Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջ, ավելի ճշգրիտ` չգիտեմ երբ, բայց այն ժամանակ, երբ անկախ համակարգից մարդիկ ապրում էին մարդու նման, քաղաքների փողոցներն անվանակոչվում էին կյանքում որեւէ հետք թողած մարդկանց անուններով: Ընդ որում` խորհրդային շրջանում բոլորովին պարտադիր չէր, որ հետքը դրական լիներ: Բայց, այնուամենայնիվ, հետք էր, ու մարդու անուն էր: Կային նաեւ Ամառանոցային, Անտառային ու նման ուրախ փողոցներ:
Բոլորովին պատահաբար, վերջերս Երեւանում հայտնաբերեցի մի փողոց ու այնպիսի տեղում, որ առանց չափազանցության մի քանի րոպե ապշած նայում էի ու մտածում` երեւի կատակ կամ դրան նման մի բան պիտի լինի: Քաղաքի քարտեզի վրա ճշտելուց հետո` շշմել էի, վստահաբար` թուլամտության հետեւանք դաժանության այն չափից, որ կրում էր այդ անունն իր մեջ` կամա, թե` ակամա:
Աբովյան փողոցում գտնվող ռուսական թատրոնի կողքով Հյուսիսային պողոտա մտնելու դեպքում, նորակառույց ողորկ շենքերից մեկի վրա մեծ ցուցատախտակին գրված էր` «Հին երեւանցու փողոց»: Չեմ կարծում, որ գտնվի մեկը, որ ասի` «հա, ի՞նչ կա որ»: Հենց նշված տարածքում, հենց այն շենքի տեղում, որի վրա դժբախտություն էր ունեցել փակցվել այս ցուցատախտակը, մի քանի տարի առաջ իսկապես հին երեւանցիների տներ էին: Հին երեւանցիներին` ընդունված ամենաանտարբեր ու ամենաանվախ մեթոդներով իրենց տներից հանելուց, քաղաքի արվարձաններով նրանց ցրելուց հետո, նրանց տկար, անօգնակայն ձայնը լռեցնելուց հետո Հյուսիսային պողոտայում` նրանց նախկին տների տեղում իրականում գոյություն չունեցող փողոցն անվանում են Հին երեւանցու փողոց: Սա մոտավորապես նույնն է, եթե, ասենք, Բաքվի Արմենիքենդ թաղամասը հիմա վերանվանեն Հայ-ադրբեջանական բարեկամության թաղամաս, կամ Սումգայիթը հայտարարվի տոլերանտության համաշխարհային կենտրոն:
Հյուսիսայինի տարածքի նախկին բնակիչները, ի վերջո, էլի ապրում են այս քաղաքում. թվով քիչ չեն: Հեռատե՞ս է, արդյոք, այս չափով ու այս լկտիությամբ, ի վերջո, ծաղրի ենթարկել մարդկանց: Չէ՞ որ նրանք էլ էլեկտորատ են ու մի օր պետք են գալու քաղաքի ու երկրի տերերին: Թեեւ ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ սրա մեջ մտածված սարկազմ բացարձակապես չկա, սա, կրկնում եմ, ըստ իս` դասական թուլամտության արգասիք է: Բայց, ընդհանրապես, ամեն հիմնարկում կա մեկ, մեկուկես մտածող մարդ: Անվանակոչման օրը հաստատ դրանք աշխատանքի չեն եղել, ու փողոցը, որտեղ այլեւս հին երեւանցի չկա` բոլորին տեղահանել են, կոչվել է Հին երեւանցու:
Փոխարենն այստեղ կան Հայաստանի մարզերից, Երեւանը շրջանցելով, Սուրգութ, Կալուգա ու ի սփյուռս Ռուսաստանի տեղավորված հայ նախկին գյուղաբնակներ, որոնք սպիտակ սպորտային կոստյումը կոչում են «վիխադնոյ», իսկ սեւը` ամենօրյա: Երեւանի ու առավել եւս հին Երեւանի հետ նրանց առնչությունը թույլ է արտահայտված` առաջին անգամ դպրոցական էքսկուրսիայի տեսքով, հետո՝ ավելի խայտաբղետ:
Պատկերացնո՞ւմ եք, Փարիզի քաղաքապետը թույլ տա Մոնմարտրը քանդեն հիսուն հարկանի շենք կառուցելու համար ու փողոցն անվանեն Le vieux Paris:
Ռուսական թատրոնի շենքի կողքով Հյուսիսային պողոտա մտնելու դեպքում, երբ հասնում ես Հյուսիսային պողոտայի օղակին, որտեղ ուշ ժամերին կրկնվող համարներով մեքենաները վրաերթի ձայներ են արձակում ու դրանով հաստատում իրենց լինելն ընդհանրապես ու գտնվելու կոորդինատը` մասնավորապես, այ հենց այդ մասում երեւում է Տերյանի հնակառույց այն շենքը, որ քանդման ենթակա է, եւ որի բնակիչները՝ իբրեւ բողոքի նշան, պատշգամբներից կախել են SOS, «Գերակա շահ…» պաստառները: Ընդամենը մի րոպե առաջ Հին երեւանցու փողոցը տեսնելուց հետո այդ պաստառի վրա գրվածն ինձ հուշեց մի դառը, բայց իրականությունից ոչ հեռու սեւ հումոր. հաջորդ անվանակոչումը լինելու է Գերակա շահի փողոց, ու ապրելու են այնտեղ երկրի վաղանցիկ, բայց անմոռաց տերերը:
Բոլորովին չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ Աբովյան փողոցը վերանվանվի Լեզվի ինստիտուտի փողոց, իսկ Մոնումենտ տանող ճանապարհը` Երիտասարդական պալատի պողոտա: Քանի դեռ «Երեւան» ՍՊԸ-ն այս կարգավիճակն ունի, բոլորովին չի բացառվում: Գերակա շահի ժամանակներ են…
Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ