կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 12:26
Առանց Կատեգորիա

Ինչու եւ ում վճարել անորակության համար

Ինչու եւ ում վճարել անորակության համար

Հանրային հեռուստաընկերությունը կոմերցիոն, մասնավոր ընկերություն չէ: Այն հիմնականում ֆինանսավորում ստանում է պետական բյուջեից, այսինքն՝ գործում է հիմնականում հարկատուների միջոցների շնորհիվ: Իսկ դա նշանակում է, որ Հանրային հեռուստաընկերությունն առաջին հերթին հենց հանրությանն է հաշվետու եւ պարտավոր է ապահովել այնպիսի եթեր, որը համապատասխանում է հանրության հետաքրքրություններին, գեղագիտական, տեղակատվական ճաշակներին եւ սպասումներին: Այլ կերպ ասած` Հանրային հեռուստաընկերության համար հանրային կարծիքը ոչ միայն մեծ, այլեւ ուղղորդիչ նշանակություն պետք է ունենա եթերային քաղաքականությունը մշակելիս:

Օրեր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը Facebook սոցիալական ցանցում քվեարկություն էր կազմակերպել «Աղբ եթերից» սիմվոլիկ մրցանակաբաշխության հաղթողին որոշելու համար: Մեծամասնությունը, համենայնդեպս, ինչպես երիտասարդական նախաձեռնությունն է հայտարարել, եթերային ամենամեծ աղբը ճանաչել էր հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալը: Ու որպեսզի այդ ակցիան եւ լսարանի կարծիքն անհետեւանք չմնա, ոչ միայն մրցանակն էր ուղարկել սերիալի նկարահանող խմբին, այլեւ սիմվոլիկ գումար` այդ աղբը եթերից հեռացնելու ակնկալիքով:

Եվ ահա, երեկ այս նախաձեռնությանն արձագանքել է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` ոչ միայն հայտարարելով, թե հանրայինը շարունակելու է եթեր տրամադրել «Աննա»-ի նման հեռուստանախագծերին, այլեւ հեգնելով, թե «Չենք լռելու» նախաձեռնությունն այս կերպ պարզապես փորձել է սերիալն օգտագործել իր գովազդն ապահովելու համար: Ալեքսան Հարությունյանն, իհարկե, կարող էր արհամարհել «Չենք լռելու»-ի երիտասարդներին եւ նրանց անցկացրած մրցանակաբաշխությունը: Բայց խնդիրը ոչ թե այդ նախաձեռնության մեջ է, այլ դրա միջոցով հանրային կարծիքի արտահայտման: Այսինքն՝ այն փաստի, որ սույն ակցիայով հանրայինի գոյությունն ու գործունեությունն ապահովող հարկատուները կամ նրանց առնվազն ավելի ինտելեկտուալ ու ակտիվ մասն ընդգծված բացասական, մերժողական վերաբերմունք են արտահայտում:

Եվ, ըստ էության, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահը ոչ թե այդ երիտասարդներին է արհամարհում ու հեգնում, այլ հանրային կարծիքը, որի հետ ուղղակի պարտավոր է հաշվի նստել: Դա իհարկե, չի նշանակում, թե միայն նման քվեարկությունը պետք է բավարար լիներ «Աննա»-ի նման աղբը եթերից մաքրելու համար: Մանավանդ որ, այն դիտողների շրջանակը քիչ չէ, եւ Հարությունյանը կարող է պատճառաբանել, թե չի կարող հաշվի չառնել նաեւ այդ շերտի ճաշակը եւ սերիալ դիտելու իրավունքը: Խնդիրը տվյալ դեպքում ընդամենը մեկ բանի մեջ է. որքանով է առհասարակ հանրայինը հաշվի նստում հանրային կարծիքի հետ, եւ որքանով է այն ազդում հեռուստաընկերության վարած ծրագրային քաղաքականության վրա:

Ոչ ոք չի կարող ասել, թե զարգացման ինչպիսի ռազմավարություն ունի ներկայիս հանրային հեռուստաընկերությունը, դեպի ուր է գնում, ինչ խնդիրներ է դրել իր առջեւ, ով եւ ինչպես է որոշում ինչ ու ինչպիսի որակի հաղորդումներ պատվիրի, պատրաստի ու հեռարձակի: Գրեթե յուրաքանչյուր ասուլիսի ժամանակ Հարությունյանը հպարտորեն հայտարարում է, թե անճաշակ, ցածրարժեք ծրագրերն ու նախագծերն աստիճանաբար պետք է դուրս մղվեն հանրայինի եթերից` իրենց տեղը զիջելով այնպիսի արտադրանքի, որը նաեւ ճաշակ կձեւավորի ու կրթադաստիարակչական խնդիրներ կլուծի: Նման մի քանի հաղորդում վերջին շրջանում, իհարկե, ստեղծվել է: Սակայն այդ համատեքստում որեւէ կերպ հասկանալի չէ, թե ինչու պետք է ոչ միայն «Աննա»-ի, «Հրեշտակների դպրոցի» նման հոգեգարության հասցնող սադոմազոխիստական նախագծերը դեռ շնչելու հնարավորություն ունենան:

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց այսպիսի սերիալներն են ամենամեծ լսարանն ապահովում, եւ որ դա արվում է ընդամենը գովազդատուների պահանջներին կուլ գնալու եւ հեռուստաընկերությունների միջեւ ծավալված «ռեյծինգային» մրցակցության համատեքստում: Եթե Հանրային հեռուստաընկերության խնդիրը մասնավորների հետ մրցակցելն է, ապա պետք է այդ մասին հայտարարել բաց տեքստով, որպեսզի բոլորը հասկանան` ի վերջո ինչի համար են վճարում, եւ արժե՞ արդյոք հույս դնել այս հեռուստաընկերության վրա, թե՞ ոչ:

Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ