Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայցադիմումը հետ վերցնի, «Հրապարակ» օրաթերթը կմտածի նրանց պատասխանը հրապարակելու մասին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են հայցադիմումը հետ վերցնել, եթե մինչև մայիսի 30-ը պատասխանը հրապարակվի:
Անդրադառնալով խնդրո առարկա հանդիսացած` «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածին, Օհանյանն ասաց, որ իրենք այդտեղ ընդամենը գրել են տեղեկություններ, որոնք տարբեր լրատվամիջոցներում արտատպվում և քննարկվում են: «Լրատվամիջոցի գործը, ի վերջո, հասարակության մեջ եղած խոսակցությունները, լուրերը, բամբասանքները քննարկելը, դրանց մասին լուրեր հրապարակելն է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե լրատվամիջոցն արդյո՞ք չպետք է նախքան ինչ-որ կայքում հրապարակված տեղեկությունները մեջբերելը ճշտի` արդյո՞ք դա լրատվական կայք է, թե՞ ինչ-որ ֆեյք: «Այսինքն` մենք պետք է անեինք մի բան, որ իրենք չե՞ն կարողանում 20 օր անել՝ ամբողջ պետական մեքենայով»,- պատասխանեց Արմինե Օհանյանը:
Նրա խոսքով` շատ վատ պրակտիկա է լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնելը: «Ընդհանրապես, ամոթ է, շատ վատ պրակտիկա է: Ոչ մի պաշտոնյա հաջողության չի հասնում, երբ լրատվամիջոցի դեմ հայց է ներկայցնում, դրանից երբեք ոչ մեկը չի օգտվել»:
Օհանյանը նշեց, որ իրենց լրատվամիջոցի դեմ դատական հայցով փորձում են, լրագրողների աչքը վախեցնելով, այնպես անել, որպեսզի այլևս ոչ մի բացասական հրապարակում չլինի:
Անդրադառնալով հայցվոր կողմի՝ ֆինանսական պահանջ չներկայացնելու դիրքորոշմանը, նա ասաց. «Ֆինանսական պահանջը երկրորդական է, դրանով ավելի մեծ խայտառակություն կլիներ իրենց կողմից, բայց դա էական չէ, ի վերջո, ոչ մի լրատվամիջոցի հաճելի չէ մտնել դատական գործընթացի մեջ, այսինքն` բուն գործը թողած` ընկնել դատական քաշքշուկ մեջ»: