կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 19:37
Սպորտ

Ամառային տրանսֆերային պատուհանը փակված է

Ամառային տրանսֆերային պատուհանը փակված է

Տրանսֆերային ամենահետաքրքիր և անկանխատեսելի օրը վերջինն է,  այն ընդունված է անվանել deadline:

Այս ամառ տրանսֆերային ձեռքբերումներն արվում էին` որոշ նկատառումներից ելնելով: Ակումբները գնում էին երիտասարդ ֆուտբոլիստների, խնայելով իրենց գումարները հետագա տարիների համար, քանի որ ՈՒԵՖԱ-ն իր վերահսկիչ թաթը դրել է  առքուվաճառքի վրա, և ակումբներն այլևս չեն կարող հովանավորչական գումարներով ֆուտբոլիստ գնել: Տրանսֆերային շուկայում ամենամեծ գնումը կատարեց «Մանչեսթեր Սիթին» (Սերխիո Ագուերո ` 45 մլն ֆունտ), սակայն հանուն նման ձեռքբերման ստիպված եղան զոհել մարզադաշտի անվանումը:

Անգլիական «Տոտենհեմի» 30-ամյա հարձակվող Պիտեր Կրաուչը տեղափոխվել է համանուն քաղաքի «Սթոք Սիթի» ակումբ: Հարի Ռեդնապի ակումբի ղեկավարության գործարքն արժեցել է 10 մլն ֆունտ ստերլինգ։ Անցած մրցաշրջանում Կրաուչը Անգլիայի առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում և խփել  4 գոլ։

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշը սեփական խնդրանքով հայտնվեց տրանսֆերային շուկայում, իսկ առքուվաճառքի պայմանագիրը կազմվեց 1 ժամում: Կիսապաշտպանը 4 տարով պայմանագիր կնքեց Լոնդոնի «Չելսիի» հետ: Ըստ BBC-ի`  տրանսֆերային արժեքը կազմել է  12 մլն ֆունտ։

Կարմիրների կազմում Մեյրելեշն անցկացրել է  33 հանդիպմում, խփել 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Իսրայելի ազգային հավաքականի ավագ Յոսի Բենայունը 1 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ: 31-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես էր գալիս անգլիական մեկ այլ գրանդում` «Չելսիում», համալրեց «Արսենալի» կազմը: Երեկ Բենայունը շատ մոտ էր «Տոտենհեմ» տեղափոխվելուն, սակայն զինագործների  գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո իսրայելցին միտքը փոխեց:

«Լիվերպուլը» լքեց նաև 29-ամյա կիսապաշտպան Ջո Քոուլը: Ըստ տարածված տեղեկությունների` ֆուտբոլիստը պետք է համալրեր «Ասթոն Վիլայի» կազմը, սակայն Քոուլն, ինչպես յուաքանչյուր նպատակասլաց  ֆուտբոլիստ,  նախընտրեց խաղալ Չեմպիոնների լիգայում և ընտրեց «Լիլը»։

Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն վարձավճարային հիմունքներով  տեղափոխվեց իտալական «Ռոմա»: Վարձավճարի ժամկետն ավարտվելուն պես  ակումբը հնարավորություն կունենա 6 մլն եվրոյով ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

«Ռեալի» կազմում  Իսպանիայի Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Գագոն անցկացրել է  4 խաղ:

Լիսաբոնի «Սպորտինգի» 29-ամյա հարձակվող Հելդեր Պոշտիգան տեղափոխվեց իսպանական «Սարագոսա»: Տրանսֆերային արժեքը կազմել է 2.5 մլն եվրո:

Պորտուգալական ակումբում հարձակվողն անցկացրել է 68 խաղ և դարձել 12 գոլի հեղինակ:

Իսպանական «Մալյորկայի» 24-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ջոնաթան դե Գուզմանը 5-ամյա պայմանագիր է ձեռք բերել «Վիլյառեալի» հետ: Գործարքն արժեցել է 8.5 մլն եվրո:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» չդիմացավ գայթակղությանը և տրանսֆերային պատուհանը փակվելուց մի քանի ժամ առաջ ձեռք բերեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Օուեն Հարգրիվզի տրանսֆերը:

Առայժմ «Սիթին» 30-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է ընդամենը 1 մրցաշրջանի պայմանագիր: Օուենը վերջին 3 տարում վնասվածքներ ստացավ և չէր կարողանում մոբիլիզացվել ո'չ թիմում և ո'չ էլ Անգլիայի ազգային հավաքականում:

Գերմանական «Վոլֆսբուրգի» բրազիլացի կիսապաշտպան Դիեգոն վարձավճարով հանդես կգա  Մադրիդի «Ատլետիկոյում»

Հայտնի է, որ ֆուտբոլիստն անընդհատ տարաձայնությունների մեջ էր թիմի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատի հետ: Այս ամենն այն աստիճան էր հասունացել, որ  Մագատը հրապարակայնորեն հայտարարել էր, որ իր թիմում  Դիեգոն երբևէ չի խաղալու: Ինչևէ, եթե Գերմանիայում չէ, ապա Իսպանիայում հաստատ կխաղա:

Այսպիսով, ավարտվեց ևս մեկ տրանսֆերային պատուհան, իսկ ակումբները գոհ են իրենց ձեռքբերումներից, թե` ոչ, ցույց կտա ժամանակը:

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ