կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-11 10:29
Քաղաքական

Արդարադատության նախարարը ներկայացրեց նոր համամասնական ընտրակարգի նրբությունները

Արդարադատության նախարարը ներկայացրեց նոր համամասնական ընտրակարգի նրբությունները

Քննարկումը նպատակ ունի վեր հանել ԸՕ բոլոր անհասկանալի դրույթները. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԸՕ նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Ընտրական օրենսգրքով պետք է փորձ արվի լուծել այն հիմնական խնդիրները, որոնք դրված են Սահմանադրության մեջ:

«Մասնավորապես` համամասնական ընտրակարգ ապահովելը, կայուն մեծամասնություն ապահովելը և մի շարք այլ խնդիրներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում: Այս տեսանկյունից` Ընտրական օրնեսգրքում փորձ է արվել լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել են և խնդրահարույց են համարվել»,- ասաց նա` հավելելով, որ ցանկանում է առաջին հերթին անդրադառնալ համամասնական ընտրակարգի ապահովմանը:

«Սահմանադրությունը նախատեսում է, որ ԱԺ-ի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրական համակարգով, և այս ընթացքում համամասնականի տարատեսակ մոդելների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհում կան համամասնական ընտրակարգով տարբեր երկրներ, և դրանք ունեն բազմաթիվ առավելություններ ու թերություններ: Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը համամասնական ընտրակարգի դեպքում համարվում է ընտրողի և ընտրատարածքի միջև կապի բացակայությունը, իսկ մեծամասնական ընտրական համակարգի պարագայում գործ ունենք անհատի գործոնի ընդգծման կամ շեշտման հետ»,- նշեց նախարարը:

Նրա բնորոշմամբ` այն մոդելը, որն առաջարկվել է, ներկայացնում է կուսակցության և անհատի սկզբունքների համադրման հաջողված մոդել: «Մենք առաջարկում ենք, որ ՀՀ տարածքը բաժանվի 13 ընտրատարածքների, ինը` մարզերում, չորսը` Երևանում: Սրանով կերաշխավորվեն համամասնական ընտրական համակարգի առավելությունները, և ընտրողը հնարավորություն կունենա հասկանալու, թե ով է իր պատգամավորը և որ տարածքից է նա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև. «Մենք նախատեսում ենք, որ յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պիտի ներկայացնի համապետական ցուցակ և տարածքային ցուցակներ: Համապետական ցուցակն էլ բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ընդգրկված են այն թեկնածուները (նվազագույնը` 80, առավելագույնը` 100), որոնցից կազմվում են տարածքային ցուցակները: Տարածքային ցուցակներում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածու առկա է նաև համապետական ընդհանուր ցուցակում: Համապետական ցուցակում կարող են լինել նաև թեկնածուներ, որոնք տարածքային ցուցակներում ընդգրծկված չեն: Մանդատների բաշխումը կատարվում է` հաշվի առնելով 101 պատգամավորների թիվը և գումարած համապետական ցուցակի երկրորդ մասով երաշխավորված և Սահմանադրությամբ երաշխավորված չորս ազգային փոքրամասնությունների տեղերը: Այսինքն` 105 մանդատի սկզբունքով»:

Նախարարն ընդգծեց նաև, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ հիսուն-հիսուն սկզբունքով են բաշխվելու համապետական և տարածքային ցուցակները: «ԱԺ ընտրվելու և մանդատների բաշխման մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է 53 մանդատ կամ ընդհանուր 51 տոկոսը: Մենք նախատեսում ենք նաև, որ հնարավոր է ձևավորվեն կոալիցիաներ, բայց ավելի կարևոր է այն, որ Սահմանադրությունը նախատեսում է կայուն խորհրդարանական մեծամասնության համակարգը»,- ասաց նա: