կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 15:34
Տնտեսական

Ինչքա՞ն հող ունենք եւ ինչի՞ համար

Ինչքա՞ն հող ունենք եւ ինչի՞ համար

Այսօր գործադիրն ընդունեց ՀՀ հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ 2011 թ. հաշվետվությունը:

 

Այսպես, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ՀՀ տարածքը կազմում է 2974.3 հազար հա, որից  ոռոգվում է ընդամենը 207.9 հազար հա-ը: Գյուղատնտեսական հողերը մեր երկրում  2077 հազար հա են, որից ոռոգվում է 154.6 հազարը, այդ թվում` վարելահողեր` 449.2 հազար հա (ոռոգվում է 120.9 հազար հա), բազմամյա տնկարկները` 33 հազար հա (ոռոգվում է 32.2 հազար հա), խոտհարքներ` 128.3 հազար հա (ոռոգվող` 1.5 հազար հա), արոտներ` 1067.2 հազ. հա:

 

ՀՀ-ում բնակավայրերի հողերը, ըստ կոմիտեի տվյալների կազմում են 152.2 հազար հա, որից ընդամենը 52.9 հազար հեկտարն է ոռոգվում: Արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողեր 33 հազար հա են, հատուկ պահպանվող տարածքների հողերը`  298 հազար հա, անտառային հողերը` 343.1 հա, որից ընդամենը 0.4 հազար հա-ն է ոռոգվում, իսկ պահուստային համարվում է ընդամնեը  0.6 հազար հա տարածք:

 

«ՀՀ հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ 2011թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հրապարակումից հետո նորացված եւ ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական եւ ոչ պետական մարմինները եւ այլք:

 

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն` հողային հաշվեկշռում փոխվել են ՀՀ Կոտայքի եւ Լոռու մարզերի վարչական տարածքները: Այսպես` Կոտայքի մարզից 991 հա տարածք փոխանցվել է Լոռու մարզին: Հաշվետվության համաձայն` 2010 թվականի համեմատ, բնակավայրերի հողերն ավելացել են 0.46 հազար հեկտարով, որից` 339 հեկտարով գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին, այդ թվում` Արագածոտնում` 17 հա, Արարատում` 27 հա, Արմավիրում` 3 հա, Լոռում` 1 հա, Կոտայքում` 82 հա, Սյունիքում` 10 հա, Վայոց ձորում` 5 հա եւ Երեւանում` 194 հա:

 

Արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը, 2010 թվականի համեմատ, ավելացել են ավելի քան 1.1 հազար հեկտարով, այդ թվում` 978 հեկտարով ի հաշիվ գյուղատնտեսական նշանակության հողերի, որից` Արագածոտնում` 4 հա, Արարատում` 257 հա, Գեղարքունիքում (գ. Սոթքում` ընդերքօգտագործման)` 625 հա, Լոռու մարզում` 6 հա, Կոտայքում` 59 հա, Սյունիքում` 13 հա եւ Վայոց ձորում` 12 հա:

 

Էներգետիկայի, կապի, տրանսպորտի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը, 2010 թվականի համեմատ, ավելացել են 0.3 հազար հա-ով, այդ թվում` 310 հա-ն ի հաշիվ գյուղատնտեսական նշանակության հողերի: Հատուկ պահպանվող հողերը, 2010 թվականի համեմատ, ավելացել են 48.65 հազար հեկտարով, այդ թվում` բնապահպանական հողերը ավելացել են 49.04 հազար հեկտարով, որից` 17372 հա Վայոց ձորի մարզում անցել  է Ջերմուկի ջրաբանական արգելավայրին, 31674 հա տարածք էլ Սյունիքի մարզի «Արեւիկ» ազգային պարկին: