Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսգենդերների (ԼԳԲՏ) մասին ամենատեղեկացվածն ու նրանց հանդեպ Հայաստանում ավելի հանդուրժող են կանայք եւ 18-30 տարեկան երեւանաբնակ երիտասարդները:
Սա «Մենք ենք եւ մեր իրավունքները» ծրագրի շրջանականերում կատրված հետազոտության ամփոփիչ եզրակացությունն է: Այս ծրագիրը, որն իրականացվում է «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից, սկսվել է 2009 թվականից եւ դրա նպատակներից մեկը ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հասարակության ընկալումները բացահայտելն է:
Հետազոտությունը կատարվել է համատեղ` «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնի կողմից, որի փորձագետ Արուս Հարությունյանի խոսքերով`ուսումնասիրությունը կատարվել է Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 1156 մարդու շրջանում:
Առաջին հերթին նշվում է, որ հասարակությունը թերի է տեղեկացված փոքրամասնությունների մասին: Հարցվածների 18.6 տոկոսը համարում է, որ դա հիվանդություն է, 12.7 տոկոսի կարծիքով` Արեւմուտքի բացասական ազդեցության հետեւանք, 10.8 տոկոսի կարծիքով` դաստիարակության արդյունք, այլ պատճառներ էլ են նշվում:
Արուս Հարությունյանի խոսքերով` ԼԳԲՏ անձանց մասին տեղեկություններ մարդիկ գլխավորապես ստանում են հեռուստացույցից (53.6 տոկոս), իսկ այդ ինֆորմացիան հիմնականում կարծրատիպային է:
Հետազոտության համաձայն` մեր հասարակությունը աչքի է ընկնում նաեւ համասեամոլների հանդեպ իր անհանդուրժողականությամբ` 49.6 տոկոսը բացասական վերաբերմունք ունի, իսկ հանդուրժող է 14.4 տոկոսը:
Արուս Հարությունյանը նշեց, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ առավել հանդուրժող են կանայք, քան տղամարդիկ: Նկատվում է նաեւ, որ ավելի հանդուրժող են կին ԼԳԲՏ անձի հանդեպ:
Հարցվածների 66.9 տոկոսի կարծիքով` ԼԳԲՏ անձանց հասարակությունը պետք է դատապարտի, 52.7 տոկոսը համարում է, որ այդպիսին լինելը անհարիր է հային, 70.9 տոկոսը` որ նրանք տարօրինակ մարդիկ են, 97.4 տոկոսը` շեղում ունեն:
Հարցվածների 53 տոկոսը պատրաստ է դադարեցնել իր հարաբերությունները բարեկամի, ընկերոջ, ծանոթի հետ, եթե պարզի նրա ԼԳՏԲ լինելը:
«Ով նորմայից դուրս է, պիտակավորում ենք, նվաստացնում ենք»,- ասաց «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը` նշելով, որ այս երեւույթը վերաբերում է ոչ միայն վերոնշյալ անձանց:
Հարց տրվեց, թե երբ խոսվում է ԼԳՏԲ-ների հանդեպ հանդուրժողական լինելուց եւ նրանց իրավունքների պաշտպանությունից, արդյո՞ք չպետք է դիտարկել այն, որ նրանցից էլ պետք է պաշտպանել հասարակությանը, քանի որ նրանք էլ կարող են բացասական ազդեցություն ունենալ, չեն բացառվում նաեւ նրանց կողմից բռնի սեռական գործողությունները: Մ. Հովսեփյանը այդ կապակցությամբ նշեց, թե բռնի սեռական գործողությունները քրեորեն պատժելի են, իսկ առհասարակ, պետք չէ մեկի վատ արարքն ընդհանրացնել ամբողջ համայնքի վրա` կա լավ գեյ, կա վատ գեյ:
Մ. Հովսեփյանը նշեց նաեւ, որ ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի չափերի վերաբերյալ ուսումնասիրություններ չեն արվել, սակայն միջազգային հետազոտությունները փաստում են, որ այս անձինք ազգաբնակչության 4-5 տոկոսն են: