կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 20:30
Քաղաքական

Հիմա էլ սրանք...

Հիմա էլ սրանք...

Թուրքական TRT հեռուստաընկերության տարածած հաղորդագրության համաձայն` Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հիմնադրամի հրավերով այդ երկիր են մեկնել հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք հանդիպել են արտաքին գերատեսչության մի շարք պաշտոնյաների, այդ թվում` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններն ու իրադրությունը Կովկասում:

Երբ երկու երկրների խորհրդարանները ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները որոշեցին պահել գզրոցներում, իսկ հարաբերությունների զարգացումն էլ, ըստ էության, կասեցվեց, Թուրքիան սկսեց բանակցելու նոր ձեւաչափեր փնտրել, այս անգամ` հանրությանն ու իշխանություններին համոզելու նպատակադրմամբ: Առաջին թիրախը Սփյուռքն էր, որի հետ Թուրքիան կապեր էր ուզում հաստատել: Իսկ Հայաստանի հետ հարաբերվելու ամենալավ ճանապարհը հասարակական կազմակերպություններն են:

Որո՞նք են այն 5 կազմակերպությունները, որոնք հանդիպումներ են անցկացրել Թուրքիայի վերնախավում, որտեղի՞ց են սնվում, ո՞վ է նրանց լիազորել նման հանդիպումների մասնակցել, եւ, վերջապես, կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկել` հայտնի չէ:

Մեզանում քիչ չեն գրանտակեր կազմակերպությունները, որոնք սնվում են տարբեր երկրներից եւ սպասարկում նրանց շահերը: Նման կազմակերպությունների թեթեւ ձեռամբ, օրինակ, կարող է ամեն տարի շաբաթներով մեր երկրում կազմակերպել ադրբեջանական կամ թուրքական ֆիլմների փառատոներ, ադրբեջաբական մշակույթի պրոպագանդա իրականացնել, դրանց ղեկավարները կարող են հանդես գալ եթերում եւ ափսոսանք հայտնել, որ հայերս ազատագրել ենք Արցախը: Օրինակներ կան: Ի՞նչ կա որ, փող են ստանում, պետք է արդարացնեն գործունեությունը: Գուցե այդ կազմակերպություները միանգամայն բարի մղումներով են կատարում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման իրենց «առաքելությունը», սակայն կարծում ենք` այս պահին ՀԿ-ները չէ, որ պետք է գործեն:

Ամեն դեպքում այն, որ այդ կազմակերպությունների անունները գաղտնի են պահվում թե' մեզ մոտ, թե' Թուրքիայում, արդեն, հանդիպումը պատում է կասկածամտության քողով:

Ի դեպ, ըստ որոշ լուրերի, հենց թուրքական կազմակերպությունն է ընտրել բանակցողների կազմը, որ իրեն ականջահաճո քննարկումներ ընթանան: