Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք-ադրբեջանական սփյուռքի ֆորումը, որն անցկացվել է 2007-ին Բաքվում` ապրիլի 24-ի նախօրեին, երբ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, նպատակ է ունեցել հակակշիռ ուժ ստեղծել ընդդեմ հայկական սփյուռքի. ասվում է Անկարայում ԱՄՆ հյուպատոս Ջենիս Ուեյների` պետքարտուղարությանն ուղղված զեկույցում, որը գաղտնազերծել է Wikileaks-ը:
«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը չափազանց խղճուկ վիճակում է, թեեւ Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները հայտնում են, որ արտգործնախարար Գյուլը Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսում է դիմել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` դրական քայլեր ձեռնարկելու նպատակով»,- գրում է դեսպանը:
Փաստաթղթում նշվում է, որ 513 գործարարներ եւ քաղաքական ու հասարակական գործիչներ, ովքեր ներկայացնում են Թուրքիան 48 երկրներում, մասնակցել են ֆորումին, որին ներկա են եղել նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը:
Ֆորումի մասնակիցները որոշել են ձեւավորել թուրք-ադրբեջանական սփյուռքի համատեղ ռազմավարություն, համագործակցել աշխարհի թյուրքալեզու ժողովուրդների հետ, նաեւ ընդունել են Բաքվի հռչակագիրը:
Ֆորումի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Սուլեյման Գոկչեն, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ անգամ Թուրքիայի սիմվոլիկ ժեստը բավարար չի լինի Հայաստանում կոշտ քաղաքականության կողմնակիցների համար: Նա Հայաստանի արտգործնախարար Օսկանյանին անվանել է «անհաշտ եւ չաջակցող» հայ-թուրքական հարաբերությունների հարցում:
Ամերիկացի դիվանագետի մեկնաբանության մեջ նշվում է, որ թեեւ Գոկչեն բացեիբաց չի հայտարարել, որ ֆորումն ուղղված է հայկական սփյուռքի դեմ, սակայն նրա խոսքից կարելի է եզրակացնել, որ ֆորումի միակ նպատակը թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերով հայկական սփյուռքի ազդեցությունն աշխարհում թուլացնելն է: