Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը տեսնելու համար պետք է վճարել, եթե ձեռքիդ տոպրակներ ունես ու կասկածելի է, որ դրանցում ուտելիք կա:
Տրամաբանությունն այսպիսին է. եթե ձեռքիդ ուտելիք կա, ուրեմն գնում ես գետի ափին հանգստանալու, իսկ եթե միայն հուշարձանն ես ուզում տեսնել, ապա տոպրակներդ հետդ մի տար:
Այսպես տրամաբանում է Հրանտ Համբարձումյանը, ով հուշարձան տանող ճանապարհին ձոր գնացողների առաջը կտրում է ու գումար պահանջում` իր հողատարածքում հանգստանալու համար. մեկ հոգու համար գանձում է 200, իսկ ավտոմեքենայով անցնելու համար 1000 դրամ: Ու երեւի հուշարձանին նայելով բրդուճ ուտելը հանգստանալ չէ կամ էլ այսուհետեւ արգելված է: Կամ էլ պետք է ինչ-որ կերպ ապացուցել, որ հուշարձանին ես միայն մոտենալու եւ չես մտնելու Հ. Համբարձումյանի սեփականություն հանդիսացող հողատարածք: Իսկ ինչպե՞ս ապացուցել` մեծ հարց է:
Մի խումբ զբոսաշրջիկներ «Երկիր»-ին տեղեկացրին, թե հուշարձանին մոտենալու, այնուհետեւ Ազատ գետի ափին մի կտոր հաց ուտելու համար վճարել են 2400 դրամ:
Սպիտակահեր տղամարդուց հարցրել են, թե ինչի՞ համար են վճարում, պատասխանել է, որ ինքն ապահովում է տարածքի մաքրությունն ու հոգում է դեպի ձորը տանող ճանապարհի բարեկարգ լինելու մասին: Սակայն, հայ ընկերները գետինն են մտնել արտասահմանցի զբոսաշրջիկների մոտ, երբ ձորն իջնելուց հետո ամեն քայլափոխի աղբակույտերի են հանդիպել: Աղբն անպակաս է նաեւ հուշարձանի տարածքում:
Այցելուներն ասում են, որ դեմ չեն այդ 200 հարյուր կամ 1000 դրամը վճարել, բայց պետք է դրա դիմաց համապատասխան ծառայությունները մատուցվեն, գոնե տարածքը աղբից մաքուր լինի:
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյան մեզ հետ զրույցում նշեց, որ դա նախարարության տարածքը չէ, եւ պատկանում է համայնքին: Իսկ այն նկատառամանը, որ «Քարերի սիմֆոնիան» հաշվառված է բնության պետական թանգարանում, Ա. Պեպանյանը պատասխանեց, որ մի քանի հարյուր այդպիսի հուշարձաններ կան, որոնք պետք է անձնագրավորվեն, եւ արված չեն համապատասխան գումարների բացակայության պատճառով.
«Պետք է այնտեղ ռեժիմ հաստատվի, սահմանները հստակեցվեն, հսկողներ լինեն»,- Ա. Պեպանյանը հավելեց, որ վերոնշյալ աշխատանքները կատարելու համար կառավարությանը ծրագիր է ներկայացվել: Սակայն մինչ կառավարության որեւէ բան որոշելը այդ հուշարձաններն այդպես էլ ցուցակում կմնան` միայն թղթի վրա նշված:
Այս խնդրի վերաբերյալ զրուցեցինք Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ: Վերջինս նշեց, որ ոչ ոք իրավունք չունի ընդհանուր օգտագործման ճանապարհը փակելու եւ գանձումներ անելու համար. այս մասին բազմիցս ինքը խոսել է Հրանտ Համբարձումյանի հետ, սակայն ոչ մի արդյունք չունենալուց հետո դիմել է Կոտայքի ոստիկանության բաժանմունք:
Սակայն, ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գյուղապետի գրությունն անհետեւանք է մնացել, քրեական գործ չի հարուցվել:
Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Հրանտ Համբարձումյանը Գառնու ձորում ունի մոտ 2400 քկմ հողատարածք, որն օգտագործում է որպես վճարովի հանգստյան գոտի: Անհատ ձեռներեց Համբարձումյանը ոստիկանությանը ներկայացրել է իր գործունեության օրինականության վերաբերյալ փաստաթղթեր, համաձայն դրանց` իր գործունեությունը գրանցված է Կոտայքի հարկային տեսչությունում, որտեղ կատարում է իր հարկային պարտականությունները: Անհատ ձեռներեցը ՀԴՄ կտրոն է տրամադրում հաճախորդներին:
Իսկ թե ինչու՞ է հենց ճանապարհի սկզբում գանձումներ անում, Հ. Համբարձումյանը բացատրել է, թե իր հանգստյան գոտին գտնվում է 2.5 կմ հեռավորության վրա եւ ինքն ի վիճակի չէ ավտոմեքենաների հետեւից ձոր իջնել: Սակայն այստեղ տարօրինակն այն է, որ նրա ճանապարհի սկզբնամասից ձոր իջնելու պետքն էլ չկա, թող իր հանգստյան գոտու մոտ դիմավորի պոտենցյալ հաճախորդներին: Մյուս կողմից` գանձումները կատարվում են նաեւ անհատներից, եւ թերեւս նրանց հետ ձոր իջնել կարող է:
Ոստիկանությունից տեղեկանում ենք նաեւ, որ գանձումները կատարվում են միայն նրա հանգստյան գոտուց օգտվողներից, պատահական ձոր իջողներից գումար չեն պահանջում, եւ գործը քննելիս չեն եղել մարդիկ, ովքեր կվկայեին հակառակը: Այս իսկ պատճառով էլ գյուղապետի գրության հիման վրա հավաքված նյութերը անհետեւանք են թողնվել, մերժվել է քրեական գործի հարուցումը:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ