կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-20 12:16
Հասարակություն

Ընդառաջեք հաշվարարին

Ընդառաջեք հաշվարարին

Հոդվածն այս բոլորովին մարդահամարի մասին չէ, որովհետեւ եթե այդպես լիներ, ուրեմն հարկ կլիներ ուսումնասիրել մարդահամարի վրա ծախսված փողերը, վերլուծել դրա իմաստը, քննարկել մարդահամարի արդյունքների ճշտությունը: Ու քանի որ այդ ամենը չեմ անում, մարդահամարը պարզապես առիթ էր մարդահամարի շուրջ իրական զրույցի ու տեղի ունեցած անհեթեթությունների մասին գրելու:


Իմ մարդահամարը սկսվեց հոկտեմբերի 19-ի առավոտյան, երբ ճակատագրի բերումով Հայաստանում չծնված ու Հայաստանում չմեծացած մայրս, որ հայերեն հաճախ շատ տեղին սխալներ անելու սովորություն ունի` զգուշացրեց, որ այսօր գալու են մեզ «մարդահաշիվ» անելու: Այսպիսով, ծնվեց մարդահամարի շուրջ առաջին դիտարկումը. մարդահամարը Հայաստանում անցկացվող միակ երեւույթն է, որի առաջ բոլորս հավասար ենք: Սա միակ դեպքն է, թերեւս, երբ հարուստները, պաշտոնյաներն ու այլք հավասար իրավունքներ ունեն, քանի որ օլիգարխին, միայն այն պատճառով, որ նա օլիգարխ է, երկու մարդ չեն հաշվի, նա, այնուամենայնիվ, մեկ հոգի է, ինչպես մեր բակի, ասենք, հին ավտոդող հավաքող գիժ Վալոդը: Եվ ուրեմն բոլորս էլ մարդահաշիվ ենք ու հավասար:


Մարդահամար անցկացնող մարդը կոչվում է «հաշվարար»: Այս մասին իմացա SMS-ից, որն ասում էր. «Ընդառաջեք հաշվարարին»: Այստեղից հասկանալի էր դառնում, որ հաշվարարները խնդիր ունեն եւ կարիք ունեն մեր ընդառաջման: Երբ ինձ բաժին հասած հաշվարարին հարցրեցի` ի՞նչ պրոբլեմներ են ունենում, նա պատասխանեց, որ մարդիկ չեն բացում դուռը, վախենում են: Ես, անկեղծ ասած, հասկացա մարդկանց, որոնք դռները չեն բացում, որովհետեւ հետպատերազմական Օդեսան հիշեցնող քաղաքում, ուր «բանդա» տերմինն օգտագործվում է այնպես սովորական, ինչպես, ասենք, «տեղումներ» բառը, մարդիկ իրավունք ունեն չբացելու դուռն անծանոթ տղամարդու առաջ: Հաշվարարին եւս հասկանում եմ` փակ դռների առաջ կանգնած մնալն էլ լավ չէ:


Մեր հաշվարարը սկսեց մանրակրկիտ հարցեր տալ` անուն, ազգանուն, թիվ… Երբ նշում էր մորս անհեթեթ ու պատահաբար ստացված «Աշխաբադ» ծննդավայրը, նա վստահ գրեց` Տաջիկստան: Հուշեցի, որ հանրապետությունը կոչվում է Թուրքմենստան: Հաշվարարը հարցրեց. «Փոխվել ա, հա՞»: Հասուն մարդկանց սխալներն ուղղելը շատ տգեղ երեւույթ է, ու մեղմելու համար մեղքս, ասացի. «Վերջերս են փոխել»:


Բայց հաշվարարը շարունակում էր. «Դուք Լուսինե Հովհաննիսյանն եք, Ձեր մայրը այսինչ այսինչյանն է, քանի զավակ ունի նա»: Պատասխանում եմ` ես եւ եղբայրս: «Ձեր եղբայրը ո՞ղջ է»: Պատասխանում եմ. «Փառք Աստծո, ողջ է»: «Իսկ դուստրը ո՞ղջ է»: Ասում եմ. «Ողջ է ու արդեն կես ժամ Ձեզ հետ զրուցում է»: «Հա, վայ»,- ասում է հաշվարարս, ու անցնում ենք առաջ:


Հետո մեզ բաժին հասած հաշվարարը, մի քիչ շփոթվելով, ասում է. «Ստեղ նենց անհարմար հարցեր կան, չգիտեմ ոնց տամ»: Անկեղծ ասած` ես էլ կորցրի համարձակությունս` ինչ ասես մտքովս չանցավ, ու վախենալով ասում եմ. «Դե լավ, որ գրած է` հարցրեք»: Ու հաշվարարս ասում է. «Դուք ցնցուղ ընդունո՞ւմ եք»: Այստեղ ես խնդրեցի նրան թույլ տալ ինքս կարդամ հարցը: Գրված էր. «Ցնցուղի առկայությունը» եւ այլն: Խոսքը բնակարանային պայմանների մասին էր: Բացատրում եմ հաշվարարին, որ հարցը չի վերաբերում մարդկանց ցնցուղ ընդունելուն, այլ դրա առկայությանը, ու մենք խրոխտ անցանք առաջ:


Երբ հերթը հասավ գիտական գործունեությամբ զբաղվող մեր ընտանիքի հաջորդ անդամին` դա, ինչպես ասում են, վերջն էր: Այստեղ սկսվեց գիտական աստիճանի խառնաշփոթը, որի վերապատմումը անհամեստության տարրեր ունի, այդ իսկ պատճառով բաց թողնենք:


«Քանի քառակուսի մետր է ձեր բնակարանը» հարցից հետո, հաշվարարը ավելի մտերմիկ հարց տվեց. «Ով որտեղ ա՞ քնում»: Ես ուզեցի ճշտել, արդյոք այդպիսի հարց կա՞ թերթիկում, ու նա շատ ուրախ պատասխանեց. «Չէ, պրոստը»:


Մեր մարդահամարը մոտենում էր ավարտին: Հաշվարարը հարցրեց` երբ է ծնվել հայրս, ասում եմ` 1944-ին, հարցնում է. «Երբ է եկել Երեւան մշտական բնակության», պատասխանում եմ` 17 տարեկանում, ու մինչ փորձում եմ հաշվել, թե դա որ թիվն էր, հաշվարարը հանում է մի կտոր թուղթ ու առաջին դասարանցու նման իրար տակ 1944-ին գումարում 17: Այստեղ ավարտվեց մեր մարդահամարը:


Մարդահամարի արդյունքում մենք կունենանք որոշակի գլխաքանակ` հաշվարարներն էլ ներառյալ: Թե քանի՞ մարդ կա Հայաստանում, կմնա գաղտնիք, քանի դեռ չի ստեղծվել դրա բացահայտման միջոցը: Կամ `ձեւը: Իսկ ինչպես ասում էր Ալեքսանդր Իվանովիչ Կորեյկոն. «Լավ հաշվետարներ հիմա ամենուր էլ պետք են»:


Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ