Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՎՏԲ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում տարիներ առաջ հայտնաբերված մեքենայությունների արդյունքում տուժած քաղաքացիները շարունակում են բողոքել: Այսօր մի խումբ մարդիկ գնացել էին ԼՂՀ նախագահի նստավայր՝ նախագահի հետ հանդիպում պահանջելու, սակայն նրանց տեղեկացրել են, որ նախագահն այնտեղ չէ։
Այս մարդիկ yerkir.am-ի հետ զրույցում ասել են, որ եթե իրավապահ մարմինները շարունակեն ձգձգել հարցի լուծումը իրենք ստիպված կլինեն այլ միջոցների դիմել։
Բանն այն է, որ 3 տարի առաջ մոտ մեկ տասնյակ մարդիկ (հնարավոր է նաեւ դրանից ավելի) ՎՏԲ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Շարմաղ Գրիգորյանի միջոցով, որպես ավանդ, գումար են մտցրել բանկ, նրանցից ոմանց հաշվապահը փաստաթղթեր է տվել, մասնավորապես` գրքույկ` մասնաճյուղի կնիքով, իսկ մի քանիսից էլ գումարը վերցրել են պարտավորագրով, որ 2 տարի ժամկետով է գումարը վերցվում եւ պարտավորվում են վերադարձնել։ Այդ երկու տարին վաղուց անցել է, սակայն ոչ ոք իր գումարը հետ չի ստացել։ Գումարը չեն կարողանում ստանալ նաեւ գրքույկ ունեցողները։
ՎՏԲ-ն այժմ մասնաճյուղ չունի Ստեփանակերտում, փակվել է հենց այդ մեքենայությունները հայտնաբերվելուց հետո` չնայած փակումը որակում էին նաեւ որպես քաղաքական որոշում։ Այդ ժամանակ էլ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին մասնաճյուղի կառավարիչը, գլխավոր հաշվապահը եւ գանձապահը։ Սակայն, կառավարչից բացի, մյուս երկուսը կալանքի տակ էին. գանձապահին որոշ ժամանակ անց բաց թողեցին, իսկ գլխավոր հաշվապահին մի քանի ամիս հետո։ Կառավարիչն, ինչպես ասում են, այս ամենից դուրս էր մնացել։
Տուժած քաղաքացիների 3 տարվա բողոքներն ապարդյուն անցան. իրավապահ մարմիններում նրանցից վերցրին բոլոր փաստաթղթերը, գրքույկները՝ հարցը պարզելու նպատակով, բայց մինչեւ այժմ այդպես էլ հարցը չի լուծվում։ Դեռեւս գործ էլ չեն հարուցել։ «Մեր ամեն մի այցելության ժամանակ մեզ ինչ-որ ժամկետ են ասում` որ մի ամիս էլ սպասեք, եւս մեկը, եւ այդպես շարունակ։ Պատճառաբանում են իբր փաստաթղթերը էքսպերտիզայի են ենթարկում։ Բայց էքսպերտիզան հո տարիներ չի տեւում։ Ինչո՞ւ են անընդհատ մեզ խաբում ու գործ չեն հարուցում։ Մենք ուզում ենք գործ չհարուցելու պատճառն իմանալ»,- ասում է Արմեն Դանիելյանը, որի ներդրած ավանդը 5 մլն դրամ է։ Վարդան Երամիշյանն էլ 10 մլն է ներդրել, ունի գրքույկ, բայց, միեւնույն է, իր գումարը հետ չի կարողանում ստանալ։
Համեստ Իշխանյանը 22 հազար դոլար է ներդրել, Ռոբերտ Բաբայանը՝ 4 մլն 300 հազար, Հրանտ Սաֆարյանը՝ 2 մլն, Գրետա Ղազարյանը շուրջ 2 մլն դրամի ոսկին եւ այլն։ Նրանք եւ մի քանի քաղաքացիներ այսօր ընկել են անելանելի դրության մեջ, իսկ Շարմաղ Գրիգորյանն ազատության մեջ է: Ո'չ ոստիկանության, ո'չ էլ դատախազության դիմելն է արդյունք տալիս։ «Ոստիկանության քննիչներ Նարեկ Գրիգորյանն ու Իգոր Օհանյանն ամիսներ շարունակ խոստանում էին խաբեբայից ետ վերադարձնել մեզնից խարդախությամբ խլած գումարները։ Նույնպիսի խոստումներ էր տալիս Վ.Վանյանը՝ դատախազությունից, սակայն խոստումներն այդպես էլ մնացին։ Նույնիսկ գործ չեն հարուցում»,- փաստում են նրանք, ովքեր պահանջում են գործ հարուցել, այլապես ստիպված կլինեն դիմել ինքնադատաստանի, եթե հարցը չլուծվի։