կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 16:18
Հասարակություն

Լուծումներ` մարդկանց հասարակության մեջ ներառելու համար

Լուծումներ` մարդկանց հասարակության մեջ ներառելու համար

Այսօր տեղի ունեցավ մարդկային զարգացման տարածաշրջանային զեկույցի՝ «Անցումային շրջանից դեպի ներառական հասարակություններ» եւ Հայաստանում սոցիալական միասնության վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդեսը, որին բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

 

«Զեկույցը նպատակ ունի նախաձեռնել քննարկումներ տարածաշրջանում եւ դրանից դուրս, դիտարկում է այն հիմնախնդիրները, որոնք պատճառ են դառնում մարդկանց հասարակությունից բացառելուն, ինչպես նաեւ փորձում է լուծումներ առաջարկել նրանց հասարակության մեջ ներառելու համար»,- ասաց Դ. Գերչևան: Նրա կարծիքով` զեկույցի նպատակը մարդկային զարգացումը սոցիալական ներառման միջոցով բարելավելն է: Նա այս ճանապարհը խոստումնալից է համարում:

 

Վեց երկրներում հավաքված տվյալների համաձայն, բացի Տաջիկստանից, ոչ թե տնտեսական, այլ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունն է հասարակության մեջ մարդկանց չներառելու գլխավոր պատճառը: Այս երկրներում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս են, որ տարեցները, երեխաները, երիտասարդները, գյուղական շրջանների բնակիչները, գործազուրկներն ու թերի կրթություն ունեցողները ներառված չեն հասարակության մեջ:

 

Զեկույցի առաջարկությունների թվում են բարելավված միջին մասնագիտական կրթությունը եւ աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը, տարեցների համար ծառայությունների արմատական բարելավումը, տարածաշրջանային մակարդակում սոցիալական պաշտպանվածության բարեփոխումը: Զեկույցը կոչ է անում տարածաշրջանի բոլոր երկրներին մշակել սոցիալական ներառումը խթանող ռազմավարություն՝ հիմնված սոցիալական բացառման ենթարկվող մարդկանց եւ խմբերի փորձի վրա:

 

Համազգային ուսումնասիրությունն իրականացվել է 18 տարեկանից բարձր 3200 մարդկանց շրջանում: Հետազոտությունը բացահայտում է սոցիալական միասնության բարելավման գործնական տարբերակներ եւ առաջարկներ` կոչ անելով տեղական եւ ազգային համագործակցության: