կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-15 15:49
Առանց Կատեգորիա

Թուրքիայում "յան" ազգանունով հայեր չեն լինի

Թուրքիայում "յան" ազգանունով հայեր չեն լինի

Նախօրեին Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց 1934թ. ընդունված «ցեղապաշտական» օրենքը, որով Թուրքիայի քաղաքացիներին արգելվում է կրել օտար ազգանուններ: Հետաքրքիր է, որ թեեւ օրենքը հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ, սակայն ընդունված որոշմանը դեմ են հանդես եկել ՍԴ-ի նախագահն ու փոխնախագահը` որոշումը ռասիստական համարելով։ Նշենք, որ օրենքն արգելում է հայերին, քրդերին, ասորիներին, չերքեզներին եւ հրեաներին կրել իրենց ազգային ազգանունները:

Հարցի հետ կապված` մեկնաբանություններ խնդրեցինք թուրքագետ Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ:

- Դեռեւս 1934թ. Թուրքիայի Ազգային ժողովում ընդունվել էր ազգանունների մասին օրենք, որով արգելվում էր ազգանուններում ունենալ հետեւյալ վերջնամասնիկները` յան, իձե եւ այլն, այսինքն` հայկական, հունական, հրեական, վրացական ազգանուններ ձեւավորող վերջածանցները: Հենց այդ ազգանվան մասին օրենքի հետեւանքով է, որ ամբողջ Թուրքիայում փոքրամասնությունները կորցրեցին իրենց ազգանունները եւ վերցրին թուրքական կամ թուրքացված ազգանուններ: Սակայն եղան մի խումբ մարդիկ, ովքեր կարողացան պահպանել իրենց ազգանունները, եւ այսօր էլ, երբ նայում ենք հայ համայնքի ներկայացուցիչների ազգանուններին, տեսնում ենք, որ թեեւ 90 տոկոսը թուրքական է, սակայն 10 տոկոսում կա «յան» վերջածանցը: Սահմանադրական դատարանի այս որոշմամբՙ Թուրքիան ցույց է տալիս, որ իր մտածողության մեջ, հատկապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որեւէ փոփոխություն չի եղել, եւ այն ազգայնական ու ծայրահեղական մտածելակերպը, որ կար 20-րդ դարի սկզբին, շարունակվում է նաեւ այսօր, այն Թուրքիայում, որը 21-րդ դարում է եւ ձգտում է մտնել Եվրամիություն:

- Վերջերս Թուրքիայի խորհրդարանի նախագահ ընտրվեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, նախկին փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, որը հայտնի է իր ընդգծված հակահայ կեցվածքով: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կանդրադառնա այդ հանգամանքը խորհրդարանի աշխատանքների վրա` կապված հատկապես հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հետ:

- Ես կարծում եմ, որ Թուրքիայի այսօրվա քաղաքական համակարգում գրեթե բոլորն էլ նույն մտածելակերպն ունեն եւ գրեթե բոլորն էլ հակահայ են, քանի որ հակահայկական է հենց Թուրքիայի պետական մեքենան, եւ այդ պաշտոնյաներն ուղղակի այդ մեքենայի քաղաքականությունն իրականացնող գործիքներն են: Այնպես որ, ես չեմ ուզում անձերով շատ մեծ բան պայմանավորել, բայց Ազգային ժողովի այս նոր նախագահի անձը ավելի կբորբոքի Ազգային ժողովում հակահայկական տրամադրությունները: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում այն շարունակելու է մնալ նույնը, այսինքն` հակահայկական տրամադրությունները շարունակելու են գերիշխել, ուղղակի այս անձը` Ազգային ժողովի նախագահը, իր կերպարով երբեմն ավելի սրացումներ է մտցնելու:

- Թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն օրերս հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը կաշառել է ամերիկացի պրոֆեսորներինՙ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, ու խոսել էր փաստերի լեզվով: Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը. որոշակի հակաքայլեր արվե՞լ կամ արվո՞ւմ են այդ ուղղությամբ:

- Հայտնի է, որ թուրքական իշխանությունները տարիներ ի վեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարում օգտագործում են մեծ ֆինանսական ռեսուրսներ, որոնք միտված են տարբեր երկրներում գործող գիտնականների կաշառմանը, ինչպես նաեւ հենց իրենց` թուրք գիտնականների գրքերի թարգմանությանն ու տարածմանը ամբողջ աշխարհում: Եվ սա նորություն չէ: Դրա համար Թուրքիայի կառավարության կողմից նաեւ ստեղծվել է հատուկ մարմին, որը պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Ինչ վերաբերում է հակաքայլերին, ապա հայկական գիտական միտքը, ունենալով անհամեմատ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, կարողանում է որոշակի հակահարված տալ, եւ մեր շահեկան կողմն այն է, որ մեր հակահարվածները հենված են իրական փաստերի վրա, իսկ պրոթուրքական կամ հենց թուրքական «գիտական» հրապարակումները շատ հաճախ դուրս են գիտական շրջանակներից, եւ նրանցում ներկայացված փաստերը որեւէ քննադատության չեն դիմանում: Կարծում եմ, որ դա ավելի շատ քարոզչական նպատակ ունի, քան թե գիտական, քանի որ գիտական շրջանակներում այդ հրապարակումները լուրջ չեն ընկալվում:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ