կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-27 11:51
Աշխարհ

Վիշապների պուրակի հաղթանակը

Վիշապների պուրակի հաղթանակը

Այսօր ժամը 17:00-ին Վիշապների պուրակին կից ապրող բնակիչները միջոցառում են կազմակերպելու. նշվելու է պուրակը «փրկելու» տոնը: Օրերս պարզ դարձավ, որ պուրակում նախատեսվելիք բարձրահարկ շենքի կառուցման համար Երեւանի քաղաքապետարանը նախատեսել է այլ տարածք տրամադրել:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ողջ ընթացքում արել է հնարավորը` իր ձայնը բարձր ատյաններում լսելի դարձնելու համար: Նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ հաղթանակի առյուծի բաժինը Նոր Նորքի բնակիչներինն է, քանի որ նրանք դեպքն աննախադեպ դարձրին: «Ասում են` շինարար ազգ ենք, բայց չի կարելի ամեն ինչ կառուցել եւ ամեն տեղ կառուցել»,- ասաց նա` հավելելով, որ որոշ բաներ կախված են նաեւ նոր քաղաքապետից: «Տառապանքս փորձ ունի»,- կես կատակ, կես լուրջ ասաց Արթուրը:

Տոնախմբություն կազմակերպելու նպատակն էլ, ըստ մեր զրուցակցի, այն է, որ կարծիք կա, թե ամեն ինչ «իրենց» ձեռքում է, եւ ոչինչ հնարավոր չէ փոխել: «Դրա համար պետք է մարդկանց հիշեցնել, որ դուք կարող եք հաղթել»,- ասաց Ա. Ավթանդիլյանը:

Այն, որ հաղթանակի առյուծի բաժինը բնակիչներինն է, փաստում են հենց իրենք` նորքեցիները, անընդհատ հիշեցնելով, որ պուրակը հանրությանն է: «Ես իմ մանկությունն եմ պահ տվել այդ այգում եւ ամեն անգամ նրա կողքով անցնելիս հիշել եմ պայծառ ու լուսավոր օրերը, հպարտացել եմ այգով, որ վկայում էր կանաչ ու առողջ քաղաքի մասին, հպարտացել եմ նաեւ վիշապաքարերով, որոնք ապացույց են ազգի ուժեղ ու հպարտ անցյալի»,- ասում է այգուն հարակից շենքի բնակիչներից Էնդին:

Շնորհավորում ենք Նորքի եւ մայրաքաղաքի բնակիչներին հաղթանակի կապակցությամբ, ցանկանում, որ անխնա «կառուցապատումների» եւ մայրաքաղաքի արտաքին տեսքի աղավաղման ու բետոնացման դեմ մյուս ակցիաները եւս պսակվեն հաղթանակով: