, Վ Մոլոտովի կինը։ Եվ ի՞նչ․․․Երկու պաշտոնյաներն էլ շարունակում էին քծնել և հավատարմորեն ծառայել Ստալինին։ Իհարկե, ամենազարմանալին, Ստալինի աջ ձեռք հանդիսացող, նրան ամենանվիրված գործչի՝ նրա քարտուղարության ղեկավար Ա․ Պոսկրյոբիշևի կնոջ կալանավորումն էր։ Եվ Պասկրյոբիշևը նույնպես շարունակեց հավատարմորեն ծառայել իր տիրոջը։

Վերադառնանք Հայաստան։ Պարզ է, որ վարչապետ կոչեցյալը կերազեր ստալինյան ժամանակները, որ հանձնարարեր ՆԳՆ, ԱԱԾ, ՔԿ, հակակուռուպցիոն խորհրդի և դատախազության ղեկավարներին՝ բոլոր ընդդիմադիրներին գնդակահարել կամ աքսորել։ Բայց դե, ինչ արած, այլ ժամանակներ են և պետք է «ժողովրդավարություն» խաղալ։ Բոլոր ընդդիմադիրների դեմ քրեական գործեր սարքելով, շատերին կալանավորելով, կարելի է ասել, որ վարչապետ կոչեցյալը, ինչ-որ իմաստով իր նպատակին հասավ։ Շատերը լռել են, իսկ ոմանք՝ հպատակվել, ինչպես օրինակ Գորիսի և Քաջարանի քաղաքապետերը։ Եվ ինչպես «ժողովուրդների հայր» Ստալինը, այնպես էլ Հայաստանն իր «օջախը», իսկ հայ ժողովրդին իր «ընտանիքը» համարող վարչապետ կոչեցյալը, ահաբեկում է նաև իրեն հավատարիմ հպատակներին։ Ի՞նչ եք կարծում, գրպանային իրավապահ կոչվող մարմինները կհամարձակվեի՞ն կալանքի միջնորդություն ներկայացնել ԱԺ խոսնակի եղբոր կնոջը։ Այնպես որ, չկասկածեք՝ ԱԺ խոսնակի եղբոր կնոջը կալանավորելու հրահանգը տվել է անձամբ, վարչապետ կոչեցյալը, համոզված լինելով, որ խոսնակը ոչ միայն չի նեղանա, այլև առավել փութաջանորեն կքծնի իրեն։ Ի դեպ, դրա օրինակը բոլորս գիտենք։ Խոսքը Արդարադատության նախարարի մասին է, երբ քրեական գործերով հետապնդվում են նրա հայրն ու եղբայրը, իսկ նա վարչապետ կոչեցյալի ամենահավատարիմ քծնող ենթականերից է։ Այնպես որ, ԱԺ խոսնակը, որի դեմքը մշտապես փայլում է երջանկությունից, երբեք չի փոխի կառավարական առանձնատան շքեղ ապրելակերպը՝ անձնական, ընտանեկան պատվի և արժանապատվության հետ։ Նույնը վերաբերում է բոլոր քպ-ականներին, նրանց ամենամոտ  հարազատների նկատմամբ հնարավոր հետապնդումների դեպքում։Եթե նրանք բոլորն, իրենց տիրակալի կողմից Արցախն ուրանալուց հետո,  հանուն սեփական բարեկեցության շարունակում են նրան ծառայել, ապա ․․․

Բնականաբար, կիսագրագետ վարչապետ կոչեցյալը չի ուսումնասիրել և օրինակ վերցրել ստալինյան ժամանակներից։ Նա այդ ամենը կրկնում է բռնապետական հակումներ ունեցողների հատուկ բնազդով։ Եթե բռնապետական ԽՍՀՄ-ում շնորհվում էր «Ստալինյան» մրցանակ, ապա «ժողովրդավարական» Հայաստանում, համեստ՝ «Վարչապետի» գավաթ։

Իհարկե, Ստալին և վարչապետ կոչեցյալի համեմատությունը, բնավ հօգուտ վերջինիս չէ։ Այն կնմանվի եթե համեմատենք հսկային թզուկի հետ։Բացարձակապես նպատակ չունենալով արդարացնել Ստալինին, չընդունելով նրա կառավարման մեթոդները, նշենք, որ նա համարյա ոչնչից ստեղծեց աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը և հաղթեց ֆաշիստական Գերմանիային։Իսկ մեր գավառական բռնապետիկը, հակառակը՝ կազմալուծեց հայոց բանակը,  պարտվեց իր իսկ հրահրած պատերազմում, տալով հազարավոր զոհեր, հայաթափելով հազարամյակների հայոց օրրան Արցախը։Ստալինը վարում էր ասկետական կյանք,  կոմունիստական գաղափարախոսություն կրող էր։ Իսկ վարչապետ կոչեցյալ, գավառական բռնապետիկը զուրկ է որևէ գաղափարախոսությությունից և պաշտում է միայն շքեղ ու ցոփ կյանքը։

Ավետիք Իշխանյան