կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 14:12
Տնտեսական

Ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով

Ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով

Վերջին տարիներին Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության աճի շարունակական միտումներ են արձանագրվում. 2011թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում այն աճել է մոտ 30%-ով` կազմելով 157,4 միլիոն ԱՄՆ դոլար: 

 

Սեպտեմբերի 23-27-ն աշխատանքային այցով Ուկրաինա էր մեկնել ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկը ստորագրել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ 2012թ. համատեղ գործողությունների ծրագիր: Այն կնպաստի մաքսային ոլորտում երկկողմ փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի ներդաշնակեցմանը,  մաքսային իրավախախտումների դեմ համատեղ պայքարի ծավալմանը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների լայնորեն օգտագործմանը տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը:

 

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ գալիք տարի համատեղ ծրագրեր կիրականացվեն կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման նպատակով: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է հայ-ուկրաինական մաքսային համակարգերի համագործակցության բարձր մակարդակը` նշելով, որ այն նոր լիցք է ստացել վերջին երկու տարում` նաեւ Ուկրաինայի մաքսային համակարգի նոր ղեկավարության ներդրած ջանքերի շնորհիվ: