կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-28 15:35
Արցախ

ՀՅԴ Արցախի կառույցը կողմ է 100% համամասնական ընտրակարգին

ՀՅԴ Արցախի կառույցը կողմ է 100% համամասնական ընտրակարգին

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների` 100 % համամասնական ընտրություններին եւ  խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ  թե’ լրատվական դաշտում, թե’ քաղաքական որոշ օղակներում քննարկումներ են ընթանում: Նման քննարկումներ կան նաև Արցախում:  Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն այդ քննարկումները տրամաբանական է համարում, քանի որ հայաստանյան եւ արցախյան քաղաքական դաշտը շատ առումներով իրարից չեն տարբերվում:

 

«Ինչ վերաբերում է 100% համամասնական ընտրակարգին, ապա դեռևս տարիներ առաջ ՀՅԴ դիրքորոշումը  թե’ ՀՀ , թե’ ԼՂՀ տարածքում միանշանակ 100 % համամասնական ընտրակարգին անցնելն է, եւ առաջիկայում, եթե լինեն նման բաց քննարկումներ  ՀՅԴ-ն միանշանակ կողմ կլինի եւ պիտի փորձի այլ քաղաքական ուժերին համոզել, որ ժողովրդավարական պետության ստեղծման գործընթացում լավագույն տարբերակը խորհրդարանական ընտրությունների 100% համամասնական ընտրակարգին անցնելն է: Մեծամասնական ընտրակարգի օգտագործումը տալիս է այս կամ այն քաղաքական ուժին մանեւրելու, ժողովրդին` ընտրազանգվածին, մոլորության մեջ գցելու հնարավորություն»,- aparaj.am -ին ասել է  Իշխանյանը:

 

Իշխանյանը համոզված է որ բավարար աշխատանքի դեպքում կարելի է իրականացնել դա, նա նաեւ կարեւորում է իշխանությունների մոտեցումն այս հարցին:

 

 «Կարծես թե, իշխանությունների մոտ կա նման տրամադրվածություն, քանի որ այն լավագույն տարբերակն է ներքին համերաշխություն ստեղծելու, քաղաքական ճնշումներից զերծ մնալու եւ ճիշտ ու ժողովրդական ընտրություններ անցկացնելու համար: Կան նախանշաններ այդ առումով, եւ հույսեր կան, որ ապագայում կլինեն ազատ եւ բաց քննարկումներ 100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ»,- ասել է Իշխանյանը:

 

Խորհրդարանական կառավարման համակարգին  անցնելու մասին, ըստ Դավիթ Իշխանյանի, վաղ է եզրահանգումներ կատարել, ըստ նրա` պարզապես պետք է հարցին մոտենալ բազմակողմանիորեն, պատշաճ քննարկել այն եւ եզրահանգման գալ:

 

«Իսկ ո՞վ է ասել, որ նախագահական կառավարման համակարգը անընդունելի է: Խնդիրը օրենքների գերակայության եւ օրենքների կիրառման մեջ է: Դժբախտաբար, մենք հաճախ ենք շրջանցում օրենքները եւ հետեւանքներ փնտրում այս կամ այն կառավարման մոդելի մեջ»,- նշել է Իշխանյանը:

 

Հարցին, թե նման համակարգին անցնելը հղի չէ՞ արդյոք վտանգներով, մասնավորապես` ներկա իշխանության վերարտադրվելու վտանգով, Իշխանյանը պատասխանել է, որ այդ պարագայում քաղաքական կամքի եւ այն ցուցադրելու խնդիր կլինի: