կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 15:46
Հասարակություն

Առանց Ղարաբաղի, ինչպես առանց թթվածնի

Առանց Ղարաբաղի, ինչպես առանց թթվածնի

1992թ. բանաստեղծ Արտեմ Հարությունյանը դարձավ Արցախի առաջին ներկայացուցիչը ԱՄՆ-ում:

Նա շուրջ 2 տարի ԱՄՆ-ում աշխատանքներ է ծավալել հայ համայնքի հետ: Հարությունյանի` ԱՄՆ-ում հայտնվելու առաջին իսկ օրերից էլ նրան է գտնում Կարմիր խաչը եւ առաջարկում գերիների փոխանակում: «Ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջոցով իսկույն գտավ ինձ, իսկ Թուրքիային արդեն իսկ զայրացնում էր Ղարաբաղի` դեսպան ունենալու հանգամանքը»,- պարզաբանեց Ա. Հարությունյանը` հավելելով, որ իր վրա «կցված էր թուրք ագենտ», եւ այդ ընթացքում ինքը շատ սպառնալիքներ է ստացել թուրքերի կողմից:

Նա համագործակցել է նաեւ Հայաստանի դեսպանատան հետ, ինչպես նաեւ տեղի մտավորականների հետ:

yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք եղան ծրագրեր, որոնք չիրագործվեցին, գրողը պատասխանեց, որ շատ հարցեր կիսատ մնացին, և ժամանակը թույլ չտվեց իրագործել դրանք: «ԱՄՆ շատ քաղաքներում չհասցրի լինել, եւ թեկուզ հենց այդ առումով էլ աշխատանքս ինչ-որ չափով կիսատ է մնացել»,- ասաց Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ իրեն հանձնարարված է եղել ամերիկյան ԶԼՄ-ներով ղարաբաղյան շարժման մասին ճիշտ նկարագիր տալ։ Արտեմ Հարությունյանը նշեց, որ սկզբնական շրջանում իր գործունեությունը մեկուսացված էր, քանզի ամերիկահայությունը չէր սպասում, որ այդքան շուտ Ղարաբաղը ներկայացուցիչ կունենա ԱՄՆ-ում: Իսկ ահա քսան տարի անց, գնահատելով Արցախի անկախությունը, Արտեմ Հարությունյանը նշեց, որ Ղարաբաղը վիթխարի ներուժ ունի եւ առանց Ղարաբաղի մենք կզրկվենք թթվածնից:

«Ղարաբաղի ազգային ազատագրական շարժումը ցնցեց ոչ միայն Կովկասը, այլեւ ամերիկահայությանը»,- ասաց գրողը:

Նա շեշտեց, որ Ղարաբաղը սոսկ բառ չէ, եւ նրանք, ովքեր հաց ու պանրից այնկողմ բան չեն տեսնում, հաճախ ասում են, թե մեր ինչին էր պետք Ղարաբաղը:

Ղարաբաղյան շարժումն իր հետքը թողեց նաեւ այդ շրջանի հայ գրականության վրա. այն պոեզիան դարձրեց ընդգծված քաղաքական պոեզիա: Այդ շրջանում Արտեմ Հարությունյանի գրիչը նույնպես քաղաքական ոգի էր ստացել: «Ազգային ազատագրման ընթացքում ստեղծվում էր պոեզիա, որը դառնում է ոչ թե խաղ, այլ «հողի եւ ճակատագրի անցում»,- ասաց գրողը: