կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 18:29
Հասարակություն

Ադրբեջանը սրիկա է

Ադրբեջանը սրիկա է

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում որոշակի տեղաշարժեր կան, ինչը բանակցային գործընթացի արդյունք է. այսօր «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

 «Մենք ականատես եղանք Հարավային Սուդանի ինքնորոշմանը, իսկ Ադրբեջանի պարագայում ԼՂ-ի ինքնորոշման այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է լինելու»,- նշեց նա եւ հավելեց. «Ադրբեջանը սրիկա է»:

Հարցին, թե բանակցային գործընթացից ԼՂ-ի դուրսմղումը դեսպանը չի՞ համարում բացթողում Հայաստանի կողմից, Տ. Սեյրանյանը պատասխանեց, որ դա Հայաստանի մեղքը չէ, դա պարտադրվել է: «Գուցե բացթողում է, բայց ՀՀ կառավարությունը միշտ ցանկացել է ԼՂ-ն տեսնել որպես բանակցային կողմ»,- մեկնաբանեց դեսպանը:

Անդրադառնալով հայ-չեխական գործարար կապերին` նա հնշեց, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Չեխիայի տնտեսության մեջ` կառուցելով հյուրանոցներ, ռեստորաններ: «Ցավալի է, իհարկե, որ այդ անձինք իրենց կապիտալի ներդնում են ոչ թե իրենց երկրի, այլ Չեխիայի սպասարկման ոլորտում»,- հավելեց դեսպանը:

Իսկ «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի խոսքերով` այդ խնդիրն արդյունք է այն հանգամանքի, որ մեր երկրում բիզնեսն ապահովվագրված չէ: Հայ-չեխական հարաբերությունների զարգացման հարցում էլ կան որոշակի դժվարություններ:

Դեսպանի տվյալներով` Չեխիայում յուրաքանչյուր 4-րդ ավտոմեքենան աշխատում է ադրբեջանական վառելիքով, եւ իրենց խնդիրն է նվազեցնել այդ ազդեցությունը, բացի այդ` հաստատել հայ-չեխական կրթական համակարգերի համագործակցություն:

«Գլաձոր» համալսարանի ռեկտորի խոսքերով` երկու երկրների ուսանողների միջև համագործակցությունը հնարավորություն կտա ցուցադրելու մեր մշակույթը, կրթությունն ու արվեստը. «Հայաստանը շատ բան ունի ցուցադրելու. իզուր չեն ասում, որ այն թանգարան է բաց երկնքի տակ»:

Լուիզա Սուքիասյան