Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ խորհրդարանական ուժերի տարբեր ներկայացուցիչներ այսօր մասնակցեցին «Մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական» թեմայով քննարկմանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը քննարկումը ժամանակավրեպ համարեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր Ընտրական օրենսգիրքն արդեն ընդունվել է: Ամեն դեպքում հիշեցրեց Հանրապետական կուսակցության տեսակետը` իրենք դեմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, քանի որ կարծում են, որ մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորներն ավելի ակտիվորեն են զբաղվում կոնկրետ ընտրատարածքի խնդիրներով:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե հասարակությանը ոչ թե ընտրությունների` մեծամասնական կամ համամասնական լինելն է հուզում, այլ դրանց արդար ու թափանցիկ անցկացումը: «ԲՀԿ-ն իր ծրագրում, որպես հեռահար նպատակ, ֆիքսել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Կարծում ենք, որ որքան զարգանան եւ բյուրեղացվեն քաղաքական կուսակցությունները մեր երկրում, ի վերջո, հանգրվանը պետք է լինի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Բայց մենք հասկանում ենք նաեւ, որ գործ ունենք առկա իրողությունների հետ, եւ այսօր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը կարող է արդարացված չլինել»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ընդամենը մեկ նորմալ ընտրություն է տեղի ունեցել` 1990 թվականի մայիսին` Խորհրդային օրենսդրության պայմաններում: «Եթե պետության մեջ չկա քաղաքական կամք, հասարակության մեջ չկա քաղաքական ակտիվություն եւ իշխանությունն իսկապես շահագրգիռ չէ նորմալ ընտրություն անցկացնել, ուրեմն ցանկացած մոդել չի կարող արդյունավետ լինել»,- ասաց նա:
«Ժառանգության» ներկայացուցչի համոզմամբ` այս պահին մեր պետության համար 100 տոկոսանոց ընտրակարգը պարզապես անհրաժեշտություն է: «Նույնիսկ կուսակցություններ կան, որ այդ մարդկանց անուններն ամաչում են ընդգրկել իրենց համամասնական ցուցակներում, մտածում են, որ կվարկաբեկվեն եւ ուղարկում են մեծամասնական ընտրատարածք»,- հայտարարեց նա:
Իսկ ՀՅԴ պատգմավոր, ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով քննարկվող խնդրին, ասաց, որ հարցը էական նշանակություն չունի ժողովրդավար երկրներում: «Այն երկրում, որտեղ ժողովրդավարություն կա, ուզում ես մեծամասնական ընտրություն ունեցի, ուզում ես` համամասնական, ընտրությունները նորմալ են անցնում, եւ արդյունքում ձեւավորված խորհրդարանը լեգիտիմ է լինում: Իսկ Հայաստանում դա էական է, որովհետեւ ժողովրդավարություն չկա»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավորը: Նա նշեց, որ ժողովրդավարություն հաստատելու համար առնվազն մեկ ժողովրդավարական ընտրություն պետք է անցկացնել, սակայն 1990 թվականից այս կողմ որեւէ ընտրության արդյունքում իշխանափոխություն չի եղել. իշխանությունները վերարտադրվել են: