Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս Արցախում նշեցին հանրապետության հռչակման 20ամյակը: Քսան տարիների ընթացքում շատ բան է փոխվել Արցախում. տարբեր բնագավառներում արձանագրվել են ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ բացթողումներ: Ի՞նչ է փոխվել այս երկու տասնյակ տարիների ընթացքում Արցախի լրատվադաշտում, ի՞նչ ձեռքբերումներ ունենք, եւ որո՞նք են բացթողումները: Այս հարցերի շուրջ «Երկիր»-ին պատասխանում են Ղարաբաղի լրատվադաշտի ներկայացուցիչները:
Արցախի հանրային հեռուստատեսության խմբագիր, Հայաստանի հանրային ռադիոյի արցախյան թղթակից Լուսինե Ավանեսյանի կարծիքով՝ 20 տարվա ընթացքում չորրորդ իշխանության դաշտը եզակի էր քանակական հետընթացով. «Մամուլի տպաքանակի անհամեմատելի կրճատում, խորհրդային տարիների ընթերցողների թվի նվազում, հասանելության մակարդակի անկում: Այս ամենն այսօրվա իրականությունն է: Ժանրային առումով տեղեկատության տեղական միակ եթերային աղբյուրը Արցախի հանրային ռադիոն է՝ օրական չորսժամյա եթերաժամով»:
Լրագրողի կարծիքով` խորհրդային տարիներից ակամա փոխանցված ժառանգությունը՝ ինքնագրաքննությունը, կարող է դրական դրսեւորում ունենալ միայն՝ երբ չափավոր է: Հակառակ պարագայում, այլակարծությունը ընդհանրապես չքանում, լավագույն դեպքում՝ թաքնվում է գրվող ու հնչող ենթատեքստերում:
«Արցախում առաջին հերթին կա ոչ թե ֆինանսապես կամ կուսակցական պատկանելությունից ազատ լրատվամիջոցի, այլեւ ինքնազսպվածության կապանքները փշրող լրատվամիջոցի եւ լրագրողների կարիք»,- ասում է Լուսինե Ավանեսյանը: Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի գնահատմամբ՝ հանրապետության լրատվադաշտում խոպան տեղեր շատ կան: «Եթե ավելի պատկերավոր ասեմ` լծկան ունենք, բայց կարծես թե գութան չունենք, որ կարողանանք խոսքի ազատության դաշտը հերկել: Լրատվամիջոցների պակասն իրեն զգալ է տալիս:
Ո՞վ պիտի Ղարաբաղի մասին ճշմարտությունն աշխարհին հասցնի, եթե ոչ առաջին հերթին`տեղական լրատվամիջոցները: Բայց արի ու տես, հայաստանյան հանրային ամբիոններն ենք առայսօր օգտագործում, այն էլ ոչ բոլոր ԶԼՄ-ներով: Մինչեւ Արցախն իր անկախ-ինքնուրույն հեռուստաեթերը, ամենօրյա տպագիր թերթը, էլեկտրոնային պարբերականը չունենա, մնալու ենք «խոպանչու» դերում,- ասում է ԺՄ նախագահը եւ հավելում, որ զարմանալի անհամադրություն է, երբ ԼՂՀ սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում նկատելի առաջընթացի ֆոնին զուգընթաց տեղեկատվական դաշտը հետընթաց է ապրում:
«Ռեգնում» գործակալության արցախյան թղթակից Աշոտ Բեգլարյանի կարծիքով` պետք է հիշել, որ ԼՂՀ ԶԼՄ-ներն այսօր աշխատում են ռազմական դրության պայմաններում: Պատերազմում լրագրողը երկու կրակի արանքում է հայտնվում. նա պաշտպանված չէ ինչպես առաջնային գծում, այնպես էլ թիկունքում: Կյանքի ու մահու պատերազմից զատ ծավալվում է նաեւ խոսքի մարտ. թշնամին հաճախակի է տեղեկատվական-գաղափարական դիվերսիայի դիմում:
«Լրագրողն այդ դեպքում հայտնվում է առավել ոչ շահեկան վիճակում: Ելնելով ռազմական իրողություններից՝ նա չպիտի թշնամու ջրաղացին ջուր լցնի ոչ մի խոսքով, իսկ մասնագիտական պարտքը պահանջում է չլռել այն ամեն բացասականի մասին, ինչ կատարվում է ներքին կյանքում: Այդժամ լրագրողին հաճախ են հիշեցնում, որ լռությունը ոսկի է ոչ միայն նրա համար, ում ձեռնտու է, այլեւ «լռողի» համար»,- ասաց Աշոտ Բեգլարյանը՝ շարունակելով, որ շատերն այդ «լռության» հաշվին կարիերա են ստեղծում. «Այլ խոսքերով՝ օբյեկտիվ իրողությունները, հանգամանքները եւ կոնկերտ անձինք ստիպում են հարմարվել եւ... գրել… Գրել ոչ թե հոգով եւ ուղեղով, այլ առաջնորդվելով միայն ինքնապահպանման բնազդով: Եվ հազվադեպ է ինչ-որ մեկը բացառություն կազմում»:
Մեր զրուցակիցը նաեւ փաստում է, որ ԶԼՄ ազատության ապահովման համար օրենսդրական բազան կա, սակայն իրականում չկան այլընտրանքային ԶԼՄ-ներ, որոնք կարտացոլեին ժամանակակից ղարաբաղյան հասարակության խնդիրների եւ կարծիքների ողջ սպեկտրը:
«Ազատ Արցախ» թերթի լրատվական բաժնի պետ Լաուրա Գրիգորյանի խոսքերով՝ պետության ու պետականության կայացման այս քսան տարիներին մամուլը մեծ պատասխանատվություն է ստանձնել: «Անցած քսան տարիներին մամուլը համընթաց քայլքով ներկայացրել է նորանկախ հանրապետության եւ մեր ժողովրդի կյանքի վերելքներն ու վայրընթացները, ապրել ցավը կորուստների ու բերկրանքը հաղթանակների՝ ծառայելով հայրենաշինության գործընթացին: Հեշտ բան չէր, իհարկե, պահպանել ոճ, ուղղություն, քաղաքացիական կեցվածք… Սպասել, որ կարող են քեզ մեղադրել կողմնակալության մեջ, կամ կարող ես հայտնվել թիրախի դերում»,- նշեց նա:
Արցախի հանրային ռադիոյի լրագրող Բելլա Լալայանն էլ փաստում է, որ տեխնիկապես վերազինվել է արցախցիների համար ամենակարեւոր լրատվամիջոցը՝ հանրային հեռուստատեսությունը, որոշ չափով էլ ռադիոն, բայց իրականում ոչ մի առաջխաղացում, ըստ նրա, չկա: Լրագրողի փաստմամբ, եթե մի քանի տարի առաջ իշխանության կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող թերթ կար, հիմա դա էլ չկա: «Բացի այդ, Արցախի լրագրողները պարփակված են Արցախի սահմաններում, դրսի լրագրողների հետ կապ չկա, ինչը բացասաբար է ազդում լրագրողի մտածելակերպի, գործունեության վրա»,- ասում է լրագրողը:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ