կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-23 13:45
Մշակույթ

Ես թուրք եմ, սակայն դա ոչինչ չի նշանակում. թուրք երգչուհի Լեման Շտեհնը Հայաստանում է

Ես թուրք եմ, սակայն դա ոչինչ չի նշանակում. թուրք երգչուհի Լեման Շտեհնը Հայաստանում է

Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տաղարան» համույթի /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՝ Սեդրակ Երկանյան/ համերգը`«Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով: Համերգին ելույթ կունենա նաև գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:

Այսօր երգչուհին լրագրողներին ասաց, որ ինքը գնահատում է բոլոր ժողովուրդների մշակույթը և կարծում, որ մշակույթն ազգություն չի ճանաչում: «Բոլոր ժողովուրդների մշակույթը մի մեծ գանձ է, այդ թվում` հայկականը: Ձեր մշակույթի հետ սկսել եմ առնչվել դեռ այն ժամանակ, երբ համալսարանում էի սովորում: Այդ ժամանակ էլ ծանոթացա Ստամբուլի պետական օպերայի և բալետի թատրոնի ներկայիս տնօրեն Գևորգ Դավթյանի հետ, որի շնորհիվ էլ հայկական երաժշտությունը սկսեցի սիրել ու ուսումնասիրել»,- ասաց նա:

Շտեհնը նշեց նաև, որ Թուրքիայի Միմար Սինանի համալսարանում իրենք փոքրիկ երգչախումբ ունեին, և Դավթյանն իրենց հայկական երգեր էր սովորեցնում, որոնք էլ տոնական օրերին ներկայացնում էին հանդիսատեսին:

Ի դեպ, Շտեհնը նաև Եվրոպական համերաշխության խորհրդի անդամ է, և Գերմանիայում մի շարք եկեղեցիներում հայկական երգեր է երգել ու ասել, որ ճանաչում է Ցեղասպանությունը:

Երգչուհին նշեց, որ իր համար շատ կարևոր է Թուրքիայի կողմից Ցեղասպանությունն ընդունելու հանգամանքը, քանի որ միայն այդպես երկու հարևան պետությունները կարող են մտերմանալ: «Գուցե մեր երկրների իշխանություններն իրար հետ լեզու չեն գտնում, բայց ժողովուրդը դրանում մեղավոր չէ: Կարծում եմ` մենք բոլորս պետք է կանգնենք և պայքարենք, մենք պետք է ճշմարտության կողմը լինենք»,- կարծիք հայտնեց նա:

Շտեհնը խոստովանում է` թուրքական մամուլում լինում են իր հասցեին հնչող քննադատություններ, բայց դրանք իրեն չեն հետաքրքրում: «Ես մենակ չեմ, համախոհների մի մեծ բանակ ունեմ, որոնք նույնպես ուզում են, որ համերաշխություն և եղբայրություն հաստատվի»,- ասաց նա:

Երգչուհին հայտնեց, որ իր պապի պապը քրիստոնյա որբ է եղել, և ինքը հետաքրքրվել է` արդյո՞ք հայի արյուն չկա իրենց տոհմում: «Ես թուրք եմ, սակայն դա ոչինչ չի նշանակում, ես այսօր այստեղ եմ, որպեսզի Կոմիտաս երգեմ, հայկական ժողովրդական երգեր ներկայացնեմ, քանի որ հայկական երաժշտությունը շատ եմ սիրում»,- շեշտեց նա: