Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
7-ամյա Մելինեին 2-րդ դասարան ուղարկելը մոր` Աննայի (անունները փոխված են) ընտանեկան բյուջեին արժեցել է շուրջ 45 հազար դրամ: Գումարի մեջ չեն մտնում մինչսեպտեմբերյան ծախսերը` հագուստ ու գրենական պիտույքներ: «Ուսումնական տարին դեռ նոր էր սկսվել, մատյանի փող ուզեցին` 1100 դրամ հավաքեցինք մատյանի, 700 դրամ` մատյանի կազմի համար,- պատմում է Աննան:- Այնուհետեւ պարտադրեցին հատուկ տետրեր գնել, որոնց արժեքն սկսվում է 350-400-ից մինչեւ 800 դրամ, ընդ որում` 800 դրամ արժե երգի տետրը, որը գրեթե չի օգտագործվում: Մտածում էինք, որ այդքանով կպրծնենք, բայց վատագույնը դեռ առջեւում էր»:
Աբովյան քաղաքի բնակչուհի Աննան, որի երեխան սովորում է տեղի թիվ 5 դպրոցում, պատմում է, որ մի օր էլ ուսուցիչը ծնողկոմիտեին պատվիրեց համատեղ ուժերով մաքրել դասարանը: «Ինձ ասացին, որ կա՛մ անձամբ գամ ու մի քանի այլ ծնողների հետ մաստիկա քսեմ, կա՛մ էլ փող տամ մի ուրիշին, որ գա ու իմ փոխարեն մաքրի դասարանը: Ես էլ 1000 դրամ տվեցի դպրոցի հավաքարարին, որ իմ փոխարեն մաքրի: Բայց հավաքարարը ինչի՞ համար է փող ստանում, չգիտեմ»,- տարակուսած ու վրդովված ասաց Աննան:
Վանաձորի դպրոցներից մեկում իրավիճակն ավելի վատ է. տարին դեռ չսկսված` այստեղ ծնողներից անգամ «ռեմոնտի» փող են հավաքել: Հիմա էլ ակտիվ կերպով նախաձեռնել են ուսուցչի օրվա նվերի փողի հավաքագրումը, բայց սա արդեն ծնողների նախաձեռնությունն է:
«Սեպտեմբերի 1-ին ծնողները որոշեցին, որ պետք է ծաղկի փող հավաքենք, ասացին` դե սեպտեմբերի 1 է, ամոթ է, որ առանց ծաղկի դիմավորենք դասվարին: Հիմա էլ ուսուցչի տոնն է, բայց կենացները թանկացել են. այս տարի արդեն յուրաքանչյուր ծնողից 1000 դրամ են հավաքում, ընդ որում` նվեր չեն առնելու, ծրարով փողն են տալու, որ ինչ ուզի` առնի»,- ասում է 3-րդ դասարանի աշակերտ Մանեի ծնողը:
28-ամյա Ռուզանը դպրոցում արմատավորված այս արատավոր երեւույթների պատճառը համարում է ծնողներին: Նրա կարծիքով, շատ դեպքերում հենց ծնողներն են նախաձեռնում այն, ինչից ծնողների մյուս` ավելի անապահով հատվածը նեղսրտում ու լուռ դժգոհում է:
Դրամահավաքությունն աննախադեպ չափերի է հասնում, բայց ԿԳՆ-ի թեժ գիծը զարմանալիորեն լուռ է: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում գոհունակությամբ նշեց, որ այս տարի ոչ մի ահազանգ չունեն` համեմատած անցյալ, առավել եւս` նախանցյալ տարիների հետ: «Անցած տարիներին այս օրերին գիտե՞քՙ մեզ մոտ ինչ էր կատարվում... Իսկ հիմա թեժ գծում նամակներ չկան` մեկ, երկու, երեք բողոք, ոչ ավելի»,- ասում է տիկին Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ, կրթության նախարարությունն արդեն տարիներ շարունակ պայքարում է դրամահավաքության դեմ, եւ այդ պայքարը որոշակի արդյունքներ է տվել: «Կրթության վարչության պետերին ասել ենք` բոլոր տիպի դրամահավաքությունները, այդ թվում` ուսուցչի տոնը, արգելել դպրոցներում: Շատ դպրոցներում այդ պարտադրանքը տեղ է հասել, ու շատ դպրոցներում դա չեն անում, մյուսներն էլ պիտի չանեն: Ինչ վերաբերում է ուսուցչի տոնին, ապա, իմ կարծիքով, դրա նախաձեռնողը ծնողներն են: Մենք խնդրում ենք ծնողներին, որ չանեն այդ նվերները. չե'ն ուզում ուսուցիչները, թող չանեն: Մի երկու-երեք պարապ-սարապ տնային տնտեսուհի որոշում են, որ պետք է անպայման նվեր առնեն, այդ նվերը առնում են, դառնում ա սենց պատմություն... »,- ասում է Ն. Հովհաննիսյանը:
Իսկ «մատյանի փող» ասվածը հանրակրթության վարչության պետին զարմացրեց. «Նախարարությունը դպրոցներին տրամադրում է մատյաններ, ինչպե՞ս կարող են մատյանի համար գումար գանձել ծնողներից»:
Նրան, սակայն, չզարմացրեց այն հանգամանքը, որ ուսուցիչները ծնողներին պարտադրում են դասասենյակների մաքրության համար կա՛մ գումար հավաքել ու տալ դպրոցի հավաքարարին, կա՛մ անձամբ գնալ փայլեցնել դասասենյակի հատակն ու մաքրել պատուհանները: «Գիտեմ, կա նման բան»,- խոստովանեց հանրակրթության վարչության պետը` նշելով, որ դա էլ է արգելված, որ դպրոցը պարտավոր է ինքը կազմակերպել մաքրության հարցը: «Ի՞նչ կա նրա մեջ, որ ծնողներից կամ աշակերտներից մեկը որոշի` ինչո՞ւ, ասենք հավաքվենք մաստիկա քսենք կամ էլ պատուհանը մաքրենք, եկեք հավաքարարին փող տանք, թող մաքրի»,- ասում է Ն. Հովհաննիսյանը` այնպիսի տոնով, կարծես օրումեջ իր զավակի դասարանը մաստիկա է քսում, այն էլ` սեփական նախաձեռնությամբ:
Այս դեպքում արդեն անհասկանալի է դառնում, թե ինչի համար են վարձատրվում դպրոցի հավաքարարները, եթե դասասենյակները մաքրելու գործին պետք է լծվեն ծնողները:
ԿԳՆ աշխատակցի խոսքով, նախարարությունը չի կարող մտնել ամեն մեկի դռնից ներս: Ցավալին այն է, որ ամենամեծ ըմբոստացողներն այս բարքերի դեմ հենց իրենք` ծնողներն են, սակայն, ինչպես հատուկ է մեր հասարակությանը, շատերս սովոր ենք փսփսալ միայն պատերի տակ, բայց ոչ մի հարցում հանկարծ հետ չմնալ հարեւանից:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ